Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԳՈՐԾՆ
ՈՒՂԱՐԿՎԵԼՈՒ Է ԴԱՏԱՐԱՆ

Հունվար 26,2006 00:00

Մեկ
շաբաթ առաջ ավարտվել է «Հայլուրի» թղթակից Տաթեւիկ Նալբանդյանի նկատմամբ իրականացված
բռնարարքի գործով նախաքննությունը: Ընդդիմության նոյեմբերի 24-ի հանրահավաքից
հետո կատարված այդ հարձակումից մի քանի օր անց Հ1-ը հաղորդեց, թե լրագրողը սեփական
ուժերով պարզել է իր վրա ձեռք բարձրացրած կնոջը: Սակայն 2005-ի տարեվերջին հրավիրված
ասուլիսում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտնեց, որ թեեւ բռնության այս փաստի
կապակցությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքում հարուցվել է քրեական գործ՝ «Քննության
ընթացքում դեռ ի հայտ չի բերված անձը, որը ենթակա է քրեական պատասխանատվության, եւ
ոստիկանության կողմից ձեռնարկվում են որոնողական աշխատանքներ՝ այդ անձին հայտնաբերելու
ուղղությամբ»: Այս հակասության վերաբերյալ մեր հարցին ի պատասխան Տաթեւիկ Նալբանդյանը
հայտնեց. «Հավանաբար թյուրիմացություն է, եւ չգիտեմ, թե ինչպես բացատրել: Ես իսկապես
դեպքի հենց հաջորդ օրն այդ կնոջը՝ Աննա Բաղդասարյանին ցույց եմ տվել ոստիկաններին:
Եվ հաջորդ օրն իսկ՝ նոյեմբերի 26-ին նրանք անցկացրել են ճանաչում եւ առերեսում»:
Սեփական հետաքննության առնչությամբ էլ պարզաբանեց. «Ես ուղղակի հաջորդ օրը գնացի
հաջորդ հանրահավաքին՝ հույս ունենալով, որ այնտեղ կգտնեմ նրան: Եվ ոչ միայն նրան՝
ես նաեւ հայհոյող կանանց էի փնտրում, քանի որ այդ ամենն արդեն բավական տեւական ժամանակ
է, ինչ շարունակվում է եւ ինձ բավական նյարդայնացրել ու վիրավորել է: Ուզում էի գտնել
նրանց եւ ասել ոստիկաններին, որ սրանք են խուլիգանություն անում, իսկ այս մեկը խփել
է»: Հակասական լուրեր կային նաեւ միջադեպի առնչությամբ՝ մեկ ասում էին, թե
հարձակումն անմիջականորեն Տաթեւիկ Նալբանդյանի նկատմամբ է իրականացվել, մեկ էլ, թե
հարձակվել են նրան ուղեկցողների վրա, Տաթեւիկը փորձել է պաշտպանել եւ արժանացել հարվածի:
«Իրականում երկրորդ տարբերակն է ճշմարտությունը,- ասաց թղթակիցը:- Երկու անչափահաս
երեխաներ՝ մի տղա եւ մի աղջիկ, այդ հանրահավաքի ընթացքում զրուցում էին ինձ հետ ու
հետեւում այդ ագրեսիվ կանանց բոլոր գործողություններին: Նրանք հետո ինձ ուղեկցեցին
մինչեւ մեր մեքենան՝ պաշտպանելու համար, ու նաեւ խնդրեցին, որ իրենց էլ մեզ հետ տանենք
մինչեւ գործկոմի շենք: Տղան նստեց մեքենան, աղջիկը պատրաստվում էր նստել՝ այդ կինը
հարձակվեց նրա վրա՝ ասելով. «Լրբի լակոտ, դրա շեստյորկե՞քն եք», եւ խփեց աղջկան:
Տղան նետվեց իր ընկերուհուն պաշտպանելու, եւ տեսա, որ երեխաները խփում են այդ կնոջը՝
նրանից պաշտպանվելու համար, կինն էլ՝ նրանց: Ես էլ դուրս եկա մեքենայից, փորձեցի
բռնել այդ կնոջ ձեռքը եւ հարվածը, որ ուղղված էր այդ աղջկան՝ բաժին հասավ ինձ: Այդ
կինը հիմա էլ է պնդում, թե չի ունեցել ինձ խփելու մտադրություն: Բայց նաեւ ճիշտ է
այն, որ ինքն այդ երեխայի վրա հարձակվեց իմ պատճառով»: Ի դեպ, հանրահավաքի
ընթացքում «Հայլուրի» թղթակցին պաշտպանելու փորձեր է արել նաեւ Արշակ Սադոյանի ղեկավարած
ԱԺԴ կուսակցության երիտասարդական կառույցի ղեկավար Կարեն Վարդանյանը: «Նա հանրահավաքի
ընթացքում կանգնած էր հարթակի ու հավաքվածների արանքում եւ տեսնում ու լսում էր այդ
կանանց հայհոյանքները,- պատմեց Տաթեւիկ Նալբանդյանը:- Փորձեր արեց սաստել, կարգի
հրավիրել նրանց՝ ասում էր, որ չօգտագործեն նման բառեր: Ինձ էլ ասում էր. «Տիկին Տաթեւիկ,
ես երաշխավորում եմ Ձեր անվտանգությունը», քանի որ տեսնում էր այդ կանանց ագրեսիվությունը,
հնչող հայհոյանքներն ու սպառնալիքները: Բայց այդ կանանցից մեկը նրա գլխին էլ թեթեւ
հարվածեց ու ասաց. «Պահ, դո՞ւ ով դառար, որ երաշխավորես դրա անվտանգությունը»: Քանի
որ Աննա Բաղդասարյանը ՀԺԿ անդամ է, հետաքրքրվեցինք, թե Ստեփան Դեմիրճյանը որեւէ կերպ
արձագանքե՞լ է կատարվածին. «Հաջորդ օրը՝ նոյեմբերի 25-ին, երբ դեռ չէի գտել այդ կնոջը
եւ հայտնի չէր, թե ով է նա, բայց արդեն հայտնի էին դարձել դեպքի մանրամասները՝ հանդիպեցի
Ստեփան Դեմիրճյանին: Նա ասաց, որ շատ ցավում է կատարվածի համար: Հարցրեց մանրամասները,
թե ինչպես է եղել: Նույնիսկ ասաց, թե հուսով է՝ չեմ ենթադրում, որ որեւէ առնչություն
ունի իրենց հետ: Ի դեպ, այդ կնոջ ՀԺԿ անդամ լինելու մասին ես տեղեկացել եմ միայն
մամուլից՝ ինքս իսկապես չգիտեմ, թե արդյոք նա որեւէ կուսակցության անդա՞մ է»: Գործի
նախաքննությունն ավարտված է: Ըստ Տաթեւիկ Նալբանդյանի՝ մեկ շաբաթ առաջ իրեն հրավիրել
են ոստիկանություն եւ ասել այդ մասին: Շուտով կպարզվի նաեւ դատական քննության օրը:
Այս ընթացքում Տաթեւիկ Նալբանդյանը ենթարկվեց 3 ժամ տեւած դիմածնոտային վիրահատության
եւ առայժմ չի աշխատում. «Իրականում դա լուրջ ու ծանր վիրահատություն էր. կոտրվածքները
կպցնելու համար պիտի կտրտեին եւ այլն: Հիմա էլ դեռ լրիվ վերականգնված չէ, եւ բժիշկը
գտնում է, որ ապաքինման մասին կարելի է խոսել 6 ամիս հետո, իսկ լիակատար ապաքինման
մասին՝ միայն 1 տարի հետո»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել