Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երիտասարդները

Հունվար 24,2006 00:00

Երիտասարդները փորձում են հասկանալ կոնֆլիկտները Նրանք լավատես են Հայաստանի ու Ադրբեջանի՝ լավ հարեւաններ լինելու հարցում «Միավորենք ապագան, ապրենք միասին» միջազգային ֆորումի շրջանակներում անցյալ տարեվերջին եւ այս տարվա հունվարին Հայաստանում, Բրիտանական խորհրդի գրասենյակը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ՝ Ծաղկաձորում եւ Սեւանում երիտասարդների հետ անցկացրել է 3 դասընթաց: Այս մասին շաբաթ օրը «Երեւան» հյուրանոցում հրավիրված ասուլիսում լրագրողներին տեղեկացրին կազմակերպիչները: Ըստ Բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավար Արեւիկ Սարիբեկյանի՝ ֆորումը երիտասարդներին, ովքեր կանխակալ վերաբերմունք ունեին հարեւան երկրների երիտասարդների նկատմամբ, հնար ավորություն տվեց իրական պատկերացում կազմել վերջիններիս մասին: Դասընթացների 60 մասնակից այսուհետեւ կանդամակցի «Միավորենք ապագան, ապրենք միասին» երիտասարդական ֆորումի էլեկտրոնային ցանցին եւ հնարավորություն կունենա հաղորդակցվել Ադրբեջանի, Վրաստանի ու Հյուսիսային Իռլանդիայի իրենց հասակակիցների հետ: Երիտասարդական ֆորումի առաջին հանդիպումը, որին մասնակցել է 43 երիտասարդ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից եւ Հյուսիսային Իռլանդիայից, տեղի էր ունեցել 2004-ի օգոստոսին՝ Լիկանիում (Վրաստան): Կազմակերպիչների խոսքերով՝ «այն ուղղված է եղել վստահության ու բարեկամական կապերի ստեղծմանն ու հանդուրժողականության սերմանմանը Հարավային Կովկասում ու Ադրբեջանում»: «Առավոտը» հետաքրքրվեց՝ փոխադարձ շփումների ժամանակ ի՞նչ դիտարկումներ են արել ադրբեջանցի երիտասարդները ղարաբաղյան հիմնախնդրի մասին, կամ, օրինակ, վրաց երիտասարդների հետ հայերը խոսե՞լ են Վրաստանում հայկական եկեղեցիների «սեփականաշնորհման» մասին: Փոխանակ բուն հարցին պատասխանելու, հայ մասնակիցները առանց կոնկրետ օրինակների, սկսեցին գովերգել, թե ինչպես է ծրագիրը իրենց «կոնֆլիկտ ընկալելու ունակություն» պարգեւել: «Այս ֆորմատում սուր թեմաները շրջանցված էին, բայց մի դեպք եղել է, երբ հայ մասնակիցներից մեկը ցույց է տվել քարտեզ, որտեղ Ղարաբաղը Հայաստանի կազմում է»,- ասաց ծրագրի մասնակիցներից մեկը: Իսկ Նազարեթ Սեֆերյանը «Առավոտին» պատմեց «Միջազգային ահազանգ» կազմակերպության կողմից ԱՄՆ-ի «Խաղաղության սերմեր» ճամբար՝ իր այցելության մասին: Այնտեղ, բացի իրենից, եղել են 2 ադրբեջանցի եւ 1 հայ՝ ուսումնասիրելու ճամբարի կառուցվածքը, հետագայում նման ճամբար զուտ հայ ու ադրբեջանցի երիտասարդների համար կազմակերպելու նպատակով: «Ամեն տարի այդ ճամբարում հավաքվում են կոնֆլիկտային երկիրներից ժամանած պատանիներ ու աղջիկներ: Սկզբում մասնակիցները միայն հրեաներ ու արաբական երկրների ներկայացուցիչներ էին, հետագայում ավելացան մասնակիցներ Բալկաններից, Պակիստանից, Հնդկաստանից եւ այլ երկրներից»,- հիշեց Նազարեթը: Ի՞նչ թեմաներով էին զրուցում: «Ծրագրից դուրս մենք ամեն ինչից խոսում էինք՝ սկսած Ցեղասպանությունից, Ղարաբաղից, վերջացրած՝ Ադրբեջանի ընտրություններով: Միշտ չէ, որ համաձայնում էինք միմյանց տեսակետների հետ, բայց մի հարցում համամիտ էինք: Հասկանալի է, որ հակամարտություն կա եւ 2 պետություններն ունեն դժվարություններ, բայց դա չի նշանակում, որ յուրաքանչյուր հայ պետք է ատի յուրաքանչյուր ադրբեջանցու եւ հակառակը: Կոնֆլիկտային իրավիճակ միշտ է եղել, բայց մինչեւ հիմա էլ կան հայեր ու ադրբեջանցիներ, ովքեր հանգիստ շփվում են Ռուսաստանի եւ ԱՊՀ այլ երկրների տարածքում, նույնիսկ լավ գործընկերներ են»,- ավելացրեց Ն. Սեֆերյանը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել