Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԴԻՎԵՐՍԻԱ՞»

Հունվար 24,2006 00:00

«ԴԻՎԵՐՍԻԱ՞» Է, ԹԵ՞ «ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ» Ռուսաստանը ձեւ է տալիս, թե պատրաստվում է «պայթեցնել» իր գազատարները պայթեցնողին Արդեն 3 օր է՝ Ռուսաստանում, Վրաստանում եւ Հայաստանում «գազային» նոր աժիոտաժ է ստեղծվել՝ կապված ռուսական գազատարի պայթեցման հետ: Այս պահին նույնիսկ դժվար է ասել՝ պայթյո՞ւն է եղել դա, թե՞ պայթեցում: Հաշվի առնելով ռուսական գազ սպառող երկրների համար Ռուսաստանի ստեղծած ճգնաժամը՝ գազի գների բարձրացումը, այն վարկածը, որ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս 1200 մմ տրամագծով գազատարը դիտավորյալ պայթեցրել են, բավականին խելքին մոտ է հնչում: Ռուսական կողմն ավելի շատ հակված է հենց այս տարբերակին, բայց նրանք այնպիսի դիրք են բռնել, թե Ռուսաստանին վնաս հասցնելու համար մի 3-րդ անձ է կազմակերպել պայթյունը, որը շուտով կհայտնաբերվի ու կպատժվի: Ռուսաստանի դատախազությունը նույնիսկ ՌԴ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածով, որը սահմանում է ուրիշի ունեցվածքը դիտավորյալ վնասելու կամ ոչնչացնելու սահմանափակումների մասին, արդեն քրեական գործ է հարուցել եւ գործի քննությունն այժմ ընթացքի մեջ է: Բայց ռուսական գազատարը պայթեցնելը ձեռնտու չէր ո՛չ Հայաստանին, ոչ էլ Վրաստանին: Եվ հետո, նկատենք, որ մոտավորապես նույն հատվածում՝ ՌԴ սահմանի Վերին Լարսի անցակետում, նմանատիպ վթար եղել է նաեւ 2003 թվականին, երբ ռուսական գազի մատակարարման ոլորտում մթնոլորտը լարված չէր եւ գազի գների բարձրացման մասին խոսք էլ չկար, ուստի չի բացառվում, որ եղածն այս անգամ էլ պարզապես վթար լինի: «ՀայՌուսգազարդ» ընկերությունը ռուսական գազատարի պայթեցման վարկածի մասին ձեռնպահ մնաց որեւէ տեսակետ արտահայտել՝ պատճառաբանելով, որ իրենց խնդիրը միայն սահմանից գազ ստանալն է: Ինչ խոսք, եթե նույնիսկ գազատարը պարզապես տեխնիկական վթարի պատճառով էլ պայթած լինի, այդ խնդրին այլեւս դժվար կլինի նայել միայն տնտեսական ասպեկտից, քանի որ հարցին ի սկզբանե կողմերը տվել են ավելի շատ քաղաքական նշանակություն: Այնուամենայնիվ, փաստն այն է, որ հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը Հյուսիսային Կովկասում՝ Մոզդոկ-Թբիլիսի գազամուղի վրա, պայթյուններ են տեղի ունեցել, ինչի հետեւանքով Հարավային Կովկասը զրկվել է ռուսական գազի մատակարարումից: Հայաստանն այժմ դադարեցրել է Վրաստանին էլեկտրաէներգիա մատակարարել, քանի որ մեր էներգաբլոկները գազով են աշխատում, իսկ Վրաստանը հայտնվել է էներգետիկ ճգնաժամի մեջ: Եթե առաջիկա օրերին վթարը չվերացվի, ճգնաժամի մեջ կհայտնվի նաեւ Հայաստանը, որովհետեւ՝ թե քանի օր կարող ենք «ձգել» միայն հայաստանյան գազի պահեստային պաշարով, «ՀայՌուսգազարդ» ընկերությունից ստույգ որեւէ ժամկետ չկարողացան նշել: Ընկերության լրատվական ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանի խոսքերով՝ «դա խիստ հարաբերական է»: Նա հիշեցրեց, որ «էլի դեպքեր են եղել (մասնավորապես՝ խոսքը Վերին Լարսի հատվածում գազամուղի վթարի մասին է,- Հ. Ջ.), երբ Հայաստանը ռուսական գազի մատակարարումից զրկված է եղել շուրջ 8 օր, բայց գազի պահոցների հաշվին այնպես ենք արել, որ ըստ էության հայ սպառողը դա չի զգացել»: Ներկայումս, պաշտոնական տեղեկատվության համաձայն, մեր գազի պահոցներում կա 80 մլն խորանարդ մետր գազ: Ընկերությունից հավաստիացրին, որ ամենապիկ շրջանում Հայաստանում օրական սպառվել է առավելագույնը 6,7 մլն խմ գազ, իսկ հիմա այդ թիվը կազմում է 4,8 մլն խմ: Սա նշանակում է, որ օրական նույնիսկ 7 մլն խմ գազ սպառելու դեպքում Հայաստանի համար գազի պաշարները 11-12 օր կբավականացնեն: Մինչդեռ ընկերությունից բնակչությանը հուսադրելու հետ մեկտեղ, թե «մենք ամեն ինչ կանենք, որ Հայաստանի սպառողների անընդհատ գազամատակարարումն ապահովենք», արդեն խոսակցություններ են տարածվում, որ եթե գազատարի վերանորոգումը երկարաձգվի, հնարավոր է՝ ավտոգազալիցքավորման կետերին եւ ոչ կենսապահովման ոլորտի հաստատություններին ու ձեռնարկություններին դադարեն գազով սպասարկել: Սա «Առավոտին» հաստատեց նաեւ Շ. Սարդարյանը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ նման բան չի լինի. «Մենք հետեւում ենք ռուսական աղբյուրներին, նրանք, որպես գազամուղի վերանորոգման ժամկետ, նշում են մինչեւ ամսի 25-ը, իսկ դա բավականին հուսադրող ժամկետ է: Չի բացառվում, որ 2-3 օրից վթարն այդպես էլ չվերանա, դեռ պետք է փորձարկումներ անեն, կարող է՝ էլի ինչ-ինչ պրոբլեմներ առաջանան, այս պահին դժվար է որեւէ հստակ բան ասել»: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ ռուսական գազատարի պայթյունը իր տնտեսական եւ քաղաքական հետեւանքներով հանդերձ, Հայաստանում որոշակի դրական ազդեցություն է թողել: Այժմ ՀՀ կառավարությունն արագ տեմպերով սկսել է գազի ապաստարան կառուցելու համար բիզնես պլան մշակել: Այս հարցը բարձրացվել էր դեռեւս 1-2 տարի առաջ, ընթացքում գտնվել էին նաեւ ներդրում իրականացնող կազմակերպությունները, որոնց թվում է նաեւ Համաշխարհային բանկը, բայց ինչ-ինչ պատճառներով հարցն անընդհատ երկրորդ պլան էր մղվում ու հետաձգվում: Այս առնչությամբ «ՀայՌուսգազարդ» ընկերությունից հայտնեցին, որ իսկապես, հիմա ավելի, քան երբեւէ, Հայաստանը զգում է էներգետիկ անվտանգություն ունենալու կարեւորությունը եւ սկսել է գազի ստորգետնյա պահեստարանների հարցի շուրջ քննարկումներ անցկացնել: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել