ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Գլուխ տասնվեցերորդ
ԻՇԽԱՆԱԿԱՆ ԳՐԱԶ
Ինձ խոսք չէր հասնում. ես լուռումունջ ըմբոշխնում էի նրանց խոսակցությունն ու երբեմն-երբեմն քթիս տակ խնդմնդում էի:
– Լեւոնի լեկցիաներն ով լսել ա՝ բերանը բաց ա մնացել,- ասաց Ֆրունզիկը:
– Էդքան ասում ես, բայց ըտենց էլ Լեւոնի էդ լեկցիաները չգնացինք լսենք,- ասաց Շերենցը:
– Դուք ամեն օր այստեղ իմ դասախոսությունները լսում եք,- ժպտաց Ներսիսյանը:- Ես ձեզ հետ ավելի հաճախակի եմ շփվում, քան՝ ձեր ասած այդ գիտնականների: Դրանք հիմնականում դատարկագլուխ կարիերիստներ են:
– Փաստորեն, հո՛րդ ես քաշել, Լեւո՛ն ջան,- ասաց Շերենցը:- Ես չեմ տեսել, բայց Ֆրունզն ասում ա, որ ինքը հիմնականում հասարակ մարդկանց հետ ա շփվել:
– Հա,- ասաց Ֆրունզիկը.- տաքսու շոֆերների հետ ժամերով լուրջ-լուրջ խոսում էր:
– Հայրս ո՛չ թե ձեւ էր անում, այլ իսկապե՛ս ձեր ասած այդ հասարակների հետ իրեն շատ լավ էր զգում: Ինքը մարդկանց բնական վիճակն էր սիրում եւ հատկապես ինտելիգենտիկների՛ց էր խորշում,- ասաց Ներսիսյանը:
– Իսկական ինտելիգենտն ի՛նքն էր,- ասաց Ֆրունզիկը:
– Ինքն ինտելիգենտ ա էղել, բայց հասարակ մարդկանց հետ ա շփվել,- ասաց Շերենցը:- Լեւոնն է՛լ ա ըտենց. դրա համար եմ ասում՝ հորն ա քաշել:
– Ես երբեք հասարակ մարդկանց հետ չեմ շփվել,- ասաց Ներսիսյանը:
– Բա մենք ի՞նչ ենք,- զարմացավ Շերենցը:
– Դուք ե՞ք հասարակ,- ծիծաղեց Ներսիսյանը:- Ձեզ ողջ հանրապետությունն է ճանաչում:
– Որ ճանաչում են, ուրեմն հասարակ չե՞նք,- հարցրեց Շերենցը:
– Եթե քեզ ճանաչում են՝ արդեն չես կարող հասարակ լինել,- ասաց Ներսիսյանը:- Եթե գիտես, որ քեզ ճանաչում են, անկախ քեզանից արհեստական վիճակում ես հայտնվում. վերջնականապես հրաժեշտ ես տալիս բուն էությանդ:
– Ես հիմի իմ բուն էությանը հրաժեշտ ե՞մ տվել,- հարցրեց Շերենցը:
– Լեւոնի էդ ասածը քեզ չի՛ վերաբերում, ա՛յ Շերենց,- ասաց Ֆրունզիկը:- Դու հատուկ դեպք ես. դու մինչեւ հիմի չես էլ հասկացել, որ քեզ ճանաչում են: Լեւոն ջան, մինչեւ հիմի էս մարդը չի հավատում, որ իրան ճանաչում են. փողոցով որ գնում ենք, ինձ հարցնում ա, ասում ա՝ ա՛յ Ֆրունզ, էս մարդիկ խի՞ են ինձ մի տեսակ նայում: Չի հավատում, որ իրան ճանաչում են:
– Չի հավատում, որովհետեւ այդ մասին երբեւէ չի մտածել,- ասաց Ներսիսյանը:- Ուրիշ արտիստներ տարիներով իրենց ճանաչման ու ժողովրդականության մասին են երազում, մինչդեռ Շերենցի դեպքում ժողովրդականությունն ու ճանաչումն ինքնըստինքյան եւ չափազանց կարճ ժամանակամիջոցում ի հայտ եկան. մինչեւ ինքը մայրաքաղաքին կվարժվեր ու կհարմարվեր, այդ ընթացքում հանդիսատեսն իրեն ո՛չ միայն ճանաչեց, այլեւ սիրեց:
– Լուրջ ե՞ս ասում,- հարցրեց Շերենցը:
– Շատ լուրջ եմ ասում,- ասաց Ներսիսյանը:
– Չեմ հասկանում,- ասաց Շերենցը:
– Հասկանալու բան չկա,- ասաց Ֆրունզիկը.- ուղղակի շան բախտ ունես:
– Հիմի էդ ասածդ հանաք ընդունե՞մ, թե՞ վիրավորանք,- նեղացավ Շերենցը:
– Հանա՛ք,- ասաց Ֆրունզիկը:
– Փաստորեն, Հրանտի ֆիլմով Շերենցը միանգամից պոպուլյար դարձավ,- ասաց Ներսիսյանը:
– Հրանտի ֆիլմը ո՞րն ա,- հարցրեց Շերենցը:
– Էն ոչխարների պատմությունը,- ասաց Ֆրունզիկը:
– Ոչխարների պատմությունը Մալյանինը չէ՞ր,- զարմացավ Շերենցը:
– Մալյանը ռեժիսորն էր, Հրանտը՝ սցենարիստը,- ասաց Ֆրունզիկը:
– Մաթեւոսյա՞ն,- հարցրեց Շերենցը:
– Հա,- ասաց Ֆրունզիկը:- Նկարահանումներին ծերից ծեր հետներս էր. չես հիշո՞ւմ:
– Ո՞նց չեմ հիշում,- ասաց Շերենցը.- ինքը ամեն վայրկյան Մալյանին ուղղություն էր ցույց տալի:
– Մեկումեջ էլ Հենդոյի հետ խռովում էին,- ասաց Ֆրունզիկը:
– Ի՞նչ Հենդո,- հարցրեց Շերենցը:
– Մալյան,- ասաց Ֆրունզիկը:- Էդ նկարահանումները մեկ Հրանտին դուր էին գալի, մեկ՝ չէ:
– Վերջում ոնց որ հավանել էր,- ասաց Շերենցը:
– Քե՛զ ա թվացել,- ասաց Ֆրունզիկը.- վերջում որ հետ էինք գալի Երեւան, ավտոյիս մեջ էլի իրար հետ չէին խոսում:
– Էդ կապ չունի,- ասաց Շերենցը.- Կինոյի տան պրեմիերայի վախտ իրար փաթաթվեցին. չես հիշո՞ւմ:
– Կակռազ էդ իրար փաթաթվելը կապ չուներ,- ասաց Ֆրունզիկը:- Մինչեւ հիմի էլ Հրանտը որ ինձ տենում ա, ասում ա՝ գործիս հերը համա՜ թե անիծեցիք: Այսինքն, ինքը մինչեւ հիմի էլ դժգոհ ա:
– Հիանալի ֆիլմ էր,- ասաց Ներսիսյանը:- Հրանտը մի անգամ էլ իմ ներկայությամբ փնովեց այդ ֆիլմը, բայց ես իրեն բացատրեցի ու, կարծում եմ, ապացուցեցի, որ հրաշալի ֆիլմ է:
– Ասում ա՝ տեքստս փչացրել եք,- ասաց Ֆրունզիկը:
– Ես իրեն բացատրեցի, որ Մալյանը շատ նուրբ է վարվել իր տեքստի հետ,- ասաց Ներսիսյանը:- Դու այդ կարծիքին չե՞ս, Մհե՛ր:
– Ճիշտն ասած, ես էդ ֆիլմի լավն ու վատն էնքան էլ լավ չեմ հասկանում,- ասաց Ֆրունզիկը.- մարդ որ մի ֆիլմի մեջ խաղում ա, էդ ֆիլմի արժեքը չի զգում:
– Էդպես ա,- ասաց Շերենցը.- դու էդ ամեն ինչի մեջն ես, դրա համար էլ չես զգում: Երեւի պիտի կողքից նայես, որ արժեքը զգաս ու հասկանաս:
– Հետո որ մարդիկ գովում են, նոր քիչ-քիչ սկսում ես հասկանալ էդ խաղացածդ դերն ու կինոն,- ասաց Ֆրունզիկը:
– Շատ հաճախ մարդիկ վատ ֆիլմերն ու վատ դերակատարումներն էլ են գովում,- ասաց Ներսիսյանը:
– Էդ ոչխարների պատմությունը շատ մարդ ա հավանել,- ասաց Շերենցը:- Իմ հաշվով էլ են ասում, որ լավ եմ խաղում: Կարող ա՞ ճիշտ են ասում, Լեւոն ջան:
– Փայլուն ֆիլմ է,- ասաց Ներսիսյանը,- եւ դու էլ իսկապե՛ս հիանալի ես խաղում այդ գյուղացու դերը:
– Ավագի՞:
– Այո: Շատ բնական ու հյութեղ դերակատարում է ստացվել,- ասաց Ներսիսյանը:
– Էս մի քանի տարվա մեջ էնքան կինո խաղացի, որ արդեն չեմ հիշում, թե որը ոնց եմ խաղացել,- ասաց Շերենցը:
– Հրաշալի էր ստացվել,- ասաց Ներսիսյանը.- շատ հաջող էիր դերիդ մեջ մտել:
– Էդ կինոյում Ֆրունզն էլ էր, չէ՞, լավ խաղում,- ասաց Շերենցը:
– Ինչպես միշտ,- ասաց Ներսիսյանը:- Բայց ես հատկապես քե՛զ համար եմ ուրախ, որովհետեւ դա, փաստորեն, քո առաջին լուրջ հաջողությունն էր:
– Հաջողությո՜ւն,- ժպտաց Շերենցը:- Էղած-չեղածը մի քանի րոպեանոց դեր էր, ա՛յ Լեւոն:
– Կարեւորը դերի մեծությունը չէ,- ասաց Ներսիսյանը:
– Հասարակ գյուղացու դեր էր,- ասաց Շերենցը:
– Դերասաններ կան, որ ձգտում են միայն թագավորների ու իշխանների դերեր խաղալ,- ասաց Ներսիսյանը:- Իրենց թվում է՝ եթե իրենց մարմնավորած կերպարը թագավոր կամ իշխան է, ուրեմն՝ այդ դերը նշանակալի դեր է:
– Ոչ մի անգամ թագավորի դեր խաղացած չկամ,- ասաց Շերենցը:- Ո՛չ կյանքում թագավոր էղանք, ոչ էլ՝ բեմի վրա:
– Թագավո՜ր: Ես հեչ իշխանի դեր էլ չեմ խաղացել,- ասաց Ֆրունզիկը:
– Դու խաղացե՛լ ես,- ասաց Շերենցը:
– Ե՞ս լավ գիտեմ, թե՞ դու,- հարցրեց Ֆրունզիկը:
– Ե՛ս,- ժպտաց Շերենցը:- Պարզվում ա՝ ես քո կենսագրությունը քեզանից լավ գիտեմ: Չես էլ հիշում, որ իշխանի դեր ես խաղացել: Խոսքը մեր մեջ, շատ լավ էլ խաղում էիր, Ֆրո՛ւնզ ջան:
– Քեզանից բաներ ես հնարում,- ասաց Ֆրունզիկը:- Կյանքումս ոչ մի անգամ թագավորի կամ իշխանի դեր խաղացած չկամ:
– Ե՛ս էլ այդպիսի բան չեմ հիշում, Շերե՛նց,- ասաց Ներսիսյանը.- չեմ հիշում, որ Ֆրունզիկը իշխանի կամ թեկուզ ժամանակակից որեւէ պաշտոնյայի դեր խաղացած լինի:
– Բռնվեցի՞ր, Լեւո՛ն ջան,- ժպտաց Շերենցը:
– Ի՞նչ իմաստով,- զարմացավ Ներսիսյանը:
– Դու հենց հիմի իմ պես իրան ոչ թե Մհեր ասեցիր, այլ՝ Ֆրունզիկ,- ծիծաղեց Շերենցը:
– Չեմ զգացել,- ասաց Ներսիսյանը:- Ճիշտ է՞ ասում, Մհե՛ր:
– Հա,- ասաց Ֆրունզիկը.- Շերենցը ո՞նց կարա սուտ բան ասի: Շերենցի ասածներից սուտը մենակ էն ա, որ ասում ա՝ ես իշխանի դեր եմ խաղացել:
– Ե՛ս էլ էդպիսի բան ինչ-որ չեմ հիշում,- ասաց Ներսիսյանը:- Միգուցե Գյուրմիո՞ւմ ես խաղացել, Մհե՛ր:
– Ոչ մի տեղ էլ չեմ խաղացել,- ասաց Ֆրունզիկը:
– Գրազ գանք՝ խաղացել ես,- ձեռքը մեկնեց Շերենցը:
– Ինչի՞ վրա,- Շերենցի ձեռքը բռնեց Ֆրունզիկը:
– Ինչի վրա ուզում ես,- ասաց Շերենցը:
– Ես որ կրվում եմ՝ թոռանդ ինստիտուտի մաղարիչն անում եմ,- ասաց Ֆրունզիկը:
– Ե՞րբ,- հարցրեց Շերենցը:
– Հենց վա՛ղը,- ասաց Ֆրունզիկը:
– Ի՞նչ սաստավով,- հարցրեց Շերենցը:
– Դո՛ւ ես որոշում,- ասաց Ֆրունզիկը:
– Էս չորսս նաղդ կանք,- ասաց Շերենցը.- էսքանս հերիք ենք: Ո՞ր ռեստորանն ենք գնում:
– Դո՛ւ ես որոշողը,- ասաց Ֆրունզիկը:- Ուզում ես՝ «Արարատ» գնանք, ուզում ես՝ «Արմենիա»:
– «Արմենիան» շատ կըլնի,- ասաց Շերենցը.- «Արարատի» պադվալից լավը չկա:
– Ընենց ես խոսում՝ ոնց որ էդ գրազն արդեն կրվել եմ,- ասաց Ֆրունզիկը:
– Կարաս հաշվես կրված,- ասաց Շերենցը:
– Բա որ դո՞ւ կրվես՝ ինչ ես անում,- հարցրեց Ֆրունզիկը:
– Ինչ որ ասես,- ասաց Շերենցը:
– Երբ ասեմ, որտեղ ասեմ՝ երգում ես,- ասաց Ֆրունզիկը:
– Ի՞նչ եմ երգում,- հարցրեց Շերենցը:
– Ինչ ուզես,- ասաց Ֆրունզիկը:
– Շերենցը երգո՞ւմ է,- զարմացավ Ներսիսյանը:
– Գիվամ թե,- ասաց Շերենցը:- Ֆրունզը որ խմացնում ա՝ երգել ա տալի: Իրա արեւին ձեռ ա առնում:
– Չտեսնված ա երգում, Լեւոն ջան, մանավանդ՝ «Կալոսի պռկեն»,- ասաց Ֆրունզիկը:
– Հեչ ձեն էլ չունեմ,- ասաց Շերենցը:
– Կապ չունի,- ասաց Ֆրունզիկը:- Շառլը ձեն ունի՞, որ սաղ աշխարհը դղրդացնում ա:
– Ա՜յ քեզ համեմատությո՜ւն,- ասաց Շերենցը:
– Ինքը հոգո՛վ ա երգում, Լեւո՛ն ջան,- ասաց Ֆրունզիկը.- հոգով ու սրտով ա երգում:
– Բա ո՞նց անենք, որ լսենք,- հարցրեց Ներսիսյանը:- Էդ բախտին ո՞նց արժանանանք:
– Ինքը մինչեւ չի խմում՝ չի երգում,- ասաց Ֆրունզիկը:- Մի օր կերգացնեմ՝ կլսես, Լեւո՛ն ջան:
– Որ գրազը կրես՝ կերգացնես,- ասաց Շերենցը:
– Ձեր գրազից շատ շեղվեցիք,- ասաց Ներսիսյանը:- Շերենցը պիտի ապացուցի, որ դու երբեւէ թագավորի կամ իշխանի դեր ես խաղացել:
– Էդ արդեն ապացուցված ա, Լեւո՛ն ջան,- ասաց Շերենցը:
– Ո՞նց ա ապացուցված,- զարմացավ Ֆրունզիկը:
– Շատ պարզ,- ասաց Շերենցը:
– Պիտի պարզաբանես ու ապացուցես,- ասաց Ներսիսյանը:
– Ապացուցված բանն ի՞նչ ապացուցես,- քթի տակ խնդաց Շերենցը:
– Հայերեն խոսա՝ բան հասկանանք,- ասաց Ֆրունզիկը:
– Հայերե՛ն եմ խոսում,- ասաց Շերենցը:- Էդ ոչխարների մասին կինոյի անունն ի՞նչ էր:
– «Մենք ենք, մեր սարերը»,- ասաց Ներսիսյանը:
– Ես Ֆրունզի՛ն եմ հարցնում. ուզում եմ ի՛նքը ասի,- ասաց Շերենցը:
– «Մենք ենք, մեր սարերը»,- ասաց Ֆրունզիկը:- Ասելի՛քդ ասա:
– Ֆրունզ ջան, որ էդքան ուժեղ հիշողություն ունես, ասա՛. էդ կինոյում իմ խաղացած դերի անունն ի՞նչ էր,- հարցրեց Շերենցը:
– Քո խաղացած դերի անունն էլ ե՞ս մոռացել,- ասաց Ֆրունզիկը:
– Հեչ էլ չեմ մոռացել,- ասաց Շերենցը.- ես ուղղակի քո հիշողությունն եմ ուզում ստուգեմ:
– Ավագ,- ասաց Ֆրունզիկը.- քո խաղացած էդ բիձու անունն Ավագ էր:
– Ապրես,- ասաց Շերենցը:- Որ էդքան ուժեղ հիշողություն ունես, ինձ ասա՝ Խորիկի խաղացած դերի անո՞ւնն ինչ էր. էն որ լավ մորթ էր անում:
– Պավլե,- ասաց Ֆրունզիկը.- էդ ի՞նչ մի չհիշելու բան ա:
– Ապրե՛ս, Ֆրո՛ւնզ ջան, շատ ուժեղ հիշողություն ունես,- ասաց Շերենցը:- Հիմի վերջին հարցիս պիտի փորձես պատասխանես:
– Այս ամենն ի՞նչ կապ ունի ձեր գրազի հետ,- զարմացավ Ներսիսյանը:
– Լեւոն ջան, հիմի կտենաս, թե ինչ կապ ունի,- հանգիստ ու ինքնավստահ ասաց Շերենցը:- Վերջին հարցս եմ տալի, Ֆրո՛ւնզ. ուշադիր լսի՛:
– Ասա՛, լսո՛ւմ եմ,- քմծիծաղ տվեց Ֆրունզիկը:
– Ուշադիր ե՞ս լսում,- խորամանկ ժպտաց Շերենցը:
– Դե ասա՛. սպանեցի՛ր,- նեղսրտեց Ֆրունզիկը:
– Էդ նույն ոչխարների պատմության մեջ քո խաղացած դերի անունն ի՞նչ էր,- հարցրեց Շերենցը:
– Ես Շերե՛նցը չեմ, որ իմ խաղացած դերի անունը չհիշեմ,- ասաց Ֆրունզիկը:
– Դե որ հիշում ես՝ ասա՛,- ժպտաց Շերենցը:
– Իշխան,- հանգիստ ասաց Ֆրունզիկը:
– Այ ըտե՛նց քո բերանով կխոստովանես,- ասաց Շերենցը:
– Ի՞նչն եմ խոստովանել,- զարմացավ Ֆրունզիկը:
– Քո բերանով հենց նոր չասեցի՞ր, որ էդ դերիդ անունն Իշխան ա,- փռթկացրեց Շերենցը:
– Որ Իշխան ա, ասեմ կողակ ա՞,- զարմացավ Ֆրունզիկը:
– Բա մի քիչ առաջ դո՛ւ չէիր ասո՞ւմ, որ կյանքումդ իշխանի դեր խաղացած չկաս,- ծղրտաց Շերենցն ու ավելացրեց.- հիմի մզզացի՞ր, Ֆրո՛ւնզ տղա:
– Ո՞վ մզզաց,- զարմացավ Ֆրունզիկը:
– Փաստորեն, գրազը կրված ես,- ասաց Շերենցը:
– Չեմ հասկանում,- ասաց Ֆրունզիկը:
– Չհասկանալու ի՞նչ կա, ա՛յ Մհեր,- ասաց Ներսիսյանը:- Փաստորեն, Շերենցը գրազը շահեց. քիչ առաջ դու պնդում էիր, որ երբեւէ իշխանի դեր չես խաղացել, բայց Շերենցը հիշեցրեց, որ Հրանտի այդ ֆիլմում հենց Իշխանի՛ն ես մարմնավորել:
– Բայց էդ Իշխանը հասարակ գյուղացի էր,- կարկամեց Ֆրունզիկը:
– Հասարակ գյուղացի էր, բայց անունն Իշխան էր, Ֆրո՛ւնզ ջան,- ծիծաղեց Շերենցը:
– Անո՛ւնն էր Իշխան, ո՛չ թե՝ ինքը,- ասաց Ֆրունզիկը:
– Ես է՛լ եմ ասում, որ էդ գյուղացու անունն Իշխան էր,- փռթկացրեց Շերենցը.- որ կողակ ըլներ, կասեի՝ կողակ:
– Մհե՛ր ջան, փաստորեն Շերենցն ապացուցեց, որ, այնուամենայնիվ, Իշխանի դեր խաղացել ես,- ժպտաց Ներսիսյանը:- Ընդ որում՝ փայլուն ես խաղացել:
– Ուզում ես ասես, որ ինքը գրազը կրե՞ց,- հարցրեց Ֆրունզիկը:
– Իհա՛րկե: Ինքը գրազը շահեց, ընդ որում՝ միանգամայն փայլուն ձեւով,- ասաց Ներսիսյանը:
– Փաստորեն, իրա արածը բառախաղ էր,- ասաց Ֆրունզիկը:
– Բառախաղը բառախաղ էր, բայց շատ բարձր մակարդակի բառախաղ էր,- ասաց Ներսիսյանը:
– Շատ եք բարդացնում,- ասաց Շերենցը.- ես հեչ չգիտեմ էլ, թե ձեր ասած էդ բառախաղն ինչ ա:
– Դո՛ւ ասա, Արմե՛ն,- անսպասելի ինձ նայեց Ֆրունզիկը:
– Ես ի՞նչ ասեմ,- ասացի ես:
– Իմ ասած իշխանն ու էդ կինոյի Իշխանը նույնն ե՞ն,- հարցրեց Ֆրունզիկը:
– Նայած ինչ իմաստով,- ասացի ես:
– Բո՛ւն իմաստով,- ասաց Ֆրունզիկը:
– Իմաստով տարբեր են, բայց ձեւով տառացիորեն նույնն են,- ասացի ես:
– Մենք իմաստո՛վ ենք գրազ էկել,- ասաց Ֆրունզիկը:
– Իմաստի մասին որեւէ խոսակցություն չի եղել,- ասաց Ներսիսյանը.- Շերենցն ասել է, որ դու իշխանի դեր խաղացել ես, դու ասել ես՝ ոչ: Այստեղ որեւէ այլ խոսակցություն չի՛ եղել:
– Այսինքն՝ գրազը կրված ե՞մ,- կարմրեց Ֆրունզիկը:
– Եթե իմ կարծիքն ես հարցնում՝ այո՛,- ասաց Ներսիսյանը:- Ինչ վերաբերում է բառախաղին, ապա այն միանգամայն տեղավորվում է տվյալ գրազի կանոնների մեջ:
– Ես բառախաղ-մառախաղ չեմ իմանում, Լեւո՛ն ջան,- ասաց Շերենցը:- Ես ասել եմ՝ իշխանի դեր խաղացել ա, ինքը ատկազ ա էկել:
– Որ չեմ խաղացել, ո՞նց ասեի՝ խաղացել եմ,- ասաց Ֆրունզիկը:
– Փաստորեն, խաղացել ես,- ասաց Ներսիսյանը:
– Որ ըտենց ա՝ ես պատրաստ եմ,- ասաց Ֆրունզիկը:- Հենց վաղն առավոտ էլ «Արարատի» պադվալում սեղանը զակազ եմ տալի, իրիկվա կողմ գնում ենք:
– Լեւոն ջան, մեր Ֆրունզը ծախսից վախեցող տղա չի,- ժպտաց Շերենցը:
– Ինձ ե՞ս բացատրում,- ասաց Ներսիսյանը:
– Ուղղակի ինքը վատ ա զգում, որ, փաստորեն, ինձ մտավոր մակարդակի գրազ կրվեց,- ժպտաց Շերենցը:
– Հասկանալի է,- ասաց Ներսիսյանը:
– Մտավոր մակարդակի գրա՞զը որն ա,- հարցրեց Ֆրունզիկը:
– Խելքի գծով,- փռթկացրեց Շերենցը.- դեպքից դեպք մեր միտքն է՛լ ա փայլատակում, Ֆրո՛ւնզ ջան:
– Չուզողը թող ե՛ս ըլնեմ,- ասաց Ֆրունզիկը.- Աստված տա՝ առավոտից իրիկուն փայլատակի:
– Մի՛ նեղացի, Ֆրո՛ւնզ ջան,- ասաց Շերենցը:- Իմ միտքն ինչքան էլ փայլատակի՝ քոնին չի՛ հասնի. էս մի դեպքը բացառության պես բան էր:
– Ինձ մխիթարում ա,- ժպտաց Ֆրունզիկը:
– Պարզվում է՝ Շերենցը սրամտության թաքնված պաշարներ ունի,- ասաց Ներսիսյանը:
– Տրամադրության հարց ա, Լեւո՛ն ջան,- ասաց Շերենցը.- մարդու տրամադրությունը որ տեղն ա ըլնում՝ սրամիտ ա դառնում:
– Հիմի տրամադրությունդ տեղն ա՞,- հարցրեց Ֆրունզիկը:
– Քո շնորհիվ, Ֆրո՛ւնզ ջան,- ասաց Շերենցը:
– Ե՞ս ինչ կապ ունեմ,- զարմացավ Ֆրունզիկը:
– Թոռանս հարցերը որ կարգավորեցիր, տրամադրությունս մեկից բարձրացավ,- ասաց Շերենցը:
– Դե լավ ա,- ասաց Ֆրունզիկը:
– Էնպես որ, ես քեզանից շա՜տ շնորհակալ եմ, իմ իշխա՛ն ախպեր,- ժպտաց Շերենցը:
– Արդեն ձեռ ա առնում,- ասաց Ֆրունզիկը:
– Ձեռ առնելն ու հանաքն իրարից չես տարբերո՞ւմ, ա՛յ Ֆրունզ,- ծիծաղեց Շերենցը:
– Տարբերում եմ, դրա համար էլ ասում եմ, որ ձեռ ես առնում,- ասաց Ֆրունզիկը.- որ չտարբերեի՝ չէի ասի:
– Այսքան տարվա մտերիմներ ենք, բայց առաջին անգամ եմ տեսնում, որ Մհերն իր հումորի զգացումը կորցնի,- ասաց Ներսիսյանը:- Առաջին անգամ եմ իրեն մանդռաժի մեջ տեսնում:
– Ոչ մի մանթռաշ էլ չկա, Լեւո՛ն ջան,- ասաց Ֆրունզիկը:- Վաղը էս չորսովս «Արարատի» պադվալում շատ ուժեղ քեֆ ենք անելու: Ուրիշ մարդ էլ ե՞ս բերելու, Շերենց, թե՞ էս չորսիս համար սեղան զակազ տամ:
– Էս չորսս բոլ ենք, Ֆրո՛ւնզ ջան,- ասաց Շերենցը.- իզուր տեղը ծախսերդ չավելացնենք:
– Նոր դո՛ւ էիր ասում, որ ես ծախսից վախեցող չեմ,- ասաց Ֆրունզիկը:
– Էլի՛ եմ ասում,- ասաց Շերենցը:- Ուղղակի իմաստ չունի, որ հետներս ավելորդ մարդմուրդ տանենք: Համ էլ՝ Լեւոնը հո ամեն մարդու հետ սեղան չի՞ նստի:
– Շերենցը ճիշտ է ասում,- ասաց Ներսիսյանը:
– Ընենց որ՝ էս չորսս հերիք ենք,- ասաց Շերենցը:
– Ձեր հարմարությանը նայեք,- ասաց Ֆրունզիկը:- Ես սաղ վարիանտներին էլ համաձայն եմ:
– Չենք էլ կասկածում, Ֆրո՛ւնզ ջան,- ասաց Շերենցը:
– Ես իմ ավագ ախպոր պատվին հարուր հոգանոց սեղան էլ կարամ գցել տամ,- ասաց Ֆրունզիկը:
– Կասկածող չկա,- ասաց Շերենցը:- Ես շատ հպարտ եմ, որ քո պես աղա տղեն ինձ իրա ավագ ախպերն ա համարում:
– Իշտահդ քացախ,- ասաց Ֆրունզիկը:
– Ո՞նց թե,- զարմացավ Շերենցը:- Հենց նոր քո բերանով չասեցի՞ր, որ ավագ ախպերդ եմ:
– Էդ ոչխարների պատմության մեջ քո խաղացած դերի անունն ի՞նչ էր,- հարցրեց Ֆրունզիկը:
– Ավագ,- ասաց Շերենցը:
– Դրա համար էլ Ավագ ասեցի: Ընենց որ՝ ինչքան ես իշխան եմ, էնքան էլ դու ավագ ես,- ասաց Ֆրունզիկը:
– Կերցրի՛ր,- ասաց Շերենցը:
– Մզզացի՞ր,- ասաց Ֆրունզիկը:
– Երկու կոմիկներով սրամտության հրավառություն եք կազմակերպել,- ասաց Ներսիսյանը:
– Իրան կոմիկ մի՛ ասա, Լեւո՛ն ջան,- ասաց Շերենցը.- ինքը շա՜տ լուրջ դերասան ա:
– Գիտեմ,- ասաց Ներսիսյանը:- Մի ձայնագրիչ լիներ՝ ձեր այս խոսակցությունը պատմության համար ձայնագրեինք:
– Արմոն գրող ա,- ասաց Շերենցը.- մի օր էս ամեն ինչը գրի կառնի:
– Արմենը հիմնականում զոհված զինվորների մասին է գրում,- ասաց Ներսիսյանը:
– Չեք մոռացե՞լ,- հարցրի ես:
– Մոռանալու բան չէր,- ասաց Ներսիսյանը:
– Էլ չեմ անի,- իբր կատակեցի ես:
– Իսկապե՛ս, Շերե՛նց. քո եւ Մհերի այս սրամտություններն իսկական գրելու բաներ են,- ասաց Ներսիսյանը:
– Բա որ Արմոյի սրամտություննե՜րը լսես,- ասաց Շերենցը:
– Չեմ լսել,- ասաց Ներսիսյանը.- Արմենը հումորի զգացում ունի՞:
– Էն էլ ի՜նչ զգացում,- ասաց Շերենցը.- տեղում շշում ա. ուղիղ տասի՛ն ա խփում:
– Ինչ-որ չեմ զգացել,- ասաց Ներսիսյանը.- չնայած… զոհված զինվորի մասին իր այդ ոտանավորն, այնուամենայնիվ, հումորից զուրկ չէր:
– Էդ զոհված զինվորին մոռանանք, ընկե՛ր Ներսիսյան,- ասացի ես:
– Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում,- ժպտաց Ներսիսյանը: