Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ Է ՓՈԽՎԵԼՈՒ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ՀԵՏՈ

Հունվար 21,2006 00:00

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի դիտարկումները փակ քննարկման ժամանակ

Մի ամիս առաջ «Արմենիա» հյուրանոցի «Քուին Էրատո» դահլիճում USAID-ի կազմակերպած քննարկման անվանումն էր «Դատական համակարգի կառուցվածքը, վճռաբեկ եւ վերաքննիչ դատարանների լիազորությունները սահմանադրական բարեփոխումներից հետո»: Քննարկմանը լրատվամիջոցները չէին մասնակցում, սակայն «Առավոտի» տրամադրություն տակ կա ձայնագրությունը, որը որոշ չափով լույս է սփռում դատական համակարգի վերաբերյալ իշխանությունների մտադրությունների մասին:

Ըստ այդմ, պետք է լինեն առաջին ատյանի դատարաններ՝ ընդհանուր իրավասության, անվճարունակության գործերով եւ վարչական, առաջին ատյանի դատարաններ: «Փորձել ենք ներմուծել երկու նոր դատարան եւ միաժամանակ նոր համակարգում չենք տեսնում տնտեսական դատարանը»,- նշել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նրա կարծիքով, տնտեսական դատարանը իր ամենակարեւոր խնդիրը կատարել է, եւ դատական համակարգը պատրաստ է նույն այդ վեճերը, որոնք «իրենց էությամբ չեն տարբերվում քաղաքացիական դատավարության կարգով քննվող որեւէ այլ վեճից, ենթադրվում է տեղափոխել առաջին ատյանի դատարաններ»: Անդրադառնալով առաջին ատյանի դատարաններին, Դ. Հարությունյանը նշում է, որ այդ դատարանները այսուհետեւ կլինեն մասնագիտացված՝ քաղաքացիական եւ քրեական գործերով. «Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններին վերապահվելու են բոլոր այն գործերը, որոնք վերապահված չեն անվճարունակության գործերով եւ վարչական դատարաններին: Բնականաբար, չեն բացառվում, որ կլինեն որոշակի «պիկ» վարչական գործեր, որոնք պահանջելու են հենց տեղում եւ արագ քննություն»:

Նախատեսվում է բողոքի ներկայացում վերաքննիչ դատարան, որտեղ ավարտվելու է արդարադատության իրականացումը: Երկրորդ հետաքրքիր նորությունն էլ, որը կներմուծվի եւ որին տեղյակ չէ հանրությունը, դա քաղաքացիական գործերով վերաքննության սահմանափակումն է՝ կապված սակագնի հետ: Այսինքն, որոշակի գումարից ցածր հայտերը չեն կարող վերաքննության կարգով բողոքարկվել քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան: Սա նշանակում է, որ վերադաս ատյան դիմելու քաղաքացու իրավունքը կարող է սահմանափակվել եւ, ինչպես ժողովուրդն է ասում, եռաստիճան դատական համակարգում կլինեն «հարուստների» եւ «աղքատների» դատարաններ:

Առաջարկվելու է նաեւ վարչական գործերով դատարան: «Վարչական գործերով դատարաններում, ենթադրում ենք, գործերն առաջին անգամ, որպես կանոն, քննվելու են միանձնյա, բացառությամբ որոշակի կատեգորիայի գործերի՝ ելնելով նորմատիվ ակտի բարդությունից, երբ վիճարկվում է ոչ թե գործողությունը, անգործությունը կամ անհատական ակտը, այլ հենց նորմատիվ ակտը, թե ինչքանով է համապատասխանում տվյալ ակտը մեկ այլ՝ ավելի վերադաս մարմնի կողմից ընդունված ակտին»,- մեկնաբանում է Դ. Հարությունյանը: Բեկանման դեպքում գործը կքննվի դարձյալ կոլեգիալ՝ եռյակների կազմով: Ի դեպ, կան երկրներ, որ նախատեսում են վերաքննություն եւ կան երկրներ, որ նորմատիվ ակտի վիճարկման դեպքում նախատեսում են միայն վճռաբեկության կարգ:

Սահմանադրական բարեփոխումներից հետո վճռաբեկ դատարանին տրվելու է նոր դեր եւ նա ապահովելու է միայն օրենքի միատեսակ, ճշգրիտ մեկնաբանումը: Առաջին անգամ վճռաբեկ դատարանի լիազորություններում կամրագրվի հաշտության համաձայնության ինստիտուտը: Դատարանի որոշումները պարտադիր են լինելու ստորադաս դատարանների համար: Հետեւաբար փոխվելու է նաեւ նրա ներքին կառուցվածքը:

Այս քննարկմանը դատավորները նախարարին հարցրել են, թե որո՞նք են լինելու վարչական դատարանի իրավասության ենթակա գործերը, քանի որ դեռ չկա վարչական դատավարության օրենսգիրքը: Պարզվում է, որ այդ նորաստեղծ դատարանը կքննի վարչական մարմինների եւ պաշտոնատար անձանց թե՛ նորմատիվ, թե՛ անհատական ակտերի դեմ բերված բողոքները, վարչական մարմինների միջեւ ծագած վեճերը, վարչական պատասխանատվության ենթարկման հարցերը եւ նրանց գործողությունների ու անգործության բողոքները: «Վարչական դատավարության կարգով հնարավոր է որոշակի գործեր վերապահված լինեն ընդհանուր իրավասության դատարաններին, հատկապես նկատի ունեմ որոշ ընտրական վեճերը, որովհետեւ դրանց զգալի մասին վարչական դատարանը հնարավորություն չի ունենալու անդրադարձ կատարել, մասնավորապես՝ համապետական ընտրությունների ժամանակ»,- կարծում է Դ. Հարությունյանը: Դատավորներին նաեւ հետաքրքրում էր՝ արդյոք վարչական դատարանը վերադաս ունենալո՞ւ է, քանի որ կան երկրներ, որտեղ վարչական դատարանները ինքնուրույն համակարգ են: Հայաստանում, սակայն, վճռաբեկ դատարանը ուսումնասիրության առարկա կդարձնի վարչական դատարանների ակտերը: Այս դեպքում արդեն վճռաբեկությունը հատուկ նշանակություն ձեռք կբերի:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել