Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը նեղացել են ռուսներից

Հունվար 25,2006 00:00

Հայերը նեղացել են ռուսներից Պատճառը գազի գնի թանկացումն է «Այս պահի դրությամբ քաղաքապետի պաշտոնանկության խնդիրը չկա: Միեւնույն ժամանակ ուզում եմ նշել, որ հողերի աճուրդների հետ կապված որոշ խնդիրներ, այնուամենայնիվ, կան: Այժմ հանգամանքներ են ուսումնասիրվում այդ գործի հետ կապված եւ դրանից հետո գուցեւ լինի»,- երեկ այսպես պատասխանեց նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն «Առավոտի» այն հարցին, թե Երեւանի քաղաքապետարանում անցկացրած երկու խորհրդակցություններում Ե. Զախարյանին արված նախագահի կոշտ դիտողություններն արդյո՞ք նշան չեն այն բանի, որ քաղաքապետը պաշտոնանկ է արվելու: Իսկ մեր այն հարցին, թե այլ կադրային փոփոխություններ սպասվո՞ւմ են, խոսնակը պատասխանեց իր հեղինակած մի հետեւությամբ. «Որքան ես եմ ուսումնասիրել, 2000թ. երկրորդ կեսից սկսած նախագահի բոլոր ասուլիսներում այդ հարցը եղել է, թե վարչապետը պաշտոնա՞նկ է լինելու, կառավարությունը փոխվելո՞ւ է: Կարծում եմ, ես պատասխանեցի Ձեր հարցին»: Վ. Սողոմոնյանին ուղղված հարցերի հիմնական մասը կապված էր գազի գնի, ՀՀ եւ ՌԴ նախագահների՝ այս մասին բանակցությունների արդյունքին: Տարբեր հարցերի հավաքական պատասխանն այսպիսին էր. «Չեմ կարող ասել, թե գնային ինչ տարբերակներ են քննարկվել, բայց հստակ է, որ գազի համար նախնական առաջարկված գինը չի լինի: Վերջնական պայմանավորվածությունը ձեռք կբերվի փետրվարի կեսին: Հանդիպումը փակ է եղել եւ ես չգիտեմ, Իրան-Հայաստան գազամուղի բաժնեթղթերի հետ կապված ՌԴ նախագահը վերջնագիր ներկայացրե՞լ է, թե՞ ոչ, բայց արդեն ասել եմ, որ Հայաստանը նման առաջարկ չի ընդունել: Այստեղ միայն մի անհանգստություն ունենք՝ գների բարձրացման ողջ այս գործընթացը հասարակության մեջ բացասական վերաբերմունք է ստեղծում Ռուսաստանի՝ մեր ռազմավարական խոշոր գործընկերոջ նկատմամբ, ինչի հետ պետության վերաբերմունքը կապ չունի»: «Առավոտի» հարցին, թե որքանո՞վ է տեղյակ նախագահը Բուզանդի փողոցի իրացման գործընթացին եւ ինչպիսի՞ վերաբերմունք ունի դրա մասին, Վ. Սողոմոնյանը պատասխանեց. «Որքան գիտեմ, այդտեղ ինչ արվել է օրենքի սահմաններում: Այլ հարց է, որ խնդիրը քաղաքականացվել է որոշ գործիչների կողմից»: Նկատենք, որ բոլոր վտարված քաղաքացիներն անխտիր բողոք-նամակներով դիմել են նախագահին, որտեղից նամակներն ուղարկվել են Երեւանի քաղաքապետարան՝ ուսումնասիրության: Անցյալ տարի նախագահը Ե. Զախարյանին հանձնարարեց՝ չխառնվել իրացվող տարածքի գնորդի եւ սեփականատիրոջ գործերին, ինչը չկատարվեց: Իսկ այս տարվա խորհրդակցությանը իրացման գործընթացի մասին խոսք անգամ չեղավ: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել