Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հունվար 26,2006 00:00

«Չենք
համակերպվելու»,- ասում է «Արդարություն» խմբակցության անդամ, ՀԺԿ քարտուղար Գրիգոր
Հարությունյանը Անցած շաբաթվա վերջում «Արդարություն» խմբակցությունը շրջանառության
մեջ դրեց ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին իր առաջարկը: Առայժմ ընդդիմադիրներից
բացի, այլ պատգամավորներ չեն արձագանքել այս նախաձեռնությանը, եւ սպասվում է, որ
հարցը կոալիցիան կփակի արդեն ծանոթ՝ «գյուղական կարգով»: Նախաձեռնության հեղինակներից
մեկը՝ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Գրիգոր Հարությունյանը, ներկայացնելով
կատարված աշխատանքը, ասաց. «Ավելի շատ ժամանակ էր հարկավոր հատկապես ստորագրահավաքի
համար: Մի շարք տեղամասերում մեր կազմակերպած ստորագրահավաքը լուրջ արդյունքի հանգեցրեց,
ընտրողների ճնշող մեծամասնությունը առանց վախենալու իշխանությունների կողմից հնարավոր
հաշվեհարդարից ստորագրեց, որ իրենք չեն մասնակցել հանրաքվեին, եւ ստացվեց մի զավեշտալի
պատկեր՝ այն տեղամասերում, որտեղ իշխանությունները ցույց էին տվել գրեթե հարյուր
տոկոսանոց արդյունք, ընտրողների նույնքան տոկոսն էլ հերքել է այդ տեղեկությունը:
Եվ միայն այս ստորագրահավաքը ցույց է տալիս, թե ինչպիսի ակտիվ «նկարչություն» է տեղի
ունեցել»: Գրիգոր Հարությունյանն այն կարծիքին է, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի
ստեղծումն այս պարագայում ամենաճիշտ ճանապարհն է, քանի որ չի կարելի վստահել դատախազությանը.
«Ծիծաղելի է, որ 2003-ի ընտրությունների հետ կապված այդ նույն դատախազությանը շուրջ
44 գործ ներկայացվեց, սակայն, վերջինս, չգիտես ինչ տրամաբանությամբ, պարզեց, որ դրանցից
ոչ մեկում ոչ մի քրեորեն պատժելի արարք չկար: Հանրաքվեի հետ կապված դատախազության
պահվածքը եւս ցույց է տալիս, որ անիմաստ է այդպիսի կառույցին նյութեր ներկայացնելը:
Մեր ներկայացրած փաստերը եղբայրը եղբոր փոխարեն քվեարկության փաստեր չեն. տեղամասերից
միայն մեկում մենք ունենք փաստեր, երբ ապացուցվում է, որ 1860 ընտրող ունեցող տեղամասում
1500-ից ավելի մարդ ստորագրում է, որ հանրաքվեի չի մասնակցել»: «Արդարության»
ներկայացուցիչը վստահ է, որ ներկայացված փաստերով միայն հնարավոր է հանրաքվեի ժամանակ
կեղծիքներ կատարած հարյուրավոր մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկել: Մենք
նկատեցինք, որ միեւնույն է՝ նման բան ուղղակի չի արվի, ուրեմն ինչի՞ վրա է «Արդարության»
հույսը, մանավանդ՝ անընդհատ ընդդիմությունը պահանջում է քայլեր կատարել, կեղծարարներին
պատժել, գնահատականներ տալ, բայց դա չի արվում, եւ չի բացառվում, որ այս կարգի բաների
հետեւից ընկնելով՝ ընդդիմությունը իրոք բաց կթողնի նոր ընտրությունների նախապատրաստվելու
շրջանը: Գրիգոր Հարությունյանը բոլորովին համակարծիք չէր մեզ հետ եւ նկատեց. «Ընտրություններին
մասնակցելը ինքնանպատակ չէ, եւ եթե ընտրությունները լինելու են այնպիսին, ինչպիսին
էին մինչ այսօր, բնականաբար, հարց է առաջանում՝ իմաստ ունի՞ մասնակցել այդ կարգի
ընտրությունների: Գաղտնիք չէ, որ դասական իմաստով ընդդիմություն-իշխանություն հարաբերություններ
մեր երկրում գոյություն չունեն, եւ դա ընդդիմության մեղքը չէ, ոչ մի երկրում ընդդիմությունը
այսպիսի բռնապետական պայմաններում չի աշխատում, ինչպես մեր երկրում կամ Ադրբեջանում,
ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում: Եվ այս պայմաններում ընդդիմությունը չի կարող
գոյատեւել: Բոլորը խոսքները մեկ արած մեղադրում են ընդդիմությանը, բայց բոլոր այդ
մարդկանցից որեւէ մեկի մտքով չի անցնում խոսել եւ քննադատել երկրի այսօրվա վիճակը:
Մի հասարակ օրինակ բերեմ՝ երբ Ռոբերտ Քոչարյանը մի-երկու քննադատական խոսք ասաց քաղաքապետի
հասցեին, բոլորը գիշատիչների նման հոտն առան եւ հարձակվեցին այդ մարդու վրա: Բայց
արդյո՞ք այդ մարդն էր կազմակերպում հայտնի աճուրդները, գաղտնի՞ք է, որ բոլոր այդ
աճուրդները կազմակերպվում են նախագահականում, ո՞վ է այսօր տիրում Կենտրոնի շինարարությանը՝
նախագահի ամենամոտ շրջապատը: Հեռուստաընկերությունները հենց այսպես եւ ավելի վատ
վարվում են ընդդիմության հետ, քանի որ այսպիսի հրահանգ են ստացել: Ո՞ւր է «Ա1+»-ը
կամ «Նոյյան տապանը»: Այնպես որ, այս պայմաններում ընդդիմություն-դիմություն բանավեճ
չի կարող լինել, առավելագույնը կարող է լինել այլախոհություն»: Իսկ ելքը,
ըստ Գրիգոր Հարությունյանի, հետեւյալն է՝ վերջապես 131 պատգամավորների գոնե կեսը
եթե հետեւողական լինի, երկրում բավականին բան կփոխվի: Մեր հարցին՝ իսկ հավատո՞ւմ
է, որ այդպես կլինի, պատգամավորն ասաց. «Լավ, ենթադրենք ընդդիմությունը դա էլ չի
անում եւ թողնում է քաղաքական պայքարը, հետո՞, ի՞նչ է լինելու, թողնենք երկիրը սրանց
եւ գնա՞նք: Մենք չենք ուզում համակերպվել այս իրավիճակին եւ շարունակելու ենք մեր
պայքարը»: Նկատեց նաեւ՝ փոխանակ իշխանությունները պատժեն կեղծարարներին, որ
հաջորդ ընտրությունները այսպիսին չլինեն. «Հիմա նորից կրկնում են. եթե եւս այսպիսի
մի ընտրություն լինի՝ մենք կորած ենք: Դե, մենք էլ սա նախաձեռնել ենք, որ եւս մի
այսպիսի ընտրություն չլինի, թող բոլորը վեր կենան եւ հրապարակավ հայտարարեն, թե ինչո՞ւ
չեն ուզում ձեւավորել խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով: Մենք գնալու ենք այս
ճանապարհով»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել