Լրահոս
Օրվա լրահոսը

«ՖՈՐՄԱՏ»-ԻՆ FORMA՞T ԵՆ ԱՐԵԼ, ԹԵ՞ DELETE

Հունվար 24,2006 00:00

«ՖՈՐՄԱՏ»-ԻՆ FORMA՞T ԵՆ ԱՐԵԼ, ԹԵ՞ DELETE «18+1» ձեւաչափով միավորված կուսակցություններից ոմանք հեռանում են ձեւաչափից, ոմանք նեղանում են հեռացածներից, իսկ ոմանք էլ մտածում են՝ հեռանա՞լ, թե՞ նեղանալ: Նախորդ շաբաթվա վերջին Պահպա նողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որով հանրությանը տեղյակ էր պահել, թե իր ղեկավարած կուսակցությունը դուրս է գալիս ընդդիմադիր «18+1» ֆորմատից, քանի որ իրենց համար «սպառվել է «17»-ի ձեւաչափում գործելու իմաստը»: Նա նաեւ կարծիք էր հայտնել, որ ընդդիմությունը սպառել է իրեն, իսկ ժողովուրդը կրկին անգամ պարտվել է գործող իշխանությանը՝ ընդդիմության «ոչ համարժեք գործողությունների արդյունքում»: Գրեթե նույն ժամանակահատվածում մեր թերթին տված հարցազրույցի մեջ Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը նույնպես կարծիք էր հայտնել, որ «18+1» ֆորմատն արդեն սպառել է իրեն: Ի լրումն այս ամենի, նկատենք, որ ՍԻՄ-ն էլ, իր իսկ նախագահի՝ Հրանտ Խաչատրյանի խոստովանությամբ, ներկայումս գտնվում է քաղաքական խորհրդակցությունների փուլում՝ «մենք խորհրդակցում ենք բոլոր քաղաքական ուժերի հետ»: Փաստորեն, կարելի է գրանցել, որ ըստ էության սկսվել է «18+1»8211ի փլուզման գործընթացը: Արդյո՞ք դա գիտակցում են այդ ֆորմատի մեջ հավաքված ուժերը, եւ արդյո՞ք համակերպվել են այդ իրականության հետ: Ցավոք, Պահպանողական կուսակցության նախագահը մերժեց այս եւ այլ հարցերի շուրջ հարցազրույց տալու մեր խնդրանքը: Իսկ ահա ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը մեր հարցին՝ պատրաստվո՞ւմ եք լքել «սպառված» դաշինքը, պատասխանեց. «Առայժմ չենք դուրս գա: Կարծում եմ, հնարավորություն կա, որ այդ ֆորմատը ռեֆորմի ենթարկվի եւ իր առջեւ նոր խնդիրներ դնի ու նոր լուծումներ փնտրի: Իսկ առայժմ կրկնեմ, որ այն խնդիրների մասով, որոնք դրված էին այդ ֆորմատի առջեւ՝ նա սպառվել է: Կարծում եմ, որ «18+1»-ից դեռ էլի դուրս եկողներ կլինեն: Որպես օրինակ նշեմ, որ եթե Հրանտ Խաչատրյանը, որի ղեկավարած ՍԻՄ կուսակցությունը ֆորմատի մեջ լինելով հայտարարում է, որ արդեն նոր քաղաքական կոնսուլտացիաներ է սկսել, ուրեմն նա նոր լուծումներ է փնտրում: Նույնը՝ Արամ Գասպարիչ Սարգսյանը… Այս ամենն առիթ է տալիս մտածելու, որ նոր իրավիճակում, որի մեջ հայտնվել ենք հիմա, նոր լուծումների կարիք կա»: Այս կարծիքի հետ «18+1»-ի կամ՝ «17+8»-ի մյուս անդամները այնքան էլ համաձայն չէին: Մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանը տեղեկացրեց, որ իրենք չեն կարծում, թե ֆորմատը սպառվել է, քանի դեռ գործընթացները չեն վերսկսվել. «Եվ ընդհանրապես՝ այդ ինչպե՞ս են որոշում՝ սպառվել է, թե չի սպառվել: Դա առնվազն նշանակում է պայքարի կեսից հեռանալ: Կարծում եմ, որ այդ ֆորմատը նախորդ տարի իր առջեւ դրված խնդիրների մեծ մասը կատարել է եւ այս տարվա համար էլ շատ անելիքներ ունի»: ՀՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը ավելի կտրուկ էր իր գնահատականում. «Համակարծիք չեմ, որ ֆորմատն իրեն սպառել է: Եթե որոշ մարդիկ նոր ֆորմատ են գտել եւ ուզում են դրան միանալ, հրաժարվելով այս ֆորմատից, դա իրենց խնդիրն է, բայց թող չասեն, թե ֆորմատն է սպառվել: Այդ ֆորմատում մարդիկ են, որ ուզում են ինչ-որ բան անել: Ոչինչ չանելն ամենահեշտն է: Գուցե նրանք համարում են, որ հանրաքվեի ավարտվելով իրենց առաքելությունը կարելի է ավարտված համարել, բայց չէ՞ որ առաքելությունը կարող է փոխվել: Ընդդիմադիր դաշտում ավելի ակտիվ ուժ, քան այդ ֆորմատն է, ես չեմ տեսնում: Հեռացողների նպատակն ինձ համար պարզ չի՝ ինչ-որ նախընտրական խաղե՞ր են, ընտրությունների՞ն են առանձին պատրաստվում, ինքնառեկլա՞մ են անում՝ չգիտեմ: Յուրաքանչյուրն իր խնդիրն ունի, ես ոչ մեկին չեմ մեղադրում, սակայն գիտեմ մի բան՝ ավելի լավ է քիչ անել, քան՝ ոչինչ չանել»: Իր գնահատականներում կոշտ էր նաեւ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը. «Իսկ Պահպանողական կուսակցությունը ի՞նչ արեց ֆորմատի մեջ, որ հիմա էլ հայտարարում է, թե՝ ֆորմատն իրեն սպառել է: Այդ ի՛նքն է սպառվել: Ում իշխանական համակարգը բերել է, նրանք դուրս կգան այդ ֆորմատից, բայց հիմքը՝ «կոստյակը» կմնա: Ավելի լավ, թող գնան: Հիմա ինքնամաքրման գործընթաց է գնում, գուցե դեռ մեկ-երկուսը էլի կգնան՝ ոչինչ: Իսկ «17»-ը կա եւ գործում է՝ անկախ նրանից, թե ով ինչ հայտարարություն է անում»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել