Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐՀՆԱԾԻՆ

Հունվար 25,2006 00:00

ՕՐՀՆԱԾԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ «Մենք կարծում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը բոլոր վիճելի հարցերը պետք է կարգավորեն քաղաքական, դիվանագիտական ճանապարհով: Հարցի ռազմական լուծումը հեռանկար չունի»,- երեկ Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը: Իվանովը չի բացառել ռուսաստանցի խաղաղապահների մասնակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործին: «Նախ անհրաժեշտ է զբաղվել քաղաքական կարգավորմամբ, որից հետո միայն կարելի կլինի խոսել խաղաղապահ գործողությունների մասին, այդ թվում՝ ռուսական ստորաբաժանումների մասնակցությամբ»,- նշել է Իվանովը: Նա նաեւ ընդգծել է, թե Ռուսաստանը պատրաստ է էական ռեսուրսներ հատկացնել հակամարտության կարգավորման համար: Ի տարբերություն Իվանովի, Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւին խնդրի ռազմական լուծումն ամենեւին անհեռանկար չի թվում: Նույն հանդիպման ժամանակ նա հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է ամեն ջանք գործադրել Հայաստանի կողմից օկուպացված տարածքներն ազատագրելու՝ «եթե այդ հարցի շուրջ բանակցային գործընթացն ապարդյուն լինի»: Խոսելով Մոսկվայի կողմից զենքի մատակարարումներին վերաբերող հարցին՝ ՌԴ պաշտպանության նախարարը նշել է, թե Ռուսաստանը պատրաստ է սպառազինություն եւ տեխնիկա մատակարարել ինչպես Հայաստան, այնպես էլ Ադրբեջան: Ընդսմին, Իվանովը ընդգծել է, որ ՌԴ-ն պատրաստ է նման մատակարարումներ իրականացնել միայն տարածաշրջանում ուժերի հավասարությունը եւ «սեփական ազգային անվտանգությունը» հաշվի առնելով: «Բնականաբար, սպառազինությունը երկու երկրներին կտրամադրվի առեւտրային հիմունքով»,- ավելացրել է Ս. Իվանովը: Ռուս նախարարը նշել է նաեւ, որ «արդեն վարժվել է պատասխանել այն հարցերին, թե ինչու է Ռուսաստանը, իբր, չափից դուրս սպառազինում հայերին»: Պատասխանելով Վրաստանից Հայաստան սպառազինության եւ զինամթերքի որոշակի մասի փոխադրման համատեքստում տրված այդ հարցին՝ նա ասել է, որ զենքն ընդամենը փոխադրվում է Ռուսաստանի մի ռազմակայանից մյուսը: «Դրանք ինչպես եղել են Ռուսաստանի սեփականությունը, այդպես էլ կմնան: Ուստի խոսել այն մասին, թե Ռուսաստանը սպառազինում է Հայաստանին, առնվազն պարկեշտ չէ»,- ասել է Իվանովը: Նա տեղեկացրել է նաեւ, որ ՀՀ-ում, ուր կմեկնի անմիջապես Բաքվից, ինքը կայցելի ռուսական զորամասեր: «Ցանկանում եմ ստուգել Վրաստանի Ախալքալաքի ռազմակայանից սպառազինության եւ տեխնիկայի մի մասի ընդունմանը նրանց պատրաստությունը». զորամասեր կատարելիք իր այցերն այսպես է հիմնավորել ՌԴ պաշտպանության նախարարը: Հիշեցնենք, որ Սերգեյ Իվանովին Երեւանում սպասում են այսօր երեկոյան: Տ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել