Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՈՒՇՈՒՄ

Հունվար 21,2006 00:00

ՀՈՒՇՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ Երեւանի բուհերում ամենուրեք կարելի է հանդիպել ներքին կյանքը «կարգավորող» «չի կարելիների» բազմաթիվ ցուցանակների: Օրինակ՝ «Չծխել», «Աստիճանների ճաղերին ու պատերին ոտքը չհենել» կամ «Անջատել բջջային հեռախոսները»: Որպես կանոն՝ սրանցից եւ ոչ մեկը գործնականում չի կիրառվում: Մեր հանդիպած ամենատարածված զգուշացումը բուհերի շքամուտքերում փակցված «Մուտքը միայն ուսանողական տոմսերով կամ վկայականներով» ցուցանակն է: Այս զգուշացմանը հաստատ բանի տեղ դնող չկա: Գրեթե բոլոր բուհերի պահակակետերում ջեռոցի տաքությունից կիսաքնած հերթապահները որեւէ փաստաթուղթ չէին պահանջում: Օրինակ՝ ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում թեժ քննական շրջանում հանգիստ ելումուտ էին անում ուսանողներին «բարոյահոգեբանական» աջակցություն ցուցաբերող ծնողները, եղբայրները, անկախ սեռից, տարիքից, կուսակցական պատկանելությունից: Նրանց թիվը գերազանցում էր քննության բուն մասնակիցներին: Համալսարանի գրեթե բոլոր ֆակուլտետներում փակցված է «Չծխել» հիշեցումը, սակայն ամենուր ծուխ էր: Ռուսաց լեզվի ամբիոնում մեր այցի ժամանակ բուն քննական գործընթացն ուղեկցվում էր ամանորյա ճոխ սեղանով: Իսկ աղբամաններն էլ լիքն էին կոնյակի եւ շամպայնի արդեն դատարկված շշերով: Եթե ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետում ծխելն արգելող ցուցանակը պահպանվել էր կոմունիստների ժամանակներից՝ հին ու քրքրված տարբերակով, ապա Մանկավարժական համալսարանում այդպես էլ չհանդիպեցինք նման ցուցանակի: ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի պատերին փակցված ցուցանակով արգելվում է պատերին ոտնահետքեր թողնելը: Այս հիշեցմանը հավանաբար քչերն են հետեւում. քանի որ համալսարանի պատերին առկա կոշիկի հետքերը արդեն իսկ խոսում են մեր «ոսկի» երիտասարդության՝ ապագա դատավորների, դատախազների մտքի թռիչքի մասին: Ուսանողների մեկնաբանմամբ՝ այդ ոտնահետքերը քննությունից հետո իրենց ուրախ կամ տխուր տրամադրությունն են արտացոլում, իսկ կոշիկի վրայի թիվը՝ այն գումարի չափը (դոլարով), որը տրվում է դասախոսին: Այս ֆակուլտետում արգելվում էր նաեւ շենքում խոսել բջջային հեռախոսով: Այդ արգելքին ուշադրություն դարձնող չկար: Երեկվա մեր այցի ժամանակ ուսանողներն ու դասախոսները անկաշկանդ երկար-բարակ զրուցում էին բջջայիններով: Զվարճալի են նաեւ ԵՊՀ-ի դրսի պատերին փակցված հայտարարությունները: Օրինակ՝ «Ալ-ջազիրան» ուսանողներին առաջարկում է բառարաններ, Ղուրան, նարգիլե եւ արեւելյան խմորեղեն: Ինչպես պարզեցինք, այդ «Ալ-ջազիրան» ոչ թե մեզ հայտնի Կատարի հեռուստաընկերության մասնաճյուղն է ՀՀ- ում, այլ Երեւանում գործող խանութ է: Կիսամերկ աղջիկներով հեղեղված գունաթափված պաստառն էլ ԵՊՀ-ի, Սլավոնական, Ճարտարագիտական, Հայբուսակ, Եվրոպական համալսարանների ուսանողներին հրավիրում էր «Րեւոլյուշն փարթիին»: Կիսամերկ աղջիկների տեսքը խոստանում էր, որ հրավիրվածներին հուսախաբ չեն անի եւ «փարթին» կուղեկցվի կրքոտ եւ անմոռանալի պարերով: Այս պաստառի ձախ կողմում փակցված էին Համո Սահյանի փոշուց խամրած դիմանկարները՝ «Ես կուշանամ» մակագրությամբ: Իսկ «հեղափոխական» աղջիկների աջ կողմում, հավանաբար նրանցից ոգեշնչվածներին, առաջարկվում էր տուն վարձել Երեւանում: ԵՊՀ-ի պատերի «բազմակարծությունը» լրացնում են «Մեկ ազգ» կուսակցության քրքրված «Զգուշացեք Եհովայի վկաներից» կոչերը: Հավելենք, որ Մանկավարժականում եւ ԵՊՀ-ում փակցված գրեթե բոլոր հայտարարությունները շուրջ մեկ տարվա վաղեմություն ունեին, ժամկետանց էին: Դրանք հիմնականում ուսանողներին հրավիրում էին մասնակցել այս կամ այն բարեգործական միջոցառումների, ակցիաների: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել