Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ

Հունվար 24,2006 00:00

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ «18+1» ֆորմատը դեռ վերջնականապես չձեւավորված՝ սկսեց քայքայվել: Կուսակցություններից մեկը դուրս եկավ այդ ձեւաչափից, մյուսի ղեկավարը հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերի համագործակցության այս ձեւը սպառված է: Դրա բացատրություններից մեկը ինքնին խոսուն է. համագործակցությունը գոյություն ուներ զուտ սահմանադրական հանրաքվեն բոյկոտելու համար: Բնականաբար, եթե ինչ-որ դաշինք ստեղծվում է նման ժամանակավոր հեռանկարով, ապա իմաստ չունի ակնկալել, որ այդ դաշինքը երկարակյաց կլինի: Իհարկե, այս աշխարհում ամեն ինչ ժամանակավոր է, նույնիսկ՝ ՀՀ-ում իշխող կոալիցիան: Բայց հատկապես «18+1»-ի խիստ ժամանակավոր լինելը՝ գումարած վաղը ձեւավորվելիք «Քաղաքացիական Հայաստանի» (վստահաբար կարելի է ասել) տխուր հեռանկարները ենթադրել են տալիս, որ այդ «ֆորմատների» հիմքում ինչ-որ սխալ կա: Հայաստանի համար խրոնիկական «սխալների» մասին (լիդերների անձնական ամբիցիաներ, միավորող գաղափարախոսության բացակայություն) շատ է խոսվել: Համեմատաբար ավելի քիչ անդրադարձ կա հենց ներկայիս ընդդիմությանը հատուկ մի երեւույթին: Նրա ներկայացուցիչների մեծ մասը (Վազգեն Մանուկյան, Արտաշես Գեղամյան, Ալբերտ Բազեյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Հովհաննես Հովհաննիսյան, Սմբատ Այվազյան, Աշոտ Մանուչարյան, Արամ Կարապետյան եւ շատ-շատ ուրիշներ) կողմ էր 1997-98-ի վարչապետի եւ ուժայինների դավադրությանը՝ ՀՀ առաջին նախագահի դեմ: Բացարձակապես չեմ ուզում ասել, թե՝ ա՛յ, տեսեք՝ Աստված նրանց դրա համար պատժեց: Նման միստիկ բացատրությունից հեռու եմ: Պարզապես, եթե դու ժամանակին դավադրության կողմնակից էիր, ապա քաղաքացիները քեզ կարող են չհավատալ, երբ դու ասում ես, թե սահմանադրական կարգի վերականգնման ջատագով ես: Քաղաքացիները կարող են ենթադրել, որ դու դավադրությունից անձնական ակնկալիքներ ունեիր, եւ երբ դրանք չիրականացան (կամ իրականացան մասամբ), հիմա դու պարզապես «աբիժնիկ» ես: Վերջապես, դավադրության կողմնակից լինելով՝ դու կամա թե ակամա ապացուցում ես, որ Հայաստանում իշխանությունը կարող է փոխվել միայն այդ ճանապարհով: Վերջինը գուցեեւ ճիշտ է: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել