Լրահոս
Օրվա լրահոսը

Հերոսները կոտրվում են ապօրինաշինությունից

Հունվար 21,2006 00:00

Հերոսները կոտրվում են ապօրինաշինությունից Խոսքը տվյալ դեպքում Մալաթիա-Սեբաստիա համայնքի Վահան Զատիկյանի անվան զբոսայգու հարեւանությամբ գտնվող հեքիաթային հերոսների քանդակների մասին է: Դրանցից 2-3-ը ընդամենը մեկ տարվա կյանք ունեցան եւ կոտրվեցին հարեւանությամբ սկսված շինարարության պատճառով: 2002 թվականին համայնքի ղեկավարության նախաձեռնությամբ տասից ավելի քանդակագործներ ցուցադրեցին քարեր կենդանացնելու իրենց արվեստը: Հետո այդ ստեղծագործությունների մեծ մասը տեղադրվեց թաղամասի զբոսայգիներում, իսկ մյուս մասը, որոնց թվում էր նաեւ Քաջ Նազարը եւ եւս մեկը կամ երկուսը (որոնց «ինքնությունը» չհասցրինք պարզել), մինչ կորոշեին, թե որտեղ տեղադրեն, ենթարկվեց ապօրինի տեղահանման: Թե՛ «Քաջ Նազարը», որը մինչ այդ առոք-փառոք տեղավորված էր ճամփեզրին եւ մտիկ էր անում անցնող-դարձողին, գլխատվեց, եւ թե՛ մյուսները նույնպես մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան: Կողքին հայտնվեց մի կիսակառույց (որը մինչ օրս նույն վիճակում է), եւ տարածքը վերածվեց բազմանշանակ մի օբյեկտի. մութը վրա հասնելուն պես այն դառնում է զուգարան կամ տնքարան, իսկ ամռանը՝ բացօթյա «վետերոկ», որտեղ քանդակների հարթ կտորները ծառայում են որպես ուտուշ-խմուշի սեղան: Երբ այդ մասին տեղեկացրինք Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի մշակույթի բաժնի պատասխանատու Արեւիկ Պետրոսյանին, նա ասաց, որ տեղյակ չէ կոտրված քանդակների մասին, քանի որ ընդամենը վեց ամիս առաջ է ստանձնել պատասխանատուի լիազորությունները: Դիմեցի համայնքի ճարտարապետաշինարարական բաժնի պետ Աշոտ Սմբատյանին՝ ճշտելու, թե ինչ կարգավիճակ ունի վերոնշյալ կառույցը, ով է հեղինակը եւ ինչ միջոցներ է ձեռնարկել թաղապետարանը՝ այդ ապօրինության հետեւանքները շտկելու համար, եւ արդյո՞ք ձեռնարկել է: Պարոն Սմբատյանն ասաց, որ չի ճանաչում կառուցապատողին, սակայն որքան տեղյակ է, քաղաքապետարանի որոշմամբ, շինությունը քանդման է ենթակա եղել: Բացի դրանից, կառուցապատողի եւ վնասված քանդակի (Քաջ Նազարի) հեղինակի միջեւ արձանիկը վերականգնելու փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել: Այդուհանդերձ, Ա. Սմբատյանը խորհուրդ տվեց այդ տեղեկությունների ճշգրիտ պատասխանը փնտրել քաղաքապետարանում, քանի որ կառուցապատման օրինական կամ անօրինական կարգավիճակները որոշելու, քանդելու կամ թողնելու պատասխանատվության հարցը քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում է: Դիմեցինք քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետական վերահսկողության բաժին՝ ակնկալիքով, թե պետից՝ Հրաչիկ Մուրադյանից կիմանանք մեզ հուզող հարցերի պատասխանները: Սակայն ոչ քաղաքային եւ ոչ էլ բջջային հեռախոսահամարներով չհաջողվեց պարոն Մուրադյանի հետ կապ հաստատել: Այս երեւույթը մեկ անգամ եւս փաստում է, որ ոմանց համար սեփական շահը վեր է ազգային մշակույթից, հասարակության շահերից եւ որ ոչնչացնելով մանկան հեքիաթային աշխարհը՝ նրանք ոչնչացնում են հենց մանուկներին: Եթե, իհարկե, երեւույթը մերօրյա քաջնազարների դեմքերը թաքցնելու միտումնավոր քայլ չէ: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել