Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական մտահոգություն՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացումից հետո

Հունվար 21,2006 00:00

Հայաստանը ուշացումով միջոցներ ձեռք կառնի

Անցյալ տարեվերջին ադրբեջանական իշխանությունների կողմից նոր թափով շարունակվեց Ջուղայի գերեզմանատան խաչքարերի ավերումը, ինչը Հայաստանի մշակույթի գործիչների, գիտնականների եւ հասարակական կազմակերպությունների շրջանում զայրույթ էր առաջացրել: Նրանք պահանջում էին կատարվածի կապակցությամբ պետական միջամտություն:

Երեկ այս առիթով ասուլիս էր հրավիրել նաեւ ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը: Նա հիշեցրեց, որ դեռեւս 1905-ին՝ Պետերբուրգ-Թեհրան երկաթուղու կառուցման ժամանակ, ցարական Ռուսաստանի օրոք շուրջ 5000 խաչքար է ոչնչացվել: Փոխնախարարի կարծիքով՝ խորհրդային տարիներին էլ են եղել ավերներ: Իսկ 2003-ին Միջազգային ԻԿՕՄՕՍ-ը Ջուղայի խաչքարերի ավերման փաստը համեմատել է թալիբների կողմից Աֆղանստանում Բուդդայի արձանների ավերման հետ: Ընդ որում, Ադրբեջանն ու Թուրքիան միջազգային ԻԿՕՄՕՍ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ են, Ադրբեջանը ստորագրել է «Մշակութային եւ բնության համաշխարհային ժառանգության պահպանության մասին», Ռազմական ընդհարումների ժամանակ հուշարձանների պահպանության եւ այլ կոնվենցիաներ:

«2003-ին Եվրախորհրդի որոշմամբ պետք է Հայաստան գար մի խումբ՝ հայ եւ ադրբեջանցի մասնագետների միջոցով ուսումնասիրություններ կատարելու նպատակով, բայց այդ առաքելությունը չիրագործվեց, իսկ ադրբեջանցիներն ավելի ոգեւորված՝ մնացած խաչքարերը 2005-ի դեկտեմբերին զինվորների միջոցով ջարդուփշուր արեցին եւ Արաքսը լցրին»,- ասաց պրն Գյուրջյանը: Այժմ, երբ Ջուղայի խաչքարերի խնդրի շուրջ համախմբված հ/կ-ները, հայրենակցական եւ ստեղծագործական միություններն ու անհատները ստեղծել են Հայկական հուշարձանների պահպանության հանձնախումբ, վերջապես մեր կառավարությունն էլ է քնից արթնացել: «Պիտի կարողանանք համախմբել բոլոր ուժերը, մանավանդ վարչապետի ուղղակի հանձնարարականը կա մշակույթի նախարարությանը, որպեսզի ի մի բերվեն հ/կ-ների, հայրենակցական միությունների, գիտնականների, մշակույթի գործիչների էմոցիոնալ եւ ոչ էմոցիոնալ առաջարկները: Այդ ամենը կփորձենք հստակեցնել եւ միջազգային իրավական նորմերի շրջանակներում գործել… Թե չէ տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցիները կարող են պետականորեն անել այն ամենը, ինչը հակասում է միջազգային նորմերին ու մնալ անպատիժ, իսկ մենք, որ անդամ ենք տարբեր միջազգային կազմակերպությունների, ե՛ւ սփյուռք ունենք, ե՛ւ լոբբինգ անելու հնարավորություն, ոչնչի չենք կարողանում հասնել»,- շարունակեց փոխնախարարը:

Բնականաբար հարց հնչեց, թե միջազգային կառույցներից, որոնց դիմել էր Հայաստանը, ովքեր են արձաքանքել ու դատապարտել կատարված վանդալիզմը: Պարզվում է՝ միայն ամերիկյան ԻԿՕՄՕՍ-ի նախագահը եւ ԱՄՆ-ում գործող հայկական մի կազմակերպություն: Այնուամենայնիվ, պրն Գյուրջյանը լավատես է, հավատացած է, որ միջազգային հանրությունը դեռ կդատապարտի վանդալներին, ինչին հասնելու համար պիտի լիարժեք օգտագործել բոլոր՝ կառավարության, դիվանագիտական ու սփյուռքի հնարավորությունները: Հարցին՝ նախարարությունում կա՞ որեւէ բաժին, որը հաշվարկել է, թե աշխարհում քանի հայկական հուշարձան կա, պրն Գյուրջյանը պատասխանեց. «Նախարարությունը նման իրավասություն չունի: Հուշարձանը կարգավիճակ է, որ տրվում է տվյալ երկրի պետության կողմից տվյալ կառույցին: Օրինակ՝ մենք կարող ենք Ֆրանսիայում 16-17-րդ դարերում այսինչ հայի կառուցած շինությունը համարել հուշարձան, քանի որ մեզ համար թանկ է, բայց Ֆրանսիան կարող է այն իր երկրում հայտարարած չլինի հուշարձան»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել