Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԲՈԼՈՐ ԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՀԻՎԱ՞ՆԴ ԵՆ

Հունվար 25,2006 00:00

ՄԵՐ ԲՈԼՈՐ ԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՀԻՎԱ՞ՆԴ ԵՆ Եթե հավատանք իրենց՝ ԱԺ բերվող տեղեկանքներին՝ այո Այն օրից ի վեր, ինչ ընդդիմությունը բոյկոտեց խորհրդարանի աշխատանքները, պատգամավորների բացակայությունների հարցը մնաց խորհրդարանի կոկորդին: Վանո Սիրադեղյանից բացի, ուրիշ ոչ մեկի բացակայությունները խորհրդարանը անհարգելի չի ճանաչել եւ, դատելով ստեղծված իրավիճակից՝ չի էլ ճանաչի: Պատգամավոր դարձած օլիգարխներից շատերն այժմ շատ ավելի են բացակայում, քան ժամանակին Վանոն, բայց նրանք հասցնում են ժամանակին «բժշկի թուղթ» ներկայացնել, եւ եթե այդ թղթերը իսկական են, ուրեմն խորհրդարան չեկող գործարարները հիմնականում հիվանդ մարդիկ են, իսկ եթե դրանք կեղծ թղթեր են, ուրեմն այդ թղթերը գրող բժիշկներն են հիվանդ: Այն, որ բացակայությունների հարցը մնում է ամենաանլուծելին, հաստատում են նաեւ իրենք՝ պատգամավորները: Խումբ-խմբակցությունների ղեկավարները հենց որ լսում են բացակայությունների մասին, անմիջապես այն վերագրում են ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների բոյկոտին՝ «Դե, դա քաղաքական որոշում է, ի՞նչ անենք»՝ մոռանալով, որ հենց իրենց խմբակցություններում կամ անկախ պատգամավորների մեջ ավելի շատ բացակայություններ կան, որոնք ոչ մի հիմնավորում չունեն: Պետաիրավական հարցերի հանձնաժողովը պարզապես ստիպված է հարցին մեկ անգամ եւս անդրադառնալ գարնանային նստաշրջանից առաջ, բայց եւ ակնհայտ է արդեն ավանդույթ դարձած միտումը՝ Գալուստ Սահակյանը կառաջարկի հարցը հանել եւ չքննել, քանի որ տարիներ շարունակ հարցն ԱԺ օրակարգում է եւ չի քննարկվում: Եվ ամեն ինչ կսկսվի նորից՝ բացակայությունների հարցը կմնա բաց եւ անտեր: Պետաիրավական հարցերի հանձնաժողովից մեզ ասացին, որ ԱԺ քարտուղարությունից դեռեւս չեն ստացել պատգամավորների բացակայության մասին փաստաթղթերը: Խումբ-խմբակցություններում հարցին պարզապես հումորով են վերաբերվում, նույնիսկ փորձում են բացատրել, որ ուրիշ երկրներում բացակայությունների հարցն այնքան խիստ չէ, որքան մեզանում. «Ամերիկայում, օրինակ, քվեարկությունը բաց է երեք օր եւ պատգամավորները կարող են այդ ընթացքում գնալ եւ քվեարկել»: ԱԺ նստաշրջաններին հետեւող ընթերցողը երեւի կզայրանա՝ իբրեւ մի կարգին գործի են գնում, հիմա էլ ուզում են ընդհանրապես չգնալ: «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բացակայողների մասին հատուկ կարծիք ունի, ըստ այդմ՝ բացակայողների հարցը հարկավոր է լուծել ծանոթ եղանակով. «Խնդիրը այս ԱԺ-ում, չգիտեմ ինչու, ինքնահոսի մատնվեց, եւ այն հայտարարությունը, որ խմբակցության ղեկավարները, ԱԺ նախագահը որեւէ լծակ չունեն պատգամավորներին նիստերին մասնակից դարձնելու, արդարացված չէ, քանի որ բացակայությունների հարցը հենց այն ամուր լծակն է, որով պատգամավորը պետք է հաշվետու լինի եւ ԱԺ-ի, եւ իր ընտրողների առջեւ: Քանի որ մինչեւ այսօր մեր պնդումներին հակառակ՝ հարցը լիագումար նիստում այդպես էլ չի քննարկվել, առաջիկայում եթե նորից հարցը դրվի պետաիրավականում, ես պիտի առաջարկեմ չքննարկել, որովհետեւ այն կարծիքին չեմ, թե ինքնանպատակ քննարկումները որեւէ արդյունքի կհանգեցնեն»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի կարծիքը բացակայողների մասին նույնն է՝ ձեռագիրը լինելու է նույնը, քանի որ, ըստ պատգամավորի. «Կա երկու հարց. պատգամավորները, եւ ոչ միայն ընդդիմադիր դաշտից, ուղղակի չեն հաճախում Ազգային ժողով, եւ սա, իհարկե, մտահոգության տեղիք տալիս է, բայց այն պահից, երբ հարցը տեղափոխվում է պատժական տնօրինումների դաշտ, եւ հատկապես, երբ կան բացակայող ընդդիմադիր պատգամավորներ, հարցը ստանում է քաղաքական բնույթ, եւ այստեղ է, որ դառնում է դժվար լուծելի, հատկապես, երբ առնչվում ենք բոյկոտի կամ քաղաքական տակտիկայի հետ: Ցանկության դեպքում սա կարող է շատ հեշտ ձեւակերպվել իբրեւ հետապնդում: Այնպես որ, կարծում եմ, կկրկնվի նույն սցենարը, ինչ արվել է հարցի հետ մինչ այսօր: Մյուս կողմից մենք պետք է մտահոգվենք հարցով, քանի որ բացակայությունների այս պատկերը վնասում է ԱԺ-ին, մեր պետական կառավարման ինստիտուտին»: ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանի կարծիքով՝ պատգամավորը ընդհանրապես ԱԺ նիստերից բացակայելու իրավունք չպիտի ունենա. «Կուզենայի, որ հաջորդ խորհրդարանը համալրված լիներ շատ ավելի պրոֆեսիոնալ պատգամավորներով, որոնք կգան եւ գործ կանեն, եւ ոչ թե բացակայեն եւ հետո էլ բժշկի թուղթ բերեն»: Բոլոր մեր զրուցակիցներն էլ այն կարծիքին են, որ պարզապես պարտադիր է ունենալ էթիկայի հանձնաժողով, որը կքննի ինչպես բացակայող պատգամավորների, այնպես էլ, երբեմն-երբեմն, հայհոյող եւ պատգամավորին ոչ վայել պահվածք ունեցողների հարցը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել