Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հունվար 25,2006 00:00

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՏՈՒՄ ԵՆ ԻԲՐԵՎ ԲԻԶՆԵՍ Արձանագրում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, գեներալ Սուրեն Աբրահամյանը – Այնպիսի իրարանցում է սկսվել քաղաքական ասպարեզ նոր մուտք գործող կուսակցությունների եւ հնարավոր դաշինքների շուրջ՝ կարծես 2 ամիս անց են լինելու խորհրդարանական ընտրությունները: Սա զարմանալի չէ՞: – Ես զարմանում եմ, երբ երբեմն նույնիսկ քաղաքական որոշ վերլուծաբաններ են իմաստուն կեցվածք ընդունած՝ փորձում լուրջ գնահատականնե՜ր տալ, գտնել որոշակի օրինաչափություննե՜ր Հայաստանի «քաղաքական դաշտում»: Այն հասկանալու համար առնվազն պետք է կա՛մ լավ խմած լինես, կա՛մ էլ ծառի վրայից գլխի վրա ընկած, որ կարողանաս գնահատական տալ, թե ինչ է կատարվում: Մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանն էլ կարող էր գլուխ չհանել այս ամենից, բայց համոզված եմ, որ իր անմահ «Մեծապատիվ մուրացկանների» փոխարեն կգրեր մեր օրերին առավել համահունչ՝ «Մեծապատիվ պոռնիկներ» անվանումով մի ստեղծագործություն: Այն, ինչի մասին այժմ խոսվում է՝ քաղաքականության հետ կապ չունի ընդհանրապե՛ս: Ընդամենը սեփական շահերի պահպանության խնդիր է լուծվում՝ «ռազբորկաների» մակարդակով: – Այսինքն՝ այժմ կուսակցություն ստեղծելը դարձել է ուղղակի քաղաքական առեւտրի միջոց կամ «տանիքի» մի յուրօրինակ տարատեսա՞կ: – Նաեւ: Բացի այդ՝ նորաձեւ է անձնական հավակնություններին հագուրդ տալու համար սեփական «ես»-ը պահպանելու խնդիրները լուծելը: Սկսեցին «ղշերից»՝ ղուշբազությամբ, ավարտում են կուսակցություններով: – Հարկ է նկատել, որ օլիգարխները նոր չէ, որ փորձում են մուտք գործել քաղաքական ասպարեզ: Ուղղակի առաջ նրանք այդ խնդիրը փորձում էին լուծել նաեւ կուսակցությունների հետ առեւտրի միջոցով՝ տեղեր գնելով նրանց համամասնական ցուցակներում, իսկ այժմ փորձում են հանդես գալ առանձին: – Դա նրանց համար խնդիր չէ՝ էլի նույն կերպ կարող են վճարել ցուցակներում ընդգրկվելու համար: Այժմ ուղղակի որոշակի շրջանակների խորհրդով կամ հանձնարարությամբ լուծում են նրանց խնդիրները՝ ձեւավորելով այդ կուսակցությունները: Հասարակական-քաղաքական գործընթացների այն շարժը, որ տեսնում ենք՝ հանրային սեփականությունը մեջ-մեջ անելուց կամ թալանելուց հետո, ցավոք, պետության ուղղակի կործանման վերջնական փուլն է: Արդեն սկսել են պետությունը խորհրդանշող արժեքների սեփականաշնորհման գործընթացը: Այսինքն՝ ունեն սեփական զինանշաններ, «մանրից» արդեն օրհներգ են ուզում ունենալ՝ պատվերներ կան, «էս թաղն իմն ա», «էս մարզն իմն ա», «էս նախարարությունն իմն ա», «էս մանդատն իմն ա ու իմ տղայինը»: Արդեն մտնում ենք մելիքությունների ստեղծման փուլ… Նաեւ ստեղծում են խրախուսման միջոցներ՝ շքանշաններ: Վերջերս կարդացի, որ Սյունիքի մարզպետը «Սյունյաց արծիվ» ադամանդակուռ շքանշանով պարգեւատրել է ՀՀ վարչապետին: Անկեղծ ասած՝ չեմ պատկերացնում արծվի պես թռչող վարչապետին: Եթե նա թռչող արծիվ է՝ ես էլ «Սոյուզ-Ապոլոն» տիեզերանավ եմ: – Այնուամենայնիվ, բոլորն արձանագրում էին, թե մեր ընտրությունները կամաց-կամաց վերածվում էին աճուրդների՝ ընտրվում էր նա, ով ավելի շատ փող էր ծախսում: Իսկ հիմա, ընտրապայքարում գործարարների կառույցների հայտնվելուց հետո, գուցե առավել հստակեցվե՞ն այդ աճուրդների կանոնները: – Կուզենայի, որ միայն այդ գործարարների կուսակցությունների վրա չսեւեռվեինք, քանի որ միայն նրանց չէ, որ բնորոշ են այս գործընթացները: Նրանք տեսան ու սովորեցին: Որոշ թերուս քաղաքական գործիչներ էլ սեփական հավակնություններին հագուրդ տալու եւ անընդհատ ջրի երեսին մնալու համար մտել են մի գործընթացի մեջ, որտեղ թքած ունեն պետական շահերի վրա եւ ընդամենը բարձրացնում են սեփական գինը: – Սակայն ավելի վաղ ստեղծված կուսակցություններն էլ են ոչ բացահայտորեն որդեգրել առեւտրային սկզբունքներ՝ ընտրական հանձնաժողովներում տեղեր են վաճառում եւ գնում, թաքուն փող բաժանում եւ այլն: Դա էլ կա, չէ՞: – Իհարկե՛: Ուստի խնդիր ունենք քննադատելու երեւույթն ու ընդհանուր մթնոլորտը: Չեմ ուզում ամեն ինչ ներկայացնել ողբերգական, տրագիկոմեդիկ երանգներով, բայց համոզված եմ նաեւ, որ փողով ու զոռբայությամբ ո՛չ մշակույթում, ո՛չ սպորտում, ո՛չ էլ առավել եւս պետական կառավարման համակարգում երբեք ու ոչ ոք չի կարող ունենալ հաջողություններ: 30 հազար քառ. մետրանոց տարածքով Հայաստանը դարձրին ընդամենը 1000 քառ. մ՝ նախագահականը, խորհրդարանի եւ կառավարության շենքերը, կառավարությունների ընդունելությունների տունը, «Օջախն» ու «Ձորաբերդը», հա՝ մեկ էլ ճոպանուղին: Ժամանակը շատ անողոք գործոն է եւ ամեն ինչ դնելու է իր տեղը: «Հայաստան-2020»-ի ոճով կանխատեսեմ, որ ընդամենը 10-15 տարի հետո ունենալու ենք մի իրավիճակ, երբ Հայաստան կոչվող անկախ պետությունը հանրաքվե է անելու ազգային օկրուգի կարգավիճակով միանալու Կրասնոդարի երկրամասին: Իսկ Հայաստանի վերջին խորհրդարանը քննարկելու է Ռուսաստանի ապագա նախագահ Ռագոզինի միջնորդությունն այդ օկրուգի նախագահ նշանակել Տիգրան Ուրիխանյանին: Այն գործընթացները, որ հիմա առկա են, շարունակվելու դեպքում հանգեցնելու են այս կանխատեսման իրականացման: – Շարունակվում է նաեւ ընդդիմության մասնատման քաղաքականությունը: Ահա «Հանրապետություն» կուսակցությունից էլ հեռացան մի քանի երիտասարդներ: Այստեղ ոմանք խառը տեսան վարչապետի «մատը»: – Չեմ ուզում լրջորեն անդրադառնալ այս թեմային եւ Վահան Բաբայանի կերպարին: Սա այդ տղայի խնդիրը չէ՝ ամբողջ երկրում է առկա «բազեացավի» հարցը: Եվ ինչպես Ռոբերտ Քոչարյանն է ասում՝ մենք ումի՞ց էինք պակաս. մենք էլ մեր «բազե»-ներն ունեինք, թռա՜ն, գնացի՜ն, միացան իրենց երամին: Ինձ երբեմն առավել զարմացնում է ընդդիմադիր կեցվածք ունեցող որոշ քաղաքական գործիչների պարզ միամտությունը: Իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունն ընդդիմադիր դաշտը փոշիացնելու ուղղությամբ ակնհայտ է: Բայց ցավոք, ընդդիմադիր որոշ գործիչներ էլ զոհ են դառնում մի քանի քայլանոց խարդավանքների ու սկսում իրար միս բզկտել, երբ նման պարագաներում իրենք պիտի ունենային ավելի կայուն լինելու խնդիր: Հանրությանը մատուցվում են կեղծ արժեքներ՝ գաղափա՜ր չկա, ծրագի՜ր չկա, խարիզմատիկ առաջնո՜րդ չկա… Հիմա հակադարձեմ՝ իսկ իշխանավորներն ունե՞ն այդ ամենը: Ո՞վ է նրանց այդ խարիզմատիկ առաջնորդը, ո՞րն է նրանց ծրագիրը եւ գաղափարախոսությունը՝ ա՞յն, ինչ մենք այսօր ունենք: Երբեմն նաեւ քաղաքական լուրջ կուսակցություններն են բավական թեթեւ հայացքով նայում հատկապես այն կուսակցական շինարարությանը, որն այսօր ընթանում է, եւ կուրծք ծեծում, թե իրենք խնդիր չունեն, բայց սխալվում են չարաչա՛ր: Այդ իրական ընդդիմադիր կեցվածք ունեցող կուսակցություններն իրոք չունեն կորցնելու բան: Մնացածն ունեն, եւ ասացվածքի նման՝ իրենց սրած բիզը հայտնվելու է իրենց մի տեղում: – Վերջին օրերին «16+8» ձեւաչափի առանձին գործիչներ սպառված հայտարարեցին այն: Արձանագրե՞նք, որ «Քաղաքացիական Հայաստան» կոմիտեն դեռ կարգին չձեւավորված՝ արդեն իսկ տալիս է ճաքեր: – Չէի ասի: Վերջին հաշվով, քաղաքական այն կուսակցությունները, որոնք կրել են պատասխանատվության հիմնական բեռը՝ լի են վճռականությամբ ու դեռ որոշակի գործընթացներ ունեն իրականացնելու: Ամեն տեսակ դաշինքներն ու ձեւաչափերն էլ մշտական չեն եւ ստեղծվում են ընդամենը որոշակի քաղաքական խնդիրներ լուծելու համար: Բայց համենայնդեպս, այդ կոմիտեն կամ շարժումը ձեւավորվում է՝ լուծելու համար հանրաքվեին առնչվող խնդիրներ, որոնք դեռ ավարտված չեն: Այնպես որ՝ մեկի կամ երկուսի դուրս գալով չի տրոհվելու այդ ձեւաչափը: – Ձեր հավակնություննե՞րն էին պակաս, թե՞ վարկանիշը, որ Դուք էլ չգնացիք նոր կուսակցություն ձեւավորելու ճանապարհով, այլ փոխարենն անդամակցեցիք «Հանրապետությանը»: – Ես ո՛չ սեփական իմիջ ձեւավորելու խնդիր ունեմ, ո՛չ էլ հավակնություններիս հագուրդ տալու ցանկություն, ո՛չ էլ կուսակցությունը դիտում եմ իբրեւ բիզնես: Ես հասկացա, որ անհատն ինչքան էլ ուժեղ լինի՝ միայնակ ոչինչ չի կարող անել երկրի ապագայի համար: Եվ պետք չէ ստեղծել մարդ-կուսակցություններ՝ ապականելով, այս վիճակի բերելով քաղաքական ամբողջ դաշտը: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել