Լրահոս
Օրվա լրահոսը

Օ՜, ՍՊՈՐՏ, ԴՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԵՍ

Հունվար 21,2006 00:00

Օ՜, ՍՊՈՐՏ, ԴՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԵՍ «Փյունիկ» ֆուտբոլային թիմի փախուստը «Համագործակցության գավաթից» քիչ թե շատ ընկալելի կլիներ «անվտանգության» հետ կապված արդարացումներով, եթե մեկ տարի առաջ նույն թիմը «Նեւթչիին» չպարտվեր, եւ դա Հայաստանում «ազգային խայտառակություն» չհռչակվեր: Գուցե այս անգամ էլ «ազգային» թուքումուր ուտելուց վախենալով մեր ֆուտբոլային չինովնիկները որոշեցին խուսափել մրցամարտից: Մինչդեռ «Նեւթչիին» պարտվելը ազգային խայտառակություն չէ, իսկ հաղթելը ազգային ցնծության առիթ չէ: Խաղում պարտվելն ու հաղթելը ընդամենը նշանակում են, որ դու այս մրցամարտում այդ պահի քո մրցակցից ավելի թույլ ես կամ ավելի ուժեղ: Մեկ ֆուտբոլային խաղը ազգային հարց դարձնելը, ինչպես դա մեկ տարի առաջ անում էին թե մերոնք, թե ադրբեջանցիները, քաղաքակրթության ցածր մակարդակի դրսեւորում է: Ուրիշ խնդիր է, որ մեր ֆուտբոլային ակումբներն ու հավաքականներն ընդհանրապես հաջողություններ չեն ունենում, կամ Աթենքի օլիմպիադայում մենք ոչ մի մարզաձեւից մեդալ չստացանք: Դա նույնպես ազգային խայտառակություն չէ, պարզապես ապացույցն է այն բանի, որ վերջին 15 տարում այդ բնագավառը մեզ մոտ լավ չէ կազմակերպված: Բայց այստեղ թուրքերին կամ ադրբեջանցիներին խառնելը եւ մեր ժողովուրդների միջեւ դարերի ընթացքում ծագած խնդիրները մեջտեղ բերելը եւ այդ պատճառով չխաղալը, կարծում եմ, հակասում է սպորտի ոգուն. նույնիսկ թշնամի երկրների թիմերը կամ մարզիկները պետք է մրցեն ազնիվ, ջենթլմենական պայքարում եւ խաղից հետո իրար ձեռք սեղմեն: Մյուս կողմից էլ՝ սպորտը ենթադրում է երկրպագուներ: Մեկ տարի առաջ կայացած խաղի ժամանակ «Նեւթչիի» երկրպագուները մի քանի հազար էին, «Փյունիկինը»՝ մի քանի տասնյակ: Ադրբեջանցիներն այդ հարցը լուծել էին պետական մակարդակով, մեծ գումարներ ծախսելով, ինչպես նաեւ դեսպանատունը եւ նախարարությունները ներգրավելով: Գուցե դա չափազանց է: Բայց Մոսկվայի մեր համայնքը թե թվաքանակով, թե հարստությամբ չի զիջում ադրբեջանցիներին: Հիշեցնենք, որ Մոսկվայում է ապրում «համայն հայության առաջնորդ» Արա Աբրահամյանը: «Սփյուռքի ներուժի» մասին հո մեծ-մեծ խոսելով չի՞: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել