Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ

Հունվար 24,2006 00:00

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ
ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ «18+1» ֆորմատը դեռ վերջնականապես չձեւավորված՝
սկսեց քայքայվել: Կուսակցություններից մեկը դուրս եկավ այդ ձեւաչափից, մյուսի ղեկավարը
հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերի համագործակցության այս ձեւը սպառված է: Դրա բացատրություններից
մեկը ինքնին խոսուն է. համագործակցությունը գոյություն ուներ զուտ սահմանադրական
հանրաքվեն բոյկոտելու համար: Բնականաբար, եթե ինչ-որ դաշինք ստեղծվում է նման ժամանակավոր
հեռանկարով, ապա իմաստ չունի ակնկալել, որ այդ դաշինքը երկարակյաց կլինի: Իհարկե,
այս աշխարհում ամեն ինչ ժամանակավոր է, նույնիսկ՝ ՀՀ-ում իշխող կոալիցիան: Բայց հատկապես
«18+1»-ի խիստ ժամանակավոր լինելը՝ գումարած վաղը ձեւավորվելիք «Քաղաքացիական Հայաստանի»
(վստահաբար կարելի է ասել) տխուր հեռանկարները ենթադրել են տալիս, որ այդ «ֆորմատների»
հիմքում ինչ-որ սխալ կա: Հայաստանի համար խրոնիկական «սխալների» մասին (լիդերների
անձնական ամբիցիաներ, միավորող գաղափարախոսության բացակայություն) շատ է խոսվել:
Համեմատաբար ավելի քիչ անդրադարձ կա հենց ներկայիս ընդդիմությանը հատուկ մի
երեւույթին: Նրա ներկայացուցիչների մեծ մասը (Վազգեն Մանուկյան, Արտաշես Գեղամյան,
Ալբերտ Բազեյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Հովհաննես Հովհաննիսյան, Սմբատ Այվազյան, Աշոտ
Մանուչարյան, Արամ Կարապետյան եւ շատ-շատ ուրիշներ) կողմ էր 1997-98-ի վարչապետի
եւ ուժայինների դավադրությանը՝ ՀՀ առաջին նախագահի դեմ: Բացարձակապես չեմ ուզում
ասել, թե՝ ա՛յ, տեսեք՝ Աստված նրանց դրա համար պատժեց: Նման միստիկ բացատրությունից
հեռու եմ: Պարզապես, եթե դու ժամանակին դավադրության կողմնակից էիր, ապա քաղաքացիները
քեզ կարող են չհավատալ, երբ դու ասում ես, թե սահմանադրական կարգի վերականգնման ջատագով
ես: Քաղաքացիները կարող են ենթադրել, որ դու դավադրությունից անձնական ակնկալիքներ
ունեիր, եւ երբ դրանք չիրականացան (կամ իրականացան մասամբ), հիմա դու պարզապես «աբիժնիկ»
ես: Վերջապես, դավադրության կողմնակից լինելով՝ դու կամա թե ակամա ապացուցում ես,
որ Հայաստանում իշխանությունը կարող է փոխվել միայն այդ ճանապարհով: Վերջինը գուցեեւ
ճիշտ է: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել