Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ս.

Հունվար 21,2006 00:00

Ս. ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակին կներկայացվեն հանրաքվեի խախտումների փաստերը Հունվարի 23-27-ը Ստրասբուրգում տեղի կունենա ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստը, որին մասնակցելու համար այսօր Ստրասբուրգ կմեկնի ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը: Քանի որ պատվիրակության մյուս անդամները Ստրասբուրգի ճանապարհներին սովոր մարդիկ են, իսկ «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանն առաջին անգամն է մեկնում որպես պատվիրակության անդամ, մի քանի հարցեր ուղղեցինք նրան: Մեզ մասնավորապես հետաքրքրում էր, թե պատրաստվո՞ւմ է արդյոք ՀԺԿ նախագահը ԵԽԽՎ-ում բարձրացնել սահմանադրական հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած ընտրակեղծիքների, ապօրինությունների հարցը, մանավանդ՝ ԿԸՀ-ում «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանի կողմից օրերս ԶԼՄ-ներին ներկայացված փաստերը բավականին տպավորիչ էին: Ստեփան Դեմիրճյանը պատասխանելով մեր հարցին՝ ասաց, որ սահմանադրական հանրաքվեի ընթացքում կատարված կեղծիքների եւ օրինախախտումների մասին իր ունեցած ամբողջ տեղեկատվությունը բոլոր փաստերով Ֆելիքս Խաչատրյանը օրերս կներկայացնի ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակին: Իսկ Ստրասբուրգում իր կողմից սահմանադրական հանրաքվեի ընտրակեղծիքների մասին խոսելու հավանականության մասին մեր հարցին ի պատասխան Ստեփան Դեմիրճյանը նկատեց. «Ճշտենք, որ Հայաստանի սահմանադրական հանրաքվեի խնդիրը որպես առանձին հարց նիստի օրակարգում ընդգրկված չէ, բայց ներառված է բյուրոյի զեկույցի մեջ, եւ եթե այդ զեկույցից հետո ելույթի հնարավորություն լինի՝ մի կասկածեք, որ մեր գնահատականները, կապված հանրաքվեի հետ, անպայման կներկայացվեն: Ասեմ նաեւ, որ բյուրոյի տվյալ զեկույցում հանրաքվեի մասին գնահատականները եւ եզրակացությունը բավականին խիստ են»: Հանրաքվեն դիտարկող ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Թոմաս Ջիրսան իր զեկույցում առաջարկել էր, որ հանրաքվեի ժամանակ տեղ գտած խախտումներով զբաղվի խորհրդարանը, իսկ նույն կառույցի հայաստանյան գրասենյակի ղեկավար Բոյանա Ուրումովան մեր թերթին տված հարցազրույցում ամբողջովին պաշտպանել էր վերը նշված առաջարկը՝ ասելով. «ԵԽ-ն աջակցում է հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ պնդումների լուրջ եւ պաշտոնական քննությանը՝ ի լրումն այն հետաքննության, որը նախաձեռնել է գլխավոր դատախազությունը»: Այս կապակցությամբ ուզեցինք իմանալ «Արդարություն» խմբակցության կարծիքը: Ի պատասխան ասվեց, որ սահմանադրական հանրաքվեի խախտումների խնդրով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը արդեն համապատասխան կարգով սկսված է «Արդարություն» խմբակցության կողմից: Իսկ իր այդ քայլով ի՞նչ ակնկալիք ունի խմբակցությունը, մի՞թե պարզ չէ, որ խորհրդարանական մեծամասնությունը վերոհիշյալ հարցով ոչ մի քայլ էլ չի ձեռնարկելու: Ասվեց. «Մենք նախաձեռնում ենք, թե ինչպիսի՞ն կլինի կոալիցիայի դիրքորոշումը՝ դիմեք կոալիցիային: Մենք կոնկրետ եւ ծավալուն փաստեր ենք ներկայացնում, եւ եթե կոալիցիան շահագրգիռ է կեղծիքների բացահայտման գործում, ուրեմն պետք է ստեղծվի նման ժամանակավոր հանձնաժողով»: ԵԽԽՎ-ում «Արդարություն» խմբակցության նախկին անդամ Շավարշ Քոչարյանը նամակով դիմել էր ԵԽ նախարարների կոմիտեին՝ Նախիջեւանի հայկական գերեզմանատան լիովին ոչնչացումը կանխելու համար անհապաղ միջոցառումներ ձեռնարկելու առաջարկով: Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Ստեփան Դեմիրճյանը հետամուտ կլինի այս առաջարկի կատարմանը. «Բնականաբար, կհետեւենք Շավարշ Քոչարյանի բարձրացրած հարցի ընթացքին, եւ եթե հարկ լինի՝ մենք նաեւ կարտահայտվենք այդ կապակցությամբ»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը: ԵԽԽՎ-ում Ստեփան Դեմիրճյանը կանդամակցի երկու հանձնաժողովների աշխատանքներին՝ սոցիալական, նաեւ՝ մշակույթի եւ գիտության հարցերի հանձնաժողովին: Պրն Դեմիրճյանն ասաց, որ ինքը Ստրասբուրգ է մեկնում աշխատանքային տրամադրությամբ: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել