Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Խելոք մնացեք, ՊՆ-ի հետ մի կռվեք»

Հունվար 21,2006 00:00

Խորհուրդ
են տալիս Հյուսիս-արեւմտյան Վ-3 թաղամասի բնակիչներին Նախկին
Շահումյանի «9 հա» կոչվող հողատարածքի 9 վարձակալների 1974-ից զբաղեցրած հողատարածքների
հարցը մինչ օրս չի լուծվել: «Սովետի ժամանակ» վերոնշյալ տարածքը աղբանոց էր, մինչեւ
որ այստեղ առաջինը տուն ու այգի հիմնեցին Հ. Մուրադյանը, Զ. Գրիգորյանը, Վ. եւ Տ.
Կարագուլյանները, Լ. Պողոսյանը, Հ. Մովսիսյանը, Ս. Մուրադյանը, Գ. Ազատյանը եւ փորձեցին
օրինականացնել: Սակայն 2002թ. քաղաքապետի 1205Ա որոշմամբ, նշված տարածքը տրամադրվել
է պաշտպանության նախարարությանը՝ 12 կարիքավոր զինծառայողների, վիրավորվածների եւ
զոհվածների ընտանիքների անդամներին՝ անհատական բնակելի տների շինարարության իրականացման
նպատակով: Իրենց հողակտորներին տեր լինելու համար հաճախակի են այստեղ հայտնվում «ջիպերով»
զինվորականներ, որոնք կարիքավորի տպավորություն չեն թողնում, պաշտպանության նախարարության
աշխատակիցներ, անգամ Հունաստանում հյուպատոսի կցորդ Սամվել Ռամազյանը, որը, ըստ փաստաթղթերի,
թիվ 102 հողակտորի տերն է: Հանդիպումներն ավարտվում են վերոնշյալ տարածքը տիրապետողների
հետ բախմամբ: «Առավոտի» լուսանկարում պատկերված է բախման հետեւանքներից մեկը. քանդվել
է 2 մետրանոց պատը, կտրվել են ծառերը: Իսկ փոխքաղաքապետ Կամո Արեյանը, տեղյակ լինելով
խնդրո առարկա վեճին, խորհուրդ է տալիս ՊՆ-ի հետ չկռվել: Մինչ բնակիչները կփորձեին
ճշտել, թե վերջապես իրենց 4400 քմ տարածքը ո՞ւմն է եւ սեփականության վկայագրերը իրենք
որտեղից կարող են ստանալ, ավելանում է նոր վկայագրեր ունեցողների թիվը: Ուշադրության
արժանի է այն, որ երբ 2002-ին կառավարությունը որոշում էր կայացրել օրինականացնել
ինքնակամ շինություններն ու տնամերձ այգիները, գործադիր մարմնի ոչ մի քարտեզում այս
տարածքը նշված չէր: Բնակիչներին հիմա էլ առաջարկվում է աղմուկ չբարձրացնել, փոխանակել
հողակտորը Գ-1 կոչված թաղամասով, զինվորականները հրաժարվել են իրենք գնալ Գ-1 թաղամաս,
պատճառաբանելով, որ տարածքը քարքարոտ է: Տարածքում այս պահին ապրում են քաղաքապետարանի
ձեւակերպմամբ՝ անօրինական տերեր ու տիրապետողներ, մինչդեռ մենք տեսանք այնտեղ 1989-94թթ.
պաշտպանական մարտերի մասնակից, ազատամարտիկ Վրեժ Կարագուլյանին, մանկավարժ Զոյա Գրիգորյանին,
միակողմանի ծնողազուրկ երեխաների, որոնք նպաստառու են, իսկ ապրուստի հիմնական միջոցն
էլ տարիներով մշակած այս այգիներն են: Բնակիչները «Առավոտի» միջոցով հարց էին բարձրացնում՝
դադարեցնել 12 բնակելիների կառուցումը իրենց հողակտորների վրա: Զարմանալի
է, որ ոչ ոք ուշադրություն չի դարձնում Երեւան քաղաքի ճարտարապետության եւ քաղաքաշինության
վարչության պետի տեղակալ Ա. Լալայանցի 30.08.2005թ. պաշտոնական այն գրությանը, որն
ուղղված է քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝
Գ. Մազմանյանին: Ըստ այս գրության, ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկության
վերաբերյալ, այն է՝ օրինական տերերին տեղափոխել այլ տարածք, հայտնվում է. «Նշված
հողակտորների սեփականատերերի սեփականության վկայականները ներկայացված չեն, հետեւաբար
հողամասերի անվանական փոխանակում կատարել հնարավոր չէ» եւ «որպես տարածքի փոխանակում
առաջարկվող 4400 քմ ընդհանուր տարածքով հողամասը (Գ-1-ում գտնվող) համապատասխանում
է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1.2 եւ 3. ենթակետերով սահմանված
պահանջներին, սակայն ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածում նշված սահմանափակումների
ցանկում»: Հետեւաբար, ինչո՞ւ եք տեղահան անում մարդկանց, երբ նրանք ունեն հողի օրինական
վարձակալության պայմանագրեր՝ տրված նույն քաղաքապետարանի կողմից՝ 10 տարուց մինչեւ
անժամկետ: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՀ. Գ. Ձեր
հողօգտագործման իրավունքը պաշտպանելու խնդրով ինչո՞ւ դատարան չեք դիմում «Առավոտի»
հարցին բնակիչները պատասխանեցին հարցով. «Դուք լսե՞լ եք, որ դատարանը հօգուտ ժողովրդի
ինչ-որ հարց լուծի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել