ԱՅՍԲԵՐԳԻ ԵՐԵՎԱՑՈՂ ՄԱՍԸ Պատժվեց կանանց վաճառողների եւս մի խումբ Հրազդանցի Արմինեն (անունը փոխված է) Դուբայում գտնվելով ստրուկի կարգավիճակում՝ մեկ տարի սեռական շահագործման է ենթարկվել հայտնի կավատ, Ինտերպոլով հետախուզվող Անահիտ Մալխասյանի կողմից (մականունը՝ Դըբռ Անո): 2005թ. հոկտեմբերի 3-ին Ա. Մալխասյանը Դուբայում կասկածելի հանգամանքներում դարձել է ավտովթարի զոհ: ՀՀ գլխավոր դատախազությունում նրա նկատմամբ քրեական գործը կարճվել է: Արմինեն ունի երկու երեխա: Ամուսինը չորս տարի առաջ գնացել է Ռուսաստան եւ այլեւս չի վերադարձել, ոչ էլ ընտանիքին է օգնել այդ տարիների ընթացքում: Արմինեն տեղափոխվել եւ ապրում էր ծնողների մոտ, որոնք նույնպես գտնվում էին սոցիալապես ծանր վիճակում: Արմինեն երկար ժամանակ աշխատանք էր փնտրել Հրազդանում: Խորհրդային տարիների մի քանի գործարանների շուրջ կառուցված այս քաղաքում այսօր բնակչության հիմնական մասն աշխատանք չունի, քանի որ գործարանների մեծ մասը չի աշխատում: Արմինեին Դուբայում բարձր վարձատրվող աշխատանք է առաջարկում Գայանե Միրզոյանը: «Գայանե Միրզոյանը մեր շենքում էր ապրում: Ինձ ու ընկերուհուս իրենց տանը սուրճ խմելիս ասաց, որ բարձր վարձատրվող աշխատանք կա, կուզենա՞ք անել: Մենք երկուսս էլ՝ ես ու Ռուզանը, ծանր վիճակում էինք, ուրախացանք: Մտքներովս ոչ մի վատ բան չի էլ անցել: Ասաց՝ կամ հացթուխ կաշխատեք, կամ էլ երեխա կպահեք: Մենք էլ համաձայնվեցինք»,- 2005թ. փետրվարին Դուբայում պատմեց Արմինեն: Գայանե Միրզոյանի՝ կավատ դառնալու պատմությունը բնութագրական է այսօր Դուբայում եւ Թուրքիայում հայ կանանց աշխատեցնող բոսերի համար: Նրանք գրեթե բոլորն էլ ժամանակին եղել են մարմնավաճառներ ու հետո դարձել «բոսեր»: 2001-ին Գայանեն մարմնավաճառությամբ փող աշխատելու նպատակով մեկնել է Դուբայ: Նա աշխատում էր Անահիտ Մալխասյանի հսկողության ներքո: Մի քանի ամիս աշխատելուց հետո Դուբայի ոստիկանությունը Գայանեին ձերբակալել է եւ արտաքսել Հայաստան: Անահիտ Մալխասյանը արդեն Երեւանում գտնվող Գայանեին առաջարկել է հավաքագրել կանանց եւ ուղարկել իր մոտ աշխատելու: Գայանեն իր հայրենի քաղաքում՝ Հրազդանում, սկսում է փնտրել-գտնել դժվարին պայմաններում ապրող կանանց եւ նրանց աշխատանք առաջարկում Դուբայում: Առաջարկվող աշխատանքները հիմնականում «երեխա պահելն էր կամ որեւէ օբյեկտում մատուցող աշխատելը»: Կանանց անձնագրերը Դըբռ Անոյի հանձնարարությամբ Գայանեն տվել է Ավետիս Կիզիրյանին: 2004թ. մարտի 17-ին երկու կանանց Ավետիսը տեղափոխել է Երեւանի Դավիթ-Բեկի փողոցում գտնվող «Վարդանանց օջախ» կիսակառույց հյուրանոց (այս հյուրանոցը հիշատակված է մարդկանց վաճառքի հոդվածներով հարուցված երկու տարբեր քրեական գործերում): Իսկ հաջորդ օրը Ավետիս Կիզիրյանը նրանց ճանապարհել է Մոսկվա: Մոսկվայում կանանց դիմավորել եւ Արաբական Միացյալ Էմիրություններ է ճանապարհել Վազրիկ Սիմոնյանը: Վ. Սիմոնյանը նույն՝ 2004 թվականին Հայաստանում դատապարտվել է ԱՄԷ-ում «պոռնկությամբ զբաղվելը կազմակերպող հայ կանանց օժանդակելու համար»: «Դուբայի օդակայանում մեզ դիմավորեց Անահիտը: Տեղում մեզնից վերցրեց անձնագրերը՝ ասելով, որ իր մոտ պետք է մնան, ու տարավ մի բնակարան, որտեղ կային ուրիշ հայ կանայք: Այստեղ էլ մենք իմացանք, թե ինչի համար են մեզ բերել: Անահիտն ասաց, որ մեզ այստեղ բերելու համար ծախսել է 20 հազար դոլար, եւ կամ իրեն պետք է այդքան վերադարձնենք, կամ էլ պիտի զբաղվենք մարմնավաճառությամբ: Ինձ ծեծեց մազերը ետեւին պոչ կապած արաբը: Անունը Ալի է, նրան հայերս «Պոչիկ Ալի» ենք ասում: Էդ Ալիի ու նրա ընկերների ձեռքը որ ընկար՝ վերջ: Ինչ ասես՝ հետդ չեն անում: Ու դու ոչ մի բան չես կարող անել»,- պատմում էր Արմինեն: Ահա այս պայմաններում Արմինեն մեկ տարի Դուբայում ենթարկվել է սեռական շահագործման: Արմինեին եւ Ռուզանին ուղարկելուց որոշ ժամանակ անց Ավետիս Կիզիրյանը նույնպես մեկնում է Դուբայ: Նրան Դուբայի հայ կանայք Ավո էին ասում: Ավոն Անահիտ Մալխասյանի հետ ապրում էր նույն բնակարանում: Նա Անահիտի սիրեկանն էր եւ ապահովում էր նրա անվտանգությունը: Առանց նրա՝ Անահիտը դուրս չէր գալիս տնից: 2005-ի օգոստոսին Դուբայի ոստիկանությունը Արմինեին կալանավորել է եւ արտաքսել Հայաստան: 2005թ. սեպտեմբերի 9-ին Ավետիս Կիզիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրի 132 հոդվածով (մարդկանց վաճառք): Հայաստան վերադառնալուց հետո նա կալանավորվել է: Ա. Կիզիրյանը նախկինում տարբեր հանցագործությունների համար երեք անգամ դատապարտվել է: Վերջին անգամ նա դատապարտվել է 2004թ. հոկտեմբերին Քրօրի 38 եւ 262 հոդվածներով, սակայն անհասկանալի պայմաններում շուտով ազատ է արձակվել: Գայանե Միրզոյանին նույնպես ներկայացվել էր մեղադրանք 132 հոդվածով եւ հայտարարվել հետախուզում: 2005թ. հոկտեմբերի 12-ին Գայանե Միրզոյանը հայտնաբերվել է եւ կալանավորվել: 2006թ. հունվարի 12-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Նելլի Գալստյան) Գայանե Միրզոյանին եւ Ավետիս Կիզիրյանին ՀՀ քրօրի 132 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով դատապարտեց ազատազրկման՝ 4 տարի 6 ամիս ժամկետով: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆwww.hetq.am