Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՁ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ԷՐ ՍՊԱՌՆՈՒՄ»

Հունվար 25,2006 00:00

«ԻՆՁ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ԷՐ ՍՊԱՌՆՈՒՄ» Հարցազրույց Հայաստանից հեռացած նուդիստի հետ «Առավոտը» մեկ անգամ արդեն պատմել է հայ նուդիստի մասին, որին պայմանականորեն Էրիկ էինք անվանել: Հիշեցնենք, որ նա արվեստագետ է, մասնագիտությամբ ռեժիսոր: Էրիկը փորձում էր Հայաստանում նուդիստական ակումբ հիմնել: Այժմ նա ԱՄՆ-ում է հայտնվել իր նկատմամբ պարբերաբար կրկնվող հետապնդումներին եւ ֆիզիկական հաշվեհարդարին վերջ դնելու նպատակով: – Ինչո՞ւ չգրանցեցիք ձեր նուդիստական կազմակերպությունը, ի՞նչ եղավ ձեր ակումբի հետ: – Երբ հարց բարձրացավ մեր ասոցիացիան օրինականացնելու՝ լուրջ խոչընդոտների հանդիպեցի, եղան մինչեւ անգամ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքները, արդյունքում հայտնվեցի ԱՄՆ-ում: Մեզ չգրանցեցին, առանձնապես չպատճառաբանեցին, թե ինչո՞ւ: Ես վախենում եմ կոնկրետացնել, թե ում կողմից էին հետապնդումները…Երեւի սխալվել էի՝ այսքան շուտ օրինականացման խնդիր բարձրացնելով: – Հետաքրքիր է, այսօր մոտավորապես քանի՞ նուդիստ կա Հայաստանում: – Իմ հաշվարկներով Երեւանում՝ մոտ 100: Մարզերից ոչ մեկի չեմ ճանաչում: Դրանք կիրթ, զարգացած մարդիկ են՝ արվեստագետներ, ֆիզիկոսներ, ինժեներներ, նկարիչներ, երաժիշտներ… Մեկնումիցս առաջ էլ մի զույգի հետ ծանոթացրին, կինը՝ շուկայում վաճառող էր, ամուսինը արհեստավոր: – Ի վերջո ի՞նչ ասել է նուդիզմ: Ձեր կարծիքով ինչո՞ւ Հայաստանում նուդիզմին լավ չեն վերաբերվում, ոմանք էլ, օրինակ, նուդիզմը աղանդ են համարում: – Նուդիզմը կրոնի հետ կապ չունի, թեեւ ԱՄՆ-ում կան նաեւ քրիստոնյա նուդիստներ: Նուդիզմը չպետք է խառնել կրոնի հետ, բայց պետք է մաքուր լինել Աստծո առաջ: Եթե մերկությունը դիտվում է որպես սեռական գործողության առիթ, եթե մարդ ներքուստ մաքուր չէ, ապա նուդիզմը նա ընկալում է որպես ահավոր երեւույթ՝ նրա մեջ տեսնելով սատանություն, Սոդոմ եւ Գոմոր: Այսինքն՝ պրոբլեմը տվյալ մարդու, ոչ թե մերկության մեջ է: Շատերն իրենց էությամբ եւ արարքներով ավելի անառակ են, թեեւ հագնված են, քան այն մարդիկ, ովքեր գաղտնի հավաքվում են թեյ խմելու կամ քաղաքականությունից, արվեստից խոսելու: – Ինֆորմացիա ունե՞ք՝ վերջին 20 տարիներին նուդիստներ եղե՞լ են ավանդապահ Հայաստանում: – Այո, իհարկե: Դեռ խորհրդային տարիներին նրանք ստիպված գնում էին Սեւ ծով, Ղրիմի կողմերը, որտեղ կային վայրի լողափեր: Կոմպոզիտորների շրջանում էլ կան այդպիսի մարդիկ, ուղղակի հասկանալի պատճառով չեմ ուզում անուններ տալ, որովհետեւ նրանք հիմա հայտնի անուններ են: – Ինչպե՞ս են ապրում նուդիստները ԱՄՆ-ում: – Եթե նուդիզմը այստեղ ընդունվում եւ չի հալածվում, դա չի նշանակում, որ կարող ես ցանկացած տեղ մերկ երեւալ: Քեզ կբռնեն եւ բանտ կտանեն, որովհետեւ դու պարտավոր ես հարգել այն մարդկանց կարծիքը, ովքեր մերկությանը այլ կերպ են վերաբերվում: Այնտեղ, որտեղ ներկայումս ես ապրում եմ, կա անտառ, որտեղ նուդիստական ակումբ է գործում: Մենք շաբաթը 1-2 անգամ հավաքվում ենք այդ անտառում: Այստեղ Նատուրիստների ու նուդիստների ասոցիացիա կա, որը համագումարներ, սեմինարներ է անցկացվում: Երբ ամեն ինչ հանդարտվի՝ ես կվերադառնամ Հայաստան, ուր իմ ակումբը թեեւ ոչ լեգալ, բայց գոյություն ունի: Մեկնելուց առաջ Հայաստանում մի փակ սեմինար անցկացվեց, որին 2 տասնյակի չափ նուդիստ մասնակցեց: Հրավիրված էին այն մարդիկ, ում գոնե 6-7 տարի ճանաչում էի: Սեմինարին քննարկվող առաջնային հարցերն էին՝ որտեղի՞ց է գալիս նուդիզմը, ի՞նչ դեր կարող է ունենալ երեւույթը հասարակության մեջ, ինչպե՞ս պաշտպանվել այն մարդկանցից, ովքեր նուդիզմի քողի տակ այլ նպատակներ են ուզում իրագործել: Ցուցադրվեցին ԱՄՆ-ից ու Եվրոպայից բերված ֆիլմեր, որտեղ ոչ նուդիստ հոգեբանները ճիշտ եւ մասնագիտական գնահատական էին տալիս նուդիզմին: Ունեինք նուդիստ թարգմանչուհի, որ անգլերենից թարգմանում էր ֆիլմը: Թեստեր էլ բաժանվեցին ներկաներին, որոնց հարցերի պատասխաններից շատ բան է կախված: – Իսկ ի՞նչ տարիքի էին սեմինարի մասնակիցները: Կանա՞յք, թե՞ տղամարդիկ էին գերակշռում: – Մասնակիցներից ամենակրտսերը 21 տարեկան էր, ամենաավագը՝ 54, մեծամասնությունը կանայք էին: 20-ից միայն 5 հոգին չմերկացավ: Ես սեմինարը մերկ էի վարում, որովհետեւ առաջին օրինակը ինքս պետք է լինեի: Հաճելի սեմինար էր, շատ ոգեւորվեցի, դրա համար էլ մի քիչ շտապեցի՝ մտածելով, որ արդեն հասունացել է մեր ասոցիացիան գրանցելու ժամանակը: Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում թղթին սեւով սպիտակի վրա գրված է, թե իբր ազատություն է տրված ընտրության, մինչդեռ մարդիկ, ովքեր հսկում են այդ օրենքները, իրենց ճիշտ տեղում չեն: Ընդհանրապես վերջին 10 տարում Հայաստանում ոչ մեկն իր տեղում չէ: Օրենքներն այլ բան են ասում, կյանքում այլ բան է կիրառվում: Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել