Այս հին կառույցը կքանդենք մենք… Խորհրդանշական է, որ ՄԱԿ-ը հանրաքվեին «այո» ասելու կոչով իր հսկայական պաստառը փակցրել էր հենց քանդվող շենքի վրա: Խոսքը Երիտասարդական պալատի մասին է, որից այժմ արդեն մնացել են «կուկուռուզի» մի քանի շերտեր: «Գիտեինք, որ այդ շենքը քանդվում է,- ասաց Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը, եւ մեր կեսլուրջ հարցին, թե նույն ձեւով արդյոք «չքանդվե՞ց» այն հույսը, թե Հայաստանում երբեւէ կարող է անցկացվել նորմալ քվեարկություն՝ հակադարձեց.- Շատ խորհրդանշական է, որ հին կառույցը քանդվեց, եւ տեղը լինելու է նոր կառույց: Սակայն երբե՛ք հարազատ երկրի ճակատագրի, տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ մի արեք ֆատալիստական հետեւություններ: Սրանք գործընթացներ են, որի մասնակիցն ու պատասխանատուն ենք մենք»: Պատասխանատվության խնդիրն է կարեւորված նաեւ հանրաքվեն դիտարկած ԵԽԽՎ առաքելության զեկույցում, որը քննարկվելու է երկուշաբթի՝ վեհաժողովի նստաշրջանում: Զեկույցում նշված է, թե կեղծիքների անհատական պատասխանատուներից բացի՝ «ընդհանուր առմամբ, Հայաստանի քաղաքական հասարակարգի քաղաքական պատասխանատվության հարցը կա», որ ԵԽ անդամակցությունից ի վեր՝ մեր երկրում դեռեւս որեւէ ընտրություն չի համարվել ազատ եւ արդար: Հարցին, թե ընդունո՞ւմ են սեփական պատասխանատվության բաժինը կատարվածում՝ ՄԱԿ-ի ղեկավարը պատասխանեց. «Լինելով սահմանադրական փոփոխությունների կողմնակից քաղաքական ուժ՝ մենք բազմիցս հայտարարել էինք, թե այդ փոփոխությունները պիտի իրականացվեն այնպես, որ ստանանք ամենակարեւոր արդյունքը՝ հասարակության, ընտրողի կողմից վստահության վերականգնումն իշխանության նկատմամբ»: Եվ հարցին էլ, թե բարեփոխումներ անելու նպատակն իրենց համար չի՞ արդարացնում գործադրված միջոցները՝ պրն Արսենյանը պատասխանեց. «Բացարձակապե՛ս: Սոցիալիստական մրցության այդ ռեժիմը մեզ համար տարօրինակ էր ու զարմանալի: Խոսքը մասնակցության արդյունքների մասին է»: ՄԱԿ-ի ղեկավարը մի առիթով հայտնեց, թե ամբողջ օրն ահազանգեր էին ստանում, որ ընտրողը եկել է քվեարկելու՝ իր տեղը ստորագրված է, ու նաեւ, որ հանձնաժողովի անդամ ՄԱԿ ներկայացուցիչները գրել են հատուկ կարծիքներ: Այժմ պրն Արսենյանն առավել մանրամասնեց. «Ինքս նոյեմբերի 27-ին ստացել եմ տասնյակ ահազանգեր, որ մարդիկ եկել են «այո» ասելու եւ իրենց տեղը քվեարկած է: Մեզ էին դիմում, քանի որ լսել էին ՄԱԿ-ի քարոզչությունը, ընդունել մեր փաստարկները եւ գնացել իրենց քաղաքացիական պարտքը կատարելու, բայց… Այդպիսի մի քանի դեպք արձանագրվել է Ավանի 1-ին ընտրատարածքում, նաեւ Նոր Նորքում: Մարզերից էին բազմաթիվ ահազանգերը մեր տարածքային կառույցների ղեկավարներին: Ու ողջ օրը հատկապես մեր տարածքային կառույցների ղեկավարները զբաղված էին նման խնդիրների լուծմամբ»: Մենք զրուցեցինք նաեւ ՄԱԿ-ի Երեւանի տարածքային կազմակերպության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Խաչատրյանի հետ, որը վկայեց. «Հնարավորինս փորձում էինք կանխել նման երեւույթները, որ շատ դժվար էր: Քանի որ պայմանավորված էր այն հանգամանքով, թե վիճակահանությամբ ի՞նչ գործառույթ էր իրականացնում տվյալ հանձնաժողովում մեր ներկայացուցիչը: Բայց 1-2-3 փորձեր կանխելուց հետո դադարում էր այդ գործընթացը տվյալ տեղամասում»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Կարծում ենք, այս վկայությունները պիտի հետաքրքրեն գլխավոր դատախազությանը: