Հանցանք երկքաղաքացիության համա՞ր Դատվում է «գլխավոր ընտրակեղծարարներից» մեկը Ինչպես հայտնի է՝ գլխավոր դատախազությունը հանրաքվեի ընթացքում կատարված խախտումների փաստերով հարուցել էր երեք քրեական գործ, որից մեկը 42-ամյա գյումրեցի Վարդան Առաքելյանի նկատմամբ էր: Նրան մեղադրանք էր հարուցվել Քրօրի 153 հոդվածով, քանի որ վերջինս իրեն իրավունք էր վերապահել «այո» ասել եղբոր փոխարեն: Երեկ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում լսվեց այս գործը: Գյումրիի թիվ 34/33 ընտրատեղամասի նախագահի տեղակալ Սուսաննա Հակոբյանը վկայեց, որ ինքը մի քանի րոպեով դուրս է եկել ընտրատեղամասից եւ վրա է հասել այն պահին, երբ արդեն իսկ մեկ անգամ քվեարկության մասնակցած Վարդան Առաքելյանը 2-րդ անգամ քվեարկել-վերջացրել էր: Հանձնաժողովի տեղակալի այն հարցին, թե «2-րդ անգամ քվեարկեցի՞ր», Վարդան Առաքելյանը հպարտորեն պատասխանել է՝ այո: Սուսաննա Հակոբյանի պատմելով՝ ինքը Վարդան Առաքելյանից անձնագիր է պահանջել, վերջինս էլ ցույց տալով՝ անկեղծորեն խոստովանել է, որ եղբայրն է: Ի դեպ, դատավարության ընթացքում եւս ամբաստանյալը ներկաներին ապշեցրեց իր անկեղծությամբ: Ավելին՝ վկայի ցուցմունքին հավելեց, որ իր փոխարեն քվեարկելուց հետո թղթե գլխարկ է ճարել- դրել, որպեսզի իրեն չճանաչեն ու տեսնելով, որ հանձնաժողովի անդամները «փոխվել» են՝ պահը որսացել ու նորից է քվեարկել՝ ցուցակում էլ փորձել էր եղբոր պես ստորագրել: Ընդ որում, Վարդան Առաքելյանը այս մասին եղբորը նախապես տեղյակ չէր պահել: Երկրորդ վկայի՝ ամբաստանյալի եղբոր՝ Հարություն Առաքելյանի պատմելով ինքն այդ օրը հիվանդ պառկած է եղել եւ երբ անհանգստացել է, թե «չկարողացա քվեարկության գնալ», նույն տան մեջ բնակվող Վարդան Առաքելյանը հանգստացրել է, թե «ես քո փոխարեն քվեարկել եմ»: Իսկ ի՞նչն էր դրդել Վարդան Առաքելյանին հանցանք գործել: Պարզվում է՝ ամբաստանյալին սահմանադրական բարեփոխումների մեջ հրապուրել էր երկքաղաքացիության ընդունումը: Վերջինիս պատկերացմամբ, սա իրեն հնարավորության կտար դառնալ նաեւ Ռուսաստանի քաղաքացի: Ըստ ամբաստանյալի՝ եղբայրը եւս կողմնակից էր «այո»-ի, այս մասին տանը բազմիցս խոսվել էր: Ամբաստանյալը դատավարության ընթացքում իրեն այնքան անկեղծ պահեց ու առանց առարկման մեղավոր ճանաչեց, որ թե՛ նիստը նախագահող Էդուարդ Մանուկյանը, թե՛ պետական մեղադրող Մովսիսյանը նկատեցին, որ նրա կողմից մեղքն ազնվորեն չխոստովանելու դեպքում հանցանքը դժվար էր բացահայտել: Ուստիեւ, դատարանը նկատի ունենալով վերջինիս անկեղծ, նախկինում անարատ (չդատված) լինելը, վճռեց ամուրի ու գործազուրկ Վարդան Առաքելյանին ենթարկել դրամական տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկ չափով, այսինքն հարյուր հազար դրամով: Ի դեպ, Վարդան Առաքելյանի դեմ քրեական գործի հարուցումը մեկ անգամ եւս «հիասթափեցրեց» գյումրեցիներին: «Լավ է՝ մարդը նեղություն քաշել իրա ոտքով է գնացել քվեարկության, բա որ շատերը մեռած տեղերից քվեարկեցի՞ն: Թե՞ էլի Եվրախորհրդին բան կա ապացուցելու», քննադատում են որոշ գյումրեցիներ: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ