Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱԼԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈ՞Վ, ԹԵ՞ ԱՆՓԱՍՏԱԹՈՒՂԹ

Հունվար 25,2006 00:00

ԹԱԼԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈ՞Վ, ԹԵ՞ ԱՆՓԱՍՏԱԹՈՒՂԹ Մարմաշենի տարածքով անցնող չուգունե ջրագծերը գայթակղել են որոշ պաշտոնյաների Առիթն օգտագործելով, որ երկրաշարժից հետո Մարմաշեն գյուղի տեխնիկական ջրագծերը չեն գործում, եւ կարծես թե տեր-տիրական չունեն, Շիրակի մարզի որոշ պաշտոնյաներ իրենց իրավունք էին վերապահել՝ քանդել դրանք: Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանի պատմելով՝ դեռեւս 15 օր առաջ «Շիրակի Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի նորանշանակ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը իրենից հետաքրքրվել էր ջրագծերի մասին եւ դիմել էր ապամոնտաժման հարցով: Գյուղապետն էլ, «ի նկատի ունենալով» այն փաստը, որ ջրագծերն անցնում են մոտ 110-115 սեփականատերերի հողամասերով, «խիստ» պահանջ էր դրել՝ կնքել պայմանագրեր վնասի փոխհատուցման համար ու ներկայացնել ապամոնտաժումը թույլատրող համապատասխան իրավական փաստաթղթեր: Ըստ գյուղապետի՝ Ջրմուղի փոխտնօրենն էլ խոստացել էր երկու օրվա ընթացքում հարցերը լուծել, ավելին՝ նույն պահանջով գյուղապետը առիթ էր ունեցել երկու անգամ հանդիպել Ջրմուղի պաշտոնյային: Սակայն օրերից մի օր, երբ գյուղապետը երկու ժամով մեկնել էր հարեւան գյուղ՝ իր համայնքին հատկացվող օգնության ալյուրը բերելու, տարբեր պաշտոնյաներ զանգել են վերջինիս ու հետաքրքվել, թե ի՞նչ է կատարվում տվյալ ջրագծի վրա եւ ո՞վ է հեղինակը: Գյուղապետի ասելով՝ ինքը շտապ վերադարձել է Մարմաշենի ռեստորանին ու Գյումրի-Ամասիա ճանապարհին հարակից այդ տարածքը ու պահանջել է դադարեցնել ապամոնտաժման աշխատանքները: Նա նաեւ դիմել է Ախուրյանի ներքին գործերի բաժին, որի միջամտությունից հետո դադարեցվել են ապամոնտաժման աշխատանքները: Սակայն քանդող բրիգադը հասցրել էր ապամոնտաժել 20-25 մետր, եւ, ինչպես վկայեցին գյուղացիները՝ փորելով վնասել էին սեփականատերերից մեկի հողատարածքը: Մարմաշեն կատարած մեր այցի ժամանակ տվյալ տարածքից փորող տեխնիկան դեռեւս հեռացված չէր եւ այնպիսի տպավորություն էր, թե ապամոնտաժման աշխատանքներին խանգարում են միայն ձյան առատ տեղումները: Թեեւ գյուղապետի ասելով՝ այն չեն հեռացրել ներքին գործերի բաժնի պահանջով, մինչ որ պարզեն ջրագծերի իսկական պատկանելությունը: Ի դեպ, դա պարզելու խնդրանքով գյուղապետը գրավոր դիմում էր ուղղել մարզպետարան ու կառավարություն, սակայն մինչ օրս պատասխան չէր ստացել: Նրա տեղեկությամբ, 2001-ի կառավարության 54 որոշմամբ՝ «այն օբյեկտները, որոնք դուրս են գտնվել համայնքի սեփականության գույքի ցանկից, պատկանում են այն համայնքին, որի վարչական տարածքում են տեղակայված»: Մեր ուսումնասիրությունների ընթացքում կառավարության 54 որոշման մեջ նման կետի չհանդիպեցինք, իսկ 1997-ին ընդունված թիվ 51 որոշմամբ, որը համայնքների սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին է, սոցիալ-կենցաղային նշանակության շինությունների, բնակելի ֆոնդի եւ այլնի հետ համատեղ Մարմաշենին անցնում են ներհամայնքային նշանակության ջրամատակարարման եւ ոռոգման համակարգերը: Այստեղ եւս չօգտագործվող ջրագծերի՝ համայնքին պատկանելու մասին խոսք չկար: Համապատասխան փաստաթուղթ խուսափում են ցույց տալ նաեւ Ջրմուղի ներկայացուցիչները: Ընկերության փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը մոտ 15 օր առաջ տեղական հեռուստաալիքներից մեկով «պարզաբանեց» ապամոնտաժման պատճառները՝ ասելով, որ այն գտնվում է իրենց հաշվեկշռում եւ հանվում է ընկերության կարիքները հոգալու համար: «Առավոտի» այն հարցին, թե կարո՞ղ է փաստաթղթով հիմնավորել իր հայտարարությունը, փոխտնօրենը պատասխանեց. «Թող տնօրենը փաստաթուղթը տա՝ ես էլ ցույց տամ»: Մեկշաբաթյա մեր փնտրտուքների ընթացքում տնօրեն Վարդան Հովսեփյանին հանդիպել չհաջողվեց: Մարզպետարանի մեր լավատեղյակ աղբյուրներն էլ շտապեցին հաղորդելու, որ մի քանի ամիս առաջ «Ջրմուղկոյուղու» նախկին տնօրեն Վարդան Մարտիրոսյանին կատարած իրենց հարցմանը ի պատասխան, նախկին պաշտոնյան գրություն է ուղարկել, որ հիշյալ ջրագիծն իր կառույցի հաշվեկշռից վաղուց դուրս է եկել: «Ես չեմ ասում, թե չապամոնտաժվի, վաղ թե ուշ դա պիտի արվի, բայց թող պետական մակարդակով լինի: Հետո էլ մեր գյուղը հսկա կարիքների մեջ է, չունի մանկապարտեզ, կուլտուրայի տուն, գյուղապետարանի շենք, դպրոցը կարիք ունի վերանորգման, չկա մի տարի, որ կարկուտ կամ էլ երաշտ չլինի: Եթե մեր հարստությունը տանք ուրիշին՝ առնվազն հիմար կլինենք»,- ասաց գյուղապետը՝ անհանգստանալով, թե ո՞ւր է «գնալու» խողովակաշարից ստացված գումարը: Ջրագծերի շինարարներից մեկը մեզ տեղեկացրեց, որ այն կառուցվել է 1969թ-ին եւ Կապսի ձորով, Վահրամաբերդով, Մարմաշենով հասնում է Գյումրի, չուգունե ամեն մի խողովակը 3,5 տոննա է, տեղ-տեղ՝ հինգ մետրանոց է, տեղ-տեղ էլ՝ 10-12: Չուգունի մեկ տոննայի արժեքն էլ միջազգային շուկայում 200-250 դոլար է: Իսկ Մարմաշենով անցնող ջրագծերը, ըստ գյուղապետի, 2,5 կիլոմետր երկարություն ունեն: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել