ՕՐՀՆԱԾԻՆ
ՍՊԱՍԵԼԻՍ «Մենք կարծում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը բոլոր
վիճելի հարցերը պետք է կարգավորեն քաղաքական, դիվանագիտական ճանապարհով: Հարցի ռազմական
լուծումը հեռանկար չունի»,- երեկ Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել
է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը: Իվանովը չի բացառել ռուսաստանցի խաղաղապահների
մասնակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործին: «Նախ անհրաժեշտ է զբաղվել
քաղաքական կարգավորմամբ, որից հետո միայն կարելի կլինի խոսել խաղաղապահ գործողությունների
մասին, այդ թվում՝ ռուսական ստորաբաժանումների մասնակցությամբ»,- նշել է Իվանովը:
Նա նաեւ ընդգծել է, թե Ռուսաստանը պատրաստ է էական ռեսուրսներ հատկացնել հակամարտության
կարգավորման համար: Ի տարբերություն Իվանովի, Ադրբեջանի պաշտպանության նախարար
Սաֆար Աբիեւին խնդրի ռազմական լուծումն ամենեւին անհեռանկար չի թվում: Նույն հանդիպման
ժամանակ նա հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է ամեն ջանք գործադրել Հայաստանի կողմից
օկուպացված տարածքներն ազատագրելու՝ «եթե այդ հարցի շուրջ բանակցային գործընթացն
ապարդյուն լինի»: Խոսելով Մոսկվայի կողմից զենքի մատակարարումներին վերաբերող հարցին՝
ՌԴ պաշտպանության նախարարը նշել է, թե Ռուսաստանը պատրաստ է սպառազինություն եւ տեխնիկա
մատակարարել ինչպես Հայաստան, այնպես էլ Ադրբեջան: Ընդսմին, Իվանովը ընդգծել է, որ
ՌԴ-ն պատրաստ է նման մատակարարումներ իրականացնել միայն տարածաշրջանում ուժերի հավասարությունը
եւ «սեփական ազգային անվտանգությունը» հաշվի առնելով: «Բնականաբար, սպառազինությունը
երկու երկրներին կտրամադրվի առեւտրային հիմունքով»,- ավելացրել է Ս. Իվանովը: Ռուս
նախարարը նշել է նաեւ, որ «արդեն վարժվել է պատասխանել այն հարցերին, թե ինչու է
Ռուսաստանը, իբր, չափից դուրս սպառազինում հայերին»: Պատասխանելով Վրաստանից Հայաստան
սպառազինության եւ զինամթերքի որոշակի մասի փոխադրման համատեքստում տրված այդ հարցին՝
նա ասել է, որ զենքն ընդամենը փոխադրվում է Ռուսաստանի մի ռազմակայանից մյուսը: «Դրանք
ինչպես եղել են Ռուսաստանի սեփականությունը, այդպես էլ կմնան: Ուստի խոսել այն մասին,
թե Ռուսաստանը սպառազինում է Հայաստանին, առնվազն պարկեշտ չէ»,- ասել է Իվանովը:
Նա տեղեկացրել է նաեւ, որ ՀՀ-ում, ուր կմեկնի անմիջապես Բաքվից, ինքը կայցելի ռուսական
զորամասեր: «Ցանկանում եմ ստուգել Վրաստանի Ախալքալաքի ռազմակայանից սպառազինության
եւ տեխնիկայի մի մասի ընդունմանը նրանց պատրաստությունը». զորամասեր կատարելիք իր
այցերն այսպես է հիմնավորել ՌԴ պաշտպանության նախարարը: Հիշեցնենք, որ Սերգեյ
Իվանովին Երեւանում սպասում են այսօր երեկոյան: Տ. Ա.