Լրահոս
Օրվա լրահոսը

Մի վախեցեք խելացի կանանց հետ մրցակցել

Հունվար 25,2006 00:00

Մի վախեցեք խելացի կանանց հետ մրցակցել Տղամարդկանց կոչ է անում «40+» հ/կ նախագահը Նորություն չէ, որ Հայաստանում այսօր աշխատանքային իրավունքի ոտնահարման զոհ են դառնում թե տղամարդիկ, թե կանայք: Համեմատաբար արտոնյալ պայմաններում են երիտասարդ տարիքի տղամարդիկ ու կանայք, եթե, իհարկե, վերջիններս համապատասխանում են 90-60-90 չափերին, ունեն բարձրագույն կրթություն, տիրապետում են օտար լեզվի ու համակարգչի: Այս չափերին համապատասխանող կանանց տարբեր հայտարարագրերով գործատուները հրավիրում են աշխատանքի, մասնավորապես՝ մատուցող, հեռախոսավարուհի, գործավար, անգամ հավաքարար: Առավել անելանելի վիճակում են 40-ից բարձր կանայք, որոնց իրավունքները պաշտպանելու նպատակով 2005-ից գործում է «40+» հասարակական կազմակերպությունը: Ըստ կազմակերպության նախագահ Սեդա Մալերյանի՝ հիմնախնդիրը մեր ազգի համար ունի ռազմավարական նշանակություն. «Մենք չունենք որեւէ քաղաքական նպատակ, չենք ուզում դառնալ պատգամավոր կամ քաղաքական գործիչ: Մեր նպատակն է բարձրացնել աշխատանքի իրավունքի խնդիրը, իրազեկել կանանց իրենց իրավունքների մասին եւ հարցը լուծել օրենսդրական դաշտում»,- ասում է նա: Ըստ կազմակերպության նախագահի՝ օպտիմալացման անվան տակ, կադրային ջարդի հետեւանքով ավելացել է գործազուրկ կանանց քանակը: 40-ից բարձր տարիք ունեցող կանայք, եթե անգամ ունեն աշխատանք, ապա, ըստ նրանց դիտարկումների, ստեղծված են աշխատանքային այնպիսի պայմաններ, որոնցով խաթարվում են իրենց իրավունքները: Նախ՝ 12-ժամյա աշխատանքային օր, ցածր աշխատավարձ, արժանապատվության ոտնահարման պայմաններ: Կանայք դիմակայում են, որովհետեւ գործատուն հաճախ հիշեցնում է. «Գոհ եղիր, որ աշխատանք ունես: Քո տարիքում աշխատանքի չեն ընդունում»: Անտեսվում է այն, որ 40-ից բարձր տարիքում գործ ունենք ամբողջությամբ ձեւավորված մասնագետի, հուսալի գործընկերոջ, խելացի աշխատակցի հետ, որն իր աշխատանքային փորձը կարող է փոխանցել երիտասարդ աշխատակիցներին: Ըստ հ/կ-ի նախագահի՝ 40-ից բարձր տարիք ունեցող այս տեսակի կանայք դուրս են մնում նաեւ աշխատաշուկայի մրցույթից: «Մեր օրենսդիր մարմնում հանգստացող պատգամավորները ընտրությունից ընտրություն են հիշում եւ հարգում կանանց, 80-90 տարեկաններին տանում անգամ ընտրատեղամաս, որ իրենց ձայն տան: Այդ ձայների շնորհիվ մտնում են խորհրդարան՝ մոռանալով նրանց համար համապատասխան օրենքներ մշակել»,- ասում է «40+»-ի նախագահը: «Առավոտի» այն հարցին, թե որքա՞ն դիմումներ են ստացվել եւ ի՞նչ բնույթի են դրանք, Մալերյանն ասաց, որ ստացել է 13 դիմում (դրանից մեկը, օրինակ, 47-ամյա կնոջ բողոքն է, որին աշխատանքից ազատել են տարիքի կապակցությամբ՝ փոխարենն ընդունելով 28-ամյա օրիորդի): Մյուս դիմումն առնչվում է կնոջը բնակության վայրի գրանցումից ապօրինի կերպով դուրս գրելուն: Մնացածները հիմնականում աշխատանքի վերականգնման, աշխատավարձի վճարման հարցերով բողոքներ են: Ն. ՎԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել