Լրահոս
Օրվա լրահոսը

Մոցարտի հոբելյանը

Հունվար 25,2006 00:00

Կոմպոզիտորին
նվիրված միջոցառումների ժամանակ նրա որոշ ստեղծագործություններ 21-րդ դարում կհնչեն
առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 2006-ը հայտարարված է Մոցարտի տարի՝ ի պատիվ
ավստրիացի մեծ կոմպոզիտորի ծննդյան 250-ամյակի: Ինչպես տեղեկացրել էր «Առավոտը»,
Հայաստանում այդ նախաձեռնությանը առաջինն արձագանքեց Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի
դոցենտ Արամ Թալալյանը: Երեկ Ժուռնալիստների միությունում հրավիրված ասուլիսում
արվեստագետը, «Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական ղեկավար Լեւոն Իսկենյանը
եւ «Կոմիտաս» կվարտետի տնօրեն Արման Պադարյանը տեղեկացրին, որ մոցարտյան տարվա առաջին
համերգը կկայանա հունվարի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Արամ
Թալալյանը տեղեկացրեց, որ կայանալիք համերգին ընդգրկել են Մոցարտի հատկապես այն ստեղծագործությունները,
որոնք առավել հազվադեպ են հնչել Հայաստանում: Օրինակ, Դաշնամուրային սոլ մինոր կվարտետը,
ըստ բանախոսի, մեզանում չի հնչել վերջին կես դարի ընթացքում: Լ. Իսկենյանն
էլ նշեց, որ կամերային երաժշտությունը Հայաստանում զարգացնելու համար վերջերս իրենց
միությունում ստեղծվել է «Նարեկացի» կամերային երաժշտության ընկերությունը, որի գեղարվեստական
ղեկավարն է Արամ Թալալյանը: Ընդ որում՝ ընկերությունն իր ծանրակշիռ դերը կունենա
ոչ միայն այս համերգին: «Մոցարտի ստեղծագործությունների կատարմամբ հանդես կգան «Լինոս»
լարային կվարտետն ու, բնականաբար, «Նարեկացի» կամերային երաժշտության ընկերության
անդամ երաժիշտները»,- հայտնեց պրն Իսկենյանը: Կազմակերպիչները վաղօրոք տեղեկացրին,
որ այս տարվա 2-րդ կեսին Մոցարտի հոբելյանին զուգահեռ կնշեն նաեւ Շոստակովիչի ծննդյան
100-ամյակը: Նաեւ հավաստիացրին, որ երեւանյան համերգներից զատ մեծանուն կոմպոզիտորների
ստեղծագործությունները հնարավորություն կունենան լսելու մարզերի արվեստասերները:
Ընդ որում, մարզային համերգները կսկսվեն ապրիլ ամսից: «Հուսով ենք, որ մարզպետները
հավանաբար մոռացած չեն լինի Մոցարտի ու Շոստակովիչի անունները, եւ երբ առաջարկենք
համերգներով հանդես գալ իրենց մոտ՝ նրանք կաջակցեն մեզ»,- ասաց Ա.Պադարյանը: Շարունակելով
միտքը՝ նա նշեց, որ ժամանակին եղել են դեպքեր, երբ մարզպետներից ոմանք հրաժարվել
են համերգներին աջակցել, ասելով, օրինակ, որ Մոցարտը Ապարանից չէ: Լ.
ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել