Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՈՒՇՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ

Հունվար 21,2006 00:00

Երեւանի
բուհերում ամենուրեք կարելի է հանդիպել ներքին կյանքը «կարգավորող» «չի կարելիների»
բազմաթիվ ցուցանակների: Օրինակ՝ «Չծխել», «Աստիճանների ճաղերին ու պատերին
ոտքը չհենել» կամ «Անջատել բջջային հեռախոսները»: Որպես կանոն՝ սրանցից եւ ոչ մեկը
գործնականում չի կիրառվում: Մեր հանդիպած ամենատարածված զգուշացումը բուհերի
շքամուտքերում փակցված «Մուտքը միայն ուսանողական տոմսերով կամ վկայականներով» ցուցանակն
է: Այս զգուշացմանը հաստատ բանի տեղ դնող չկա: Գրեթե բոլոր բուհերի պահակակետերում
ջեռոցի տաքությունից կիսաքնած հերթապահները որեւէ փաստաթուղթ չէին պահանջում: Օրինակ՝
ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում թեժ քննական շրջանում հանգիստ ելումուտ էին անում
ուսանողներին «բարոյահոգեբանական» աջակցություն ցուցաբերող ծնողները, եղբայրները,
անկախ սեռից, տարիքից, կուսակցական պատկանելությունից: Նրանց թիվը գերազանցում էր
քննության բուն մասնակիցներին: Համալսարանի գրեթե բոլոր ֆակուլտետներում փակցված
է «Չծխել» հիշեցումը, սակայն ամենուր ծուխ էր: Ռուսաց լեզվի ամբիոնում մեր
այցի ժամանակ բուն քննական գործընթացն ուղեկցվում էր ամանորյա ճոխ սեղանով: Իսկ աղբամաններն
էլ լիքն էին կոնյակի եւ շամպայնի արդեն դատարկված շշերով: Եթե ԵՊՀ-ի բանասիրության
ֆակուլտետում ծխելն արգելող ցուցանակը պահպանվել էր կոմունիստների ժամանակներից՝
հին ու քրքրված տարբերակով, ապա Մանկավարժական համալսարանում այդպես էլ չհանդիպեցինք
նման ցուցանակի: ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի պատերին փակցված ցուցանակով
արգելվում է պատերին ոտնահետքեր թողնելը: Այս հիշեցմանը հավանաբար քչերն են հետեւում.
քանի որ համալսարանի պատերին առկա կոշիկի հետքերը արդեն իսկ խոսում են մեր «ոսկի»
երիտասարդության՝ ապագա դատավորների, դատախազների մտքի թռիչքի մասին: Ուսանողների
մեկնաբանմամբ՝ այդ ոտնահետքերը քննությունից հետո իրենց ուրախ կամ տխուր տրամադրությունն
են արտացոլում, իսկ կոշիկի վրայի թիվը՝ այն գումարի չափը (դոլարով), որը տրվում է
դասախոսին: Այս ֆակուլտետում արգելվում էր նաեւ շենքում խոսել բջջային հեռախոսով:
Այդ արգելքին ուշադրություն դարձնող չկար: Երեկվա մեր այցի ժամանակ ուսանողներն ու
դասախոսները անկաշկանդ երկար-բարակ զրուցում էին բջջայիններով: Զվարճալի են
նաեւ ԵՊՀ-ի դրսի պատերին փակցված հայտարարությունները: Օրինակ՝ «Ալ-ջազիրան» ուսանողներին
առաջարկում է բառարաններ, Ղուրան, նարգիլե եւ արեւելյան խմորեղեն: Ինչպես պարզեցինք,
այդ «Ալ-ջազիրան» ոչ թե մեզ հայտնի Կատարի հեռուստաընկերության մասնաճյուղն է ՀՀ-
ում, այլ Երեւանում գործող խանութ է: Կիսամերկ աղջիկներով հեղեղված գունաթափված պաստառն
էլ ԵՊՀ-ի, Սլավոնական, Ճարտարագիտական, Հայբուսակ, Եվրոպական համալսարանների ուսանողներին
հրավիրում էր «Րեւոլյուշն փարթիին»: Կիսամերկ աղջիկների տեսքը խոստանում էր, որ հրավիրվածներին
հուսախաբ չեն անի եւ «փարթին» կուղեկցվի կրքոտ եւ անմոռանալի պարերով: Այս պաստառի
ձախ կողմում փակցված էին Համո Սահյանի փոշուց խամրած դիմանկարները՝ «Ես կուշանամ»
մակագրությամբ: Իսկ «հեղափոխական» աղջիկների աջ կողմում, հավանաբար նրանցից ոգեշնչվածներին,
առաջարկվում էր տուն վարձել Երեւանում: ԵՊՀ-ի պատերի «բազմակարծությունը» լրացնում
են «Մեկ ազգ» կուսակցության քրքրված «Զգուշացեք Եհովայի վկաներից» կոչերը: Հավելենք,
որ Մանկավարժականում եւ ԵՊՀ-ում փակցված գրեթե բոլոր հայտարարությունները շուրջ մեկ
տարվա վաղեմություն ունեին, ժամկետանց էին: Դրանք հիմնականում ուսանողներին հրավիրում
էին մասնակցել այս կամ այն բարեգործական միջոցառումների, ակցիաների: ԼՈՒՍԻՆԵ
ՕՀԱՆՅԱՆ ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել