Լրահոս
Օրվա լրահոսը

Մոցարտի

Հունվար 25,2006 00:00

Մոցարտի հոբելյանը Կոմպոզիտորին նվիրված միջոցառումների ժամանակ նրա որոշ ստեղծագործություններ 21-րդ դարում կհնչեն առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 2006-ը հայտարարված է Մոցարտի տարի՝ ի պատիվ ավստրիացի մեծ կոմպոզիտորի ծննդյան 250-ամյակի: Ինչպես տեղեկացրել էր «Առավոտը», Հայաստանում այդ նախաձեռնությանը առաջինն արձագանքեց Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի դոցենտ Արամ Թալալյանը: Երեկ Ժուռնալիստների միությունում հրավիրված ասուլիսում արվեստագետը, «Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական ղեկավար Լեւոն Իսկենյանը եւ «Կոմիտաս» կվարտետի տնօրեն Արման Պադարյանը տեղեկացրին, որ մոցարտյան տարվա առաջին համերգը կկայանա հունվարի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Արամ Թալալյանը տեղեկացրեց, որ կայանալիք համերգին ընդգրկել են Մոցարտի հատկապես այն ստեղծագործությունները, որոնք առավել հազվադեպ են հնչել Հայաստանում: Օրինակ, Դաշնամուրային սոլ մինոր կվարտետը, ըստ բանախոսի, մեզանում չի հնչել վերջին կես դարի ընթացքում: Լ. Իսկենյանն էլ նշեց, որ կամերային երաժշտությունը Հայաստանում զարգացնելու համար վերջերս իրենց միությունում ստեղծվել է «Նարեկացի» կամերային երաժշտության ընկերությունը, որի գեղարվեստական ղեկավարն է Արամ Թալալյանը: Ընդ որում՝ ընկերությունն իր ծանրակշիռ դերը կունենա ոչ միայն այս համերգին: «Մոցարտի ստեղծագործությունների կատարմամբ հանդես կգան «Լինոս» լարային կվարտետն ու, բնականաբար, «Նարեկացի» կամերային երաժշտության ընկերության անդամ երաժիշտները»,- հայտնեց պրն Իսկենյանը: Կազմակերպիչները վաղօրոք տեղեկացրին, որ այս տարվա 2-րդ կեսին Մոցարտի հոբելյանին զուգահեռ կնշեն նաեւ Շոստակովիչի ծննդյան 100-ամյակը: Նաեւ հավաստիացրին, որ երեւանյան համերգներից զատ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները հնարավորություն կունենան լսելու մարզերի արվեստասերները: Ընդ որում, մարզային համերգները կսկսվեն ապրիլ ամսից: «Հուսով ենք, որ մարզպետները հավանաբար մոռացած չեն լինի Մոցարտի ու Շոստակովիչի անունները, եւ երբ առաջարկենք համերգներով հանդես գալ իրենց մոտ՝ նրանք կաջակցեն մեզ»,- ասաց Ա.Պադարյանը: Շարունակելով միտքը՝ նա նշեց, որ ժամանակին եղել են դեպքեր, երբ մարզպետներից ոմանք հրաժարվել են համերգներին աջակցել, ասելով, օրինակ, որ Մոցարտը Ապարանից չէ: Լ. ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել