Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական հայա՞ցք», թե՞ «մենթական բռունցք»

Հունվար 21,2006 00:00

Ինչպես
ճնշել դատապարտյալների «ապստամբությունները» Ըստ արդարադատության նախարար
Դավիթ Հարությունյանի, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում
դատապարտյալների եւ կալանավորների թվաքանակը կազմում է 2873 մարդ: Նրանցից 1669-ը
պահվում է քրեակատարողական հիմնարկներում: 2005թ. հասարակական եւ միջազգային կազմակերպությունների,
ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից կատարվել է 223 այցելություն: Չնայած դրան, տհաճ
միջադեպերը շատ են: Ամանորը սկսվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրականացված
«հատուկ միջոցառումների» մասին լուրով: 88 խցի դատապարտյալներ Արամ Պետրոսյանի, Հակոբ
Խաչատրյանի եւ Արտակ Ալեքյանի մոտ խուզարկության ժամանակ հայտնաբերվեցին լուսանկարում
պատկերված 3 շիշ պոլիէթիլենային սպիրտ, 61 նրբասղոց, 4 ջարդված սղոցի մասեր, ամրան,
ցեմենտ, գաջ, ինքնաշեն պարաններ: Արդարադատության նախարարության մեր աղբյուրները
եռյակի մոտից գտնված «տնտեսության» բացահայտումն ու իրերի առգրավման հաջողությունը,
թերեւս, կապում էին ԱՆ քրեակատարողական տեսչության եռամսյա գործունեության արդյունավետության
հետ: Այն ստեղծվեց ԱՆ ներքին ռեսուրսների հաշվին, բյուջեից չի ֆինանսավորվում: Նույն
տեսչության հետ են կապում նաեւ Սեւանի գաղութում կանխված նախաամանորյա «բունտի» ձախողումը:
Դատապարտյալները բախվեցին հսկիչների, պետի հետ, ինչպես տեղեկացրել էինք՝ անգամ պատուհաններ
կոտրվեցին, կիրառվեց ուժ, մահակ, ինչի արդյունքում առավել վտանգավորները արգելափակվեցին
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իսկ Սեւանի պետն էլ պաշտոնանկ արվեց: Փոխվեց նաեւ «զոն նայողը»:
Թե Սեւանի «բունտի», թե Գյումրիի ՔԿՀ-ում կատարված Ռոման Բրուտյանի սպանության
գործով (նրան հունվարի 10-ին սպանել է Արամ Մեսրոպյանը) ծառայողական քննություն է
սկսվել: Իսկ Շիրակի մարզի դատախազությունում անգամ քրգործ է հարուցվել դատապարտյալի
սպանության առիթով: Մինչեւ երեկ պարզ չէր, թե ինչպես է սպանվել Ռ. Բրուտյանը եւ ինչու:
ԱՆ-ում վիճակը գնահատում են վերահսկելի: Իսկ մեր հարցին, թե ո՞րն է արդյունավետը՝
«քաղաքացիական հայա՞ցքը» (ԱՆ-ի վերահսկողությունը) թե՞ «մենթական բռունցքը» (նախկինում՝
ոստիկանության վերահսկողությունը), ԱՆ-ում պատասխանեցին՝ «Կա քաղաքական կամք՝ կարգի
հրավիրել ազատազրկվածներին՝ ոչ իրենց իրավունքների հաշվին»: Երբ խոսում ենք
իրավունքների խախտման մասին, չենք կարող չնշել «Կենտրոն» մեկուսարանը («ԿԳԲ-ի մեկուսարան»):
Այստեղ էլ պահվող փաստաբան Վահե Գրիգորյանին «զինաթափել» էին, մասնավորապես՝ առանց
պատճառաբանության վերցրել էին էլեկտրոնային բլոկնոտը, որտեղ, ըստ կալանավորի, «պահվում
էին տվյալներ անձնական կյանքի, հաճախորդների ու մասնագիտական գործունեության մասին»:
ԱՆ մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանը ի պատասխան մեր հարցի, թե ի՞նչ է արվել ի պատասխան
Վ. Գրիգորյանի բողոքի, ասաց. «Յուրաքանչյուր կալանավորված անձ ունի իր իրավունքները:
Նա պետք է բողոքարկի վերադասության կարգով, եթե կատարվել է գրաքննություն, ինչպես
դուք եք ասում եւ առգրավել են էլեկտրոնային ծոցատետրը»: Նա նաեւ հայտնեց, որ Վ. Գրիգորյանից
իրենք չեն ստացել այս կապակցությամբ բողոք: «Առավոտին» ահազանգել էին մի խումբ ազատազրկվածներ,
թե հավաքվում են իրենց բջջային հեռախոսները: «Որեւէ կապի միջոց, օրենքով սահմանվածից
բացի, չի թույլատրվում». սա պաշտոնական հղումն է: Պաշտոնական տվյալներով,
աճել են կալանավորների եւ դատապարտյալ անձանց կողմից թույլ տրված խախտումները: 2004թ.
եթե այն 28,5% էր, ապա մեկ տարի անց եղել է 40%: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել