Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տավուշում այժմ շնագայլեր են որսում

Հունվար 21,2006 00:00

Հարցազրույց
Տավուշի որսորդվարչության նախագահ Ժիրայր Մելիքսեթյանի հետ Ժիրայր Մելիքսեթյանը
«Առավոտի» հետ զրուցելիս տեղեկացրեց, որ իրենց վարչության անդամներից իջեւանցի է
310-ը, 190-ը Բերդից է, 170-ը՝ Նոյեմբերյանից: Որսորդվարչության անդամների թվում
կամ ձկնորսներ, որոնք զենք չունեն: Մնացածը (մոտ 70 տոկոսը) «զինված» է: «Իսկ ինչպե՞ս
է տրամադրվում զենքը» մեր հարցին նա պատասխանց, որ եթե ոստիկանությունը զենք կրելու
թույլտվություն է տալիս, ապա քաղաքացին գալիս է վարչություն: Որսորդվարչությունը
իր կնիքով հաստատում է զենքի օրինականությունը եւ ոստիկանությունն էլ հաշվառում է
զենքը: Զենքը կրելու իրավունք չի տրվում, «եթե քաղաքացու վրա կա դատվածություն, տարիքը
18 տարեկանից ցածր է, հոգեկան հիվանդ է»: Տեղեկացանք նաեւ, որ այն որսորդը, որը 5
տարուց ավելի որսորդմիության անդամ է, իրավունք ունի կրելու որսորդական ակոսափող
զենք: Զենք կրելու երաշխիքային ժամկետը 5 տարի է: Հինգ տարին մեկ որսորդը հոգեբույժից
տեղեկանք է բերում, որ իր հոգեկան վիճակը նորմալ է, հետեւաբար «թարմացվում» է զենքը:
Տավուշի մարզում կա 17 կին որսորդվարչության անդամ եւ, ըստ մեր զրուցակցի,
կանայք նախընտրում են թռչունների որսը եւ բավական դիպուկ կրակում են: Ժ. Մելիքսեթյանը
տեղեկացրեց, որ որսորդները ծանր են տանում թռչունների որսի արգելումը (որը գործում
է նոյեմբերի 1-ից): Մանավանդ այժմ, երբ նապաստակի սեզոնն էլ անցավ եւ, փաստորեն,
հիմա թույլատրվում է անսահմանափակ որսալ գիշատիչներին (շնագայլ, ագռավ): Ժ. Մելիքսեթյանը
տեղեկացրեց, որ շնագայլերը բավականին վնաս են պատճառում գյուղացիներին, այդ գիշատիչները
ոհմակով են ման գալիս ու հանկարծ «եթե մի շփոթված անասուն մտավ անտառ՝ հոշոտում են»:
Մեզ հետաքրքրում էր գիշատիչներին ոչնչացնելու՝ պետության մոտեցումները: Որսորդներից
շատերը դժգոհում են, որ գիշատիչների կտրուկ աճը պայմանավորված է շահագրգռության պակասով:
Այսօր որսորդը մի գիշատիչ գայլ խփելու համար ծախսում է 1500-2000 դրամ, օր է կորցնում,
վտանգում է իրեն, իսկ մորթին ոչ մի լումա չարժե: Նախկին խորհրդային տարիներին որսորդը
5 ռուբլի մորթու համար էր ստանում, ինչպես նաեւ 100 ռուբլի «պրեմիա»: Նկատենք, որ
«գայլի» մեկ փամփուշտը 500 դրամ է, թռչուններինը՝ 200 դրամ: Պարոն Մելիքսեթյանը հիշեց
նաեւ, որ անցյալ տարի Իջեւանում երկու հողագործների վրա էին գայլերը հարձակվել, եւ
նրանց պատվաստում է արվել: Նա նկատեց նաեւ, որ, ի տարբերություն անտառի գայլերի,
դաշտավայրային գայլերն ագրեսիվ են: Իսկ ի՞նչ հանձնարարականներ են ստացել՝
կապված թռչնագրիպի հետ: Նա տեղեկացրեց, որ ամենօրյա հսկողություն են սահմանել ջրամբարների
եւ գետերի վրա: «Որսորդը ոչ միայն որս է անում եւ օգտվում բնությունից: Նա սիրում
է իր բնաշխարհը եւ այն պաշտպանելու համար առաջին անհրաժեշտության աշխատանքներն է
անում»,- ասաց որսորդվարչության նախագահը: Վերջինս հայտնեց, որ կան գյուղեր, որոնք
առհասարակ տեղյակ չէին թռչնային վարակի մասին: Ում կարողացել՝ զգուշացրել է, որ սատկած
բադեր, ջրհավեր, վայրի սագեր, հնդկահավեր, աղավնիներ հայտնաբերելու դեպքում անմիջապես
հայտնեն որսորդվարչություն: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել