Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երիտասարդները հավակնում են

Հունվար 25,2006 00:00

2007-ի խորհրդարանի նախընտրական պայքարին մասնակցելու նպատակով ոչ միայն նոր կուսակցություններ են ծնվում, այլեւ հներն են «կոմայից» դուրս գալիս: Երեկ միանգամից երկու արտախորհրդարանական կուսակցություն 2007-ի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց:

ՀՀՇ-ն ծնեց ԱԺՄ-ին, ԱԺՄ-ն ծնեց ՀԺԱՄ-ին, ՀԺԱՄ-ը ծնեց ԺԱԿ-ին

«Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցությունը (ԺԱԿ) Սեյրան Ավագյանի ղեկավարած ՀԺԱՄ-ից պոկված մի բեկորի հիման վրա է ստեղծվել: Ու թեեւ նրանց այլեւս ոչինչ իրար չի կապում, սակայն ԺԱԿ-ը շարունակում է «ձեւավորել միջին խավ», բայց մի քիչ այլ լոզունգով՝ «պաշտպանենք մանր ու միջին ձեռներեցների շահերը»: Մանավանդ, որ ըստ ԺԱԿ-ի նախագահ Սպարտակ Մելիքյանի՝ «Սեյրան Ավագյանը միջին խավի հաշվին հավաքած քվեները փոխանակեց իր պաշտոնի հետ»: ԺԱԿ-ի նախագահը կարծում է, որ այսօրվա պառլամենտում գտնվող ուժերը պաշտպանում են միայն խոշոր բիզնեսի շահերը: Մասնավորապես, կոալիցիայի անդամ կուսակցությունների ցուցակներում մի քանի օլիգարխներ կան: Իսկ եթե խորհրդարանում հայտնվեն նաեւ նորաստեղծ այն կուսակցությունները, որոնց ղեկավարները հե՛նց օլիգարխներ են, ապա խոշոր բիզնեսմենները ոչ միայն պաշտպանված կլինեն, այլեւ կշարունակեն օրենսդրորեն հիմնավորել մանրումիջին ձկնիկներին ուտելու իրենց կաշալոտային ցանկությունները: Ահա թե ինչու, ըստ ԺԱԿ-ի, անհրաժեշտ է մի քաղաքական ուժ՝ ո՛չ իշխանամետ, ո՛չ ընդդիմադիր, որը խորհրդարանում կպաշտպանի հանրապետության մոտ կես միլիոն մանրումիջին սեփականատերերի շահերը՝ «սկսած մի կտոր հողի սեփականատիրոջից, վերջացրած մի փոքր կրպակ ունեցողով»: Ըստ միջին ձեռնարկատեր Սպարտակ Մելիքյանի, այդ ուժը դառնալու եւ օլիգարխների ախորժակները զսպելու հավակնություն ունեն իրենք: Սակայն դեռ չեն որոշել՝ միայնա՞կ, թե՞ որեւէ այլ կուսակցության հետ, քանի որ մյուսներին «չեն վստահում»:

Գործիք, գործիչ, գործոն, գործող…

Ինչպես երեկ պարզվեց, Հայաստանի երիտասարդական կուսակցությունն (ՀԵԿ) էլ է պատրաստվում մասնակցել 2007-ի ընտրություններին: Այս մասին երեկ հայտարարեց նորաթուխ ՀԵԿ-ական, «Հանրապետություն» կուսակցության երիտասարդական թեւի նախկին նախագահ Վահան Բաբայանը: Վերջինս երեկ պնդում էր, որ որեւէ մեկն իրեն չի ստիպել, համոզել կամ վախեցրել, որ նա դուրս գա «Հանրապետությունից»: «Ես ոչ մի բանից չեմ վախենում, ես փողոցում էլ եմ կանգնել՝ անձրեւին էլ, ձյունին էլ, հետապնդումների մեջ էլ եմ եղել, սպառնացել են համալսարանից հեռացնել: Եթե վախեցող լինեի, ընդդիմություն չէի լինի»,- ասաց երիտասարդ Վահանը, ում հետ միասին «Հանրապետությունից» դուրս են եկել մի քանի տասնյակ այլ անվախ երիտասարդներ: «Ես ոչ մեկին չեմ ուզում վիրավորել, բայց «Հանրապետությունն» ինձ համար այլեւս փակված էջ է: Մենք չենք դառնա գործիք, մենք ուզում ենք դառնալ գործոն»,- իրենց ցանկությունը հայտնեց Վ. Բաբայանը, որը, ըստ որոշ լուրերի, կարող է դառնալ ՀԵԿ փոխնախագահը: Վահան Բաբայանը կարծում է, որ գործոն դառնալու լավագույն տարբերակը ՀԵԿ-ն է: Այդ պատճառով էլ ինքնակամ, առանց այլեւայլությունների, որոշել է դառնալ ՀԵԿ-ական: «Ազատ երկիր է, եւ մեր գաղափարները ինչո՞ւ պիտի լինեն կարծրացած: Դա սովորական քաղաքական պրոցես է…»,- ասաց երիտասարդ, բայց արդեն փորձառու «քաղաքական գործիչը», որի համար կուսակցություն ու գաղափար փոխելը «սովորական քաղաքական պրոցես է», իսկ հետապնդումների մեջ գտնվելը՝ ազատ երկրում ապրելու գրավական: Նա չվարանեց մի երկու լավ խոսք էլ նախկին թիմակիցների մասին ասել. «Ընդդիմության դաշտի որոշ գործիչներ փուչիկների պես պայթել են: Տասը հոգով գնում են Մատենադարան, միտինգ են անում: Ես իմ ընկերների հետ շատ ավելի մեծ միտինգ կարող եմ անել, քան այդ 18-ի ֆորմատն էր անում»: Թեեւ հետո ճշտեց. «Խոսքը «Հանրապետության» մասին չէ: Ես էլի եմ ասել՝ ընդդիմության մեջ միակը, որ ուժ ունի, դա «Հանրապետությունն» է»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031