Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՏԻԿԻՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԵՐ»

Հունվար 21,2006 00:00

«ՏԻԿԻՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԵՐ» ՀՀ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը մի քանի օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կառավարման ժամանակավոր հանձնաժողովի նախագահն էր: Չնայած հանձնաժողովն արդեն գոյություն չունի, այնուամենայնիվ, կարծում ենք, հետաքրքիր կլինեն Ա.Հակոբյանի դատողությունները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ու պաշտպանի մասին: Զրույցի ընթացքում Առուշան Հակոբյանը մի քանի անգամ կրկնեց. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ չի ստեղծվել, չի նշանակվել աշխատակազմի ղեկավար, նյութական պատասխանատու, աշխատանքների կոորդինատոր, այսինքն՝ որպես այդպիսին աշխատակազմ չի ձեւավորվել»: Եվ հենց այդ պատճառով, ըստ նրա, ՀՀ նախագահը նպատակահարմար է գտել ամսի 5-ին, քանի որ լրանում էր ՄԻՊ լիազորությունների ժամկետը, ստեղծել աշխատակազմի կառավարման հանձնաժողով, որը կկատարի նյութական արժեքների՝ կնիքի, շենքի, մեքենաների եւ այլնի ընդունում-հանձնում, գույքագրում, ի պահ հանձնում: «Հանձնաժողովը իր իրավասության շրջանակից ոչ մի քայլ դուրս չի եկել, ամսի 5-ին գնացել է Պաշտպանի գրասենյակ, կատարել այդ գործողությունները եւ վերջ,- պարզաբանում է Ա. Հակոբյանը:- Մարդու իրավունքների պաշտպանի որեւէ լիազորություն չի վերցրել, հավաքել ենք աշխատակազմին, ասել, որ ընդունեն դիմում-բողոքներ, հավաքեն, տեսակավորեն, դասակարգեն, բայց ընթացք չտան, իրավունք չկա, մինչեւ նոր պաշտպան նշանակվի: Քաղաքացին մեղք չունի այս իրավիճակի համար, դրա համար դիմումները պետք է ընդունվեն»: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նամակների բաժնից տեղեկացանք, որ հանձնաժողովը հավաքել ու չհրկիզվող պահարանում փակել է նաեւ դիմում-բողոքների գրանցման մատյանները: Քանի որ Ա. Հակոբյանը բազմիցս շեշտում էր, թե չկա աշխատակազմ, հետաքրքրվեցինք, թե ինչու Պաշտպանի աշխատակազմը նա չի համարում այդպիսին: «Նա պետք է ստեղծեր աշխատակազմ, որ չի ստեղծվել որպես այդպիսին: Ինքը համարել է, որ այդ բոլորը ինքը պիտի անի, ղեկավարի, ստորագրի եւ այդպես էլ ասաց»: «Օրենքով Պաշտպանն ինքն է ղեկավարում իր աշխատակազմը»,- հիշեցրինք օրենքը: Սակայն պարոն Հակոբյանը պնդեց. «Օրենքում չկա գրված, որ նա է ղեկավարում իր աշխատակազմը: Նա պետք է ստեղծեր աշխատակազմ, գոնե ստեղծեր գլխավոր քարտուղար, գոնե կոորդինատոր»: «Այսինքն, եթե չի նշանակվել աշխատակազմի ղեկավար, դա նշանակում է չկա՞ աշխատակազմ»: «Աշխատողներ կան, պետական հիմնարկ չի ստեղծվել: Նա պետք է ստեղծեր պետական հիմնարկ, որը պետք է գրանցվեր արդարադատության նախարարությունում, հաշվառվեր: Իրենք չունեն ոչ աշխատակազմի բլանկ, ոչ աշխատակազմի կնիք: Կա միայն Պաշտպանի բլանկ ու Պաշտպանի կնիք, ուրիշ բան չունեն,- պնդում էր ՍԴ աշխատակազմի ղեկավարը:- Տիկին Լարիսայի մոտեցումն այսպիսին է, ես պիտի լինեմ, ամեն ինչ իմ շուրջը պիտի պտտվի: Պետք լինի գոնե կոորդինատոր, գոնե ինքն իրեն նշանակեր աշխատակազմի ղեկավար: Իրավական ակտ չկար, որ գոնե ինքն իր վրա դներ աշխատակազմի ղեկավարի պարտականությունները: Իսկ ես ունեմ ՀՀ նախագահի հրամանագիրը, ես դրանով եմ գնացել Պաշտպանի գրասենյակ, ու հարցրել եմ Պաշտպանին ու տեղակալին, իսկ դուք ինչո՞վ եք եկել այսօր: Ես արդեն իրավունք ունեմ ձեզ ասել, որ դուք իրավունք չունեք այստեղ գտնվել: Նոր իրենք խելքի եկան: Այսինքն, եթե նա գոնե մեկ հրաման տված լիներ, թեկուզ եւ դա հակասեր օրենքին ու սահմանադրությանը, իր հրամանը իր վրա դներ, էլի կասեի հա, հիմա կին է, եւ այլն, դե ոչինչ: Ոչ մի հրաման չկա: Ես չեմ մեկնաբանում, ոչ էլ իմ իմպրովիզացիան եմ ներկայացնում: Ասում եմ այն՝ ինչ որ կա»,- համոզված ասում է ՀՀ ՍԴ աշխատակազմի ղեկավարը: Մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր իրավախորհրդատու Ժորա Խաչատրյանն այս մեղադրանքների կապակցությամբ պարզաբանեց. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ պետական հիմնարկը գրանցված է ՀՀ արդարադատության նախարարությունում, ունի աշխատակազմի բլանկ եւ աշխատակազմի կնիք, ինչպես որ կարգն է: Հակառակ դեպքում ինչպե՞ս այս հիմնարկը կստանար պետական ֆինանսավորում: Ինչ վերաբերում է աշխատակազմին, համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 25 հոդվածի՝ Պաշտպանը ինքն է ստեղծում իր աշխատակազմը, ինքն էլ անմիջականորեն ղեկավարում է այն»: Եթե Պաշտպանը ստեղծած լիներ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, ապա ի՞նչ էր դա փոխելու ամսի 5-ին, երբ լրացավ նրա պաշտոնավարման ժամկետը, հարցին Առուշան Հակոբյանը պատասխանեց. «Պետական հիմնարկների մասին օրենքը նայե՞լ եք: Այդ օրենքով հիմնարկը իր լիազորությունները կշարունակեր, դիմումներ կընդուներ, ֆինանսական հաշվետվություն կպատրաստեր, մարդիկ կգային աշխատանքի, աշխատակազմի ղեկավարը, ինչպես որ ես, ամեն օր ֆունկցիա ունեմ կատարելու, կաներ, կկոորդինացներ նրանց աշխատանքները, միայն դիմումները չէր կարող տնօրինել: Ինչպես որ ես, ենթադրենք Հարությունյան Գագիկը (ՍԴ նախագահը) երբ այստեղ չի լինում՝ ամեն ինչ նախապատրաստում եմ, բայց տնօրինման իրավունք չունեմ»: Անդրադառնալով Լ. Ալավերդյանի հայտարարությանը հրամանագրի հակասահմանադրականության մասին, Ա. Հակոբյանն ասաց. «Տիկին Ալավերդյանը փոխանակ ամսի 4-ին, 5-ին ու 10-ին ընդվզեր, երկու տարի ժամանակ ուներ: Պետք է հազար հարց ներկայացներ, սկսած սահմանադրական փոփոխություններից, վերջացրած այդ նույն օրենքով: Ո՞ւր է, թե դիմել են, ես էլ մեր տանը շատ բան եմ ասել ու խոսել, ո՞ւր է: Այ, օրինակ, ո՞ւր էր Լարիսա Ալավերդյանը, երբ ընդունվում էր սահմանադրական փոփոխությունները: Հենց առաջին բառը. «Հայ ժողովուրդը, ընդունելով8230..»: Իսկ ինչո՞ւ չպաշտպանեց ազգային փոքրամասնությունների իրավունքը: Իսկական Լարիսայի հարցն էր: Ինչո՞ւ չէր պայքարում: Սա Լարիսայի գործը չէ՞ր: Ես խոսեցի այս մասին, բա Ալավերդյանն ո՞ւր էր: Ինչո՞ւ չի պաշտպանում սահմանադրական իրավունքները երկու տարի: Ո՞ւր է այդ ինստիտուտի ակտիվությունը: Ո՞ւր է դիրքորոշումը: Գնացեք ու հարցրեք, ո՞ւր են իրենց առաջարկները: Բայց հիմա թող ամսաթիվ կեղծելով առաջարկություն չներկայացնեն: Էսօր հեշտ է խոսել, հունվարի 6-ի, 7-ի առաջարկությունները թող պահեն իրենց դարակներում, իրենց տանը, թող երկու տարվա ընթացքում արված առաջարկությունները ներկայացնեն»: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացրին, որ իրենց առաջարկությունները թե «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի, թե սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, իրենք ներկայացրել են, եւ այդ նամակները գրանցվել են համապատասխան մատյաններում, պարզապես պարոն Հակոբյանը հնարավոր է դրանց մասին չգիտի: Ա. Ռ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել