Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չգիտես ինչու՝ դը Գուխտը լավատես է

Հունվար 26,2006 00:00

Չգիտես
ինչու՝ դը Գուխտը լավատես է «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները
պետք է իմաստնություն եւ քաղաքական խիզախություն ցուցաբերեն՝ բոլոր չլուծված հարցերը
Փարիզում փետրվարի 10-ին կայանալիք հանդիպման ժամանակ հաղթահարելու համար»,- երեկ
Երեւանում Վ. Օսկանյանի հետ մատուցած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ գործող
նախագահ, Բելգիայի ԱԳ նախարար Կարել դը Գուխտը: ԵԱՀԿ նախագահը նշեց, որ Հայաստան
եւ Ադրբեջան կատարած իր ընթացիկ այցի գլխավոր նպատակը Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ
Ալիեւի հանդիպման նախապատրաստումն է: ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն իր հերթին հաստատեց,
որ Կարել դը Գուխտի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ կայացած հանդիպմանը գլխավորապես քննարկվել
է Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Կարել դը Գուխտը հայտարարեց, որ Հայաստանի ղեկավարության
հետ իր հանդիպումները որոշակի հիմքեր են տալիս հուսալու, թե երկու երկրների ղեկավարների
առաջիկա հանդիպմանը կհաջողվի հաղթահարել չլուծված հարցերը եւ համաձայնության գալ
կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ: Ըստ ԵԱՀԿ գործող նախագահի, երբ այդ համաձայնությունը
կայանա, ԵԱՀԿ-ն ակտիվորեն կներգրավվի այնպիսի հարցերի լուծման մեջ, ինչպիսիք են խաղաղապահ
գործողության պլանավորումը, վերականգնողական նախագծերը եւ այլն: «Պակաս կարեւոր չէ
հայ-թուրքական սահմանի հետ կապված խնդրի լուծումը: Որքան հասկանում եմ, այս խնդիրն
ունի կարեւոր նշանակություն Լեռնային Ղարաբաղի խաղաղ համաձայնագրի կենսունակությունն
ապահովելու տեսակետից»,- հավելեց Կարել դը Գուխտը: Անդրադառնալով իր եւ ԼՂՀ նախագահ
Արկադի Ղուկասյանի՝ նախօրեին Երեւանում կայացած հանդիպմանը, ԵԱՀԿ նախագահն ասաց.
«ԼՂ-ն ներկայումս չի մասնակցում բանակցություններին, քանզի չունի միջազգայնորեն ճանաչված
կարգավիճակ»: Սակայն, ըստ Գուխտի, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվեն
կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ, Լեռնային Ղարաբաղը կմասնակցի դրան հաջորդելիք
բանակցություններին: Հիշեցնենք, որ հիշյալ հանդիպումից հետո Ա. Ղուկասյանը ԶԼՄ-ներին
հայտնել էր, որ առանց բանակցային գործընթացին ԼՂ-ի մասնակցության՝ հնարավոր չէ լուծել
Ղարաբաղին առնչվող խնդիրները: Պատասխանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին
վերաբերող հարցին, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն իր հերթին հայտարարեց, թե Երեւանը
«մեծ հույս է տածում, որ իրավիճակը կկարգավորվի դիվանագիտական ճանապարհով, եւ իրանական
դոսյեն չի հայտնվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»: «Հայաստանն Իրանի հետ ունի շատ
լավ հարաբերություններ, կառուցվում է Իրան-Հայաստան գազատարը, որը մեծ նշանակություն
ունի մեր էներգետիկ անվտանգության ապահովման համար, Թեհրանի հետ համատեղ մենք իրականացնում
ենք կարեւոր տարածաշրջանային նշանակություն ունեցող մի շարք այլ նախագծեր: Մենք նաեւ
հույս ունենք, որ այդ երկրի հանդեպ չեն կիրառվի տնտեսական պատժամիջոցներ»,-հավելեց
Վարդան Օսկանյանը: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել