Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարող էր ավելի վատ լինել

Հունվար 26,2006 00:00

Քաղաքական գործիչներն ամփոփում են Հայաստանի՝ Եվրոպայի Խորհրդի 5 տարվա անդամակցությունը

ՀՀ իշխանությունները դեռ 1992 թվականին էին դիմել Եվրոպայի Խորհրդին՝ այդ կառույցին անդամակցելու ակնկալիքով: Միայն 9 երկար ու ձիգ տարիներ անց՝ 2001-ի հունվարի 25-ին, Եվրոպայի պալատի առջեւ, որպես ԵԽ լիիրավ անդամի, բարձրացվեց նաեւ Հայաստանի Հանրապետության դրոշը: Հայաստանն արդեն 5 տարի է, ինչ ԵԽ լիիրավ անդամ է: Այդ ընթացքում ի՞նչ է փոխվել Հայաստանում՝ նախեւառաջ ժողովրդավարական զարգացումների ու առաջընթացի իմաստով:

Ըստ ԱԺ «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանի, «Հայաստանում այս տարիների ընթացքում ընդամենը առաջընթացի իմիտացիա է եղել: Ամեն ինչ արվում է՝ ցույց տալու համար, որ առաջընթաց կա, բայց Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ցույց տվեցին, որ ժողովրդավարության այնպիսի կարեւորագույն նախապայմանին վերաբերող հարցում, ինչպիսին է ազատ ու արդար ընտրությունների անցկացումը, ոչ միայն որեւէ առաջընթաց չկա, այլեւ ետընթաց կա: Նույնը վերաբերում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը: Փորձ է արվում ցույց տալ, որ, իբր, ՀՀ-ում մարդու իրավունքները պաշտպանվում են, բայց արդեն այն փաստը, որ Հայաստանում անպաշտպան է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը, ապացուցում է, որ այս ոլորտում եւս ետընթաց կա»: Այդուհանդերձ, կարո՞ղ էր Հայաստանում ժողովրդավարության մակարդակն ավելի ցածր լինել, եթե ԵԽ-ն նրա համար զսպաշապիկ չլիներ: «Կարծում եմ՝ այո: ԵԽ-ն զսպաշապիկի որոշակի դեր կատարել է, որովհետեւ եթե Հայաստանը ԵԽ անդամ չլիներ, իրավիճակն ավելի վատթար կլիներ»,- մեր դիտարկմանը համաձայնեց Վ. Դալլաքյանը:

Որ ԵԽ-ին անդամակցելուց ի վեր ՀՀ վարած քաղաքականությունը ժողովրդավարական ինստիտուտների արմատավորման գործում զուտ իմիտացիոն բնույթ է կրում՝ հաստատեց նաեւ Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, ով ուղիղ 5 տարի առաջ ԵԽԽՎ-ում գլխավորում էր Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը:

Կատարե՞ց Հայաստանն իր այն բոլոր պարտավորությունները, որ ստանձնել էր ԵԽ անդամակցելիս: «Ֆորմալ առումով բոլոր պարտավորությունները կատարել ենք, բայց խնդիրը դա չէ: Մենք իմիտացիա ենք արել, թե պարտավորությունները կատարել ենք, բայց այդ պարտավորությունների էությունից բխող որեւէ փոփոխություն մենք երկրում իրականում չենք կատարել: Այն պատկերացումները, որոնք մենք ունեինք ու ակնկալում էինք ԵԽ-ին անդամակցելիս՝ չեն արդարացել»,- ասաց Հովհ. Հովհաննիսյանը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանի գնահատմամբ, «5 տարին այնքան մեծ ժամանակահատված չէ, որ մենք հսկայական առաջընթաց արձանագրեինք, բայցեւ այնքան քիչ ժամանակ էլ չէ, որպեսզի ասենք, որ ոչինչ չենք հասցրել անել:

Իսկ հասցրել ենք գոնե այնքանը, որ եթե 5 տարի առաջ ասում էինք, թե ԵԽ անդամ ենք, Հայաստանի հասարակության համար դա գրեթե ոչինչ չէր նշանակում, ապա այսօր ԵԽ-ին 5 տարվա անդամակցությունը հասարակական գիտակցության մեջ որոշակի արժեքային համակարգ ու դրանից բխող որոշակի վարվելակերպ է ենթադրում: Հասարակության մեջ արդարության, ժողովրդավարության, օրինականության նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն կա՝ այն իմաստով, որ դրանք ոչ թե վերացական խոսքեր կամ քաղաքական գործիչների բառապաշարի բաղկացուցիչ մաս են, այլ՝ ռեալ իրականություն, որի համար արժե պայքարել»,- եզրափակեց Ս. Սեյրանյանը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել