Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՈՇԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԱՐԱՆՔԻՑ ՀԱՆԵԼ

Հունվար 21,2006 00:00

ՈՐՈՇԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԱՐԱՆՔԻՑ ՀԱՆԵԼ Թեեւ ռուսական գազից օգտվողները հիմնականում արդեն համաձայնել են գազի համար Ռուսաստանի առաջարկած սակագներին, բայց շարունակում են «Գազպրոմի» բուրդը գզել: Ռուսաստանի «գազային ճնշումից» տուժած երկրներն իրար մեջ արդեն մտմտում են էներգետիկայի ոլորտում համատեղ ռազմավարություն մշակելու եւ Ռուսաստանին գազամատակարարի մենաշնորհային դիրքից զրկելու ծրագիրը: Այդ ռազմավարության մշակման կազմակերպումն իրենց վրա են վերցրել Վրաստանը եւ Ուկրաինան, ընդ որում՝ նախագահներ Միխայիլ Սահակաշվիլին եւ Վիկտոր Յուշչենկոն այս մասին արդեն առանձին խորհրդակցություն են ունեցել ու մի հայտարարի եկել: Նրանք Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը թուլացնելու իրենց մտադրություններով տարածաշրջանի եւ Եվրոպայի մյուս երկրների ներկայացուցիչների հետ կկիսվեն մարտին Թբիլիսիում նախատեսված հանդիպման ժամանակ: Բնականաբար, այդ քննարկումներին մասնակցելու համար կհրավիրվի նաեւ Հայաստանը, քանի որ հայկական տարածքով իրանական գազի մատակարարումների հարցի կապակցությամբ մերոնց դիրքորոշումը դեռեւս հայտնի չէ: Թեեւ Ռուսաստանը գազի սակագների հարցում «խնամի, ծանոթ, բարեկամ» չի ուզում ճանաչել ու Հայաստանի նկատմամբ նույն քաղաքականությունն է վարում, ինչ ԱՊՀ մյուս երկրների, բայց մերոնք մինչ այդ ռազմավարությանը միանալը, պետք է մի լավ մտածեն, քանի որ Ռուսաստանը ոչ միայն մեր այդ քայլը «քթներիցս կբերի», այլեւ դրան քաղաքական խիստ նշանակություն կտա: Առայժմ Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ հայկական կողմի բանակցությունները շարունակվում են, բայց արդեն գրեթե կասկածի տեղ չի մնում, որ ապրիլից Հայաստանը ստիպված կլինի 1000 խմ գազի դիմաց ՌԴ-ին վճարել $110: Մինչ այդ ռազմավարության մշակումը թեեւ Ռուսաստանն Ուկրաինայի եւ Վրաստանի համար արդեն հաստատել է գազի գինը, բայց միջազգային փորձագետները հատկապես Ուկրաինայի փոխարեն դեռ չեն հանգստանում ու շարունակում են քննարկել, թե ինչքան վատ վարվեց Ռուսաստանն իր հարեւանի հետ: Հիշեցնենք, որ ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ Ուկրաինայի իննամսյա բանակցությունների արդյունքում այդ երկիրն այժմ ստիպված է Ռուսաստանից գազ գնել եվրոպական գնով՝ մոտ 250 դոլար՝ 1000 խմ գազի դիմաց: Ռուսական ինտերնետային կայքերից մեկում էլ Ուկրաինային տրամադրված գազի գնի վերաբերյալ անկախ փորձագետներ Ռոբերտ Էբելն ու Ջուլիա Նանայը կարծիք են հայտնել, որ «Գազպրոմի» քայլերն ունեն թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հիմնավորումներ. տնտեսական, որովհետեւ Ռուսաստանը որոշեց, որ Ուկրաինան արեւմտաեվրոպական երկրներից ոչնչով ավելի չէ, եւ նրան այլեւս չպետք է շուկայականից ցածր գներով գազ վաճառեն: Եվ քաղաքական, քանի որ Պուտինը Ուկրաինայի վերջին նախագահական ընտրություններում սատարել էր անհաջողակի, ու բնական է, որ հիմա նա փորձում է այնպես անել, որ հաջորդ նախագահն ավելի «ռուսացած» լինի: Բացի այդ, ըստ նրանց, գազի ոլորտում երբեւէ շուկայական սկզբունքներ ու կանոններ չեն գործել: Ըստ Ռ. Էբելի, նախկինում լուրեր են պտտվել, թե Եվրամիությունը պատրաստվում է թաքուն սուբսիդավորել Ուկրաինային. «Ես միշտ կասկածել եմ դրան, ոչ միայն նրա համար, որ ԵՄ-ն այնուամենայնիվ նման բան չարեց, այլ՝ որ չէր կարող համարձակվել այդպես վարվելու: Ռուսաստանը նախ կհայտարարեր, որ դա բացարձակապես ԵՄ-ի գործը չէ, իրավունք չունեն խառնվել երկու երկրների գործերի մեջ, մյուս կողմից՝ ԵՄ-ն այդ իրավիճակում կորցնելու բան ուներ. նա կախվածություն ունի ուկրաինական կողմով ռուսական գազի մատակարարումից»: Իհարկե՝ ԵՄ-ի «լռությունն» ու քայլեր չձեռնարկելը պայմանավորված էին ոչ միայն դրանով, քանի որ եթե իսկապես Ուկրաինան թաքուն սուբսիդավորվեր, դա կհամարվեր քաղաքական պատերազմ հայտարարելու պես մի բան: Ըստ փորձագետների՝ Ուկրաինան ստիպված էր ընդունել գազի համար առաջարկվող բարձր գները, բայց ամբողջ հարցն այն է, թե մինչեւ երբ կկարողանա վճարել բարձր գնով: Միջազգային փորձագետների ներկայացմամբ՝ Ռուսաստանի ստեղծած «գազային ճգնաժամին» միջազգային ատյանները, անշուշտ, բացասաբար են վերաբերվում, եւ «Գազպրոմը» պետք է այնպես անի, որ վերադարձնի գազ մատակարարելու համար հուսալի գործընկերոջ իր «իմիջը»: Նկատենք, որ եվրոպական երկրները, մասնավորապես՝ Գերմանիան, թեեւ ձեւականորեն հայտարարում են, որ «Գազպրոմը» հուսալի մատակարար է եւ չեն պատրաստվում հրաժարվել ռուսական գազից, բայց արդեն ոչ միայն իրենց մասնակցությունն ու աջակցությունն են առաջարկել սպասվող ռազմավարության մշակմանը, այլեւ սկսել են քննարկել Իրանի հետ գազային ոլորտում համագործակցության հեռանկարը՝ ընդհուպ մինչեւ գազամուղի շինարարությունը: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել