Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՅՍԲԵՐԳԻ ԵՐԵՎԱՑՈՂ ՄԱՍԸ

Հունվար 21,2006 00:00

Պատժվեց
կանանց վաճառողների եւս մի խումբ Հրազդանցի Արմինեն (անունը փոխված է) Դուբայում
գտնվելով ստրուկի կարգավիճակում՝ մեկ տարի սեռական շահագործման է ենթարկվել հայտնի
կավատ, Ինտերպոլով հետախուզվող Անահիտ Մալխասյանի կողմից (մականունը՝ Դըբռ Անո):
2005թ. հոկտեմբերի 3-ին Ա. Մալխասյանը Դուբայում կասկածելի հանգամանքներում դարձել
է ավտովթարի զոհ: ՀՀ գլխավոր դատախազությունում նրա նկատմամբ քրեական գործը կարճվել
է: Արմինեն ունի երկու երեխա: Ամուսինը չորս տարի առաջ գնացել է Ռուսաստան
եւ այլեւս չի վերադարձել, ոչ էլ ընտանիքին է օգնել այդ տարիների ընթացքում: Արմինեն
տեղափոխվել եւ ապրում էր ծնողների մոտ, որոնք նույնպես գտնվում էին սոցիալապես ծանր
վիճակում: Արմինեն երկար ժամանակ աշխատանք էր փնտրել Հրազդանում: Խորհրդային տարիների
մի քանի գործարանների շուրջ կառուցված այս քաղաքում այսօր բնակչության հիմնական մասն
աշխատանք չունի, քանի որ գործարանների մեծ մասը չի աշխատում: Արմինեին Դուբայում
բարձր վարձատրվող աշխատանք է առաջարկում Գայանե Միրզոյանը: «Գայանե Միրզոյանը մեր
շենքում էր ապրում: Ինձ ու ընկերուհուս իրենց տանը սուրճ խմելիս ասաց, որ բարձր վարձատրվող
աշխատանք կա, կուզենա՞ք անել: Մենք երկուսս էլ՝ ես ու Ռուզանը, ծանր վիճակում էինք,
ուրախացանք: Մտքներովս ոչ մի վատ բան չի էլ անցել: Ասաց՝ կամ հացթուխ կաշխատեք, կամ
էլ երեխա կպահեք: Մենք էլ համաձայնվեցինք»,- 2005թ. փետրվարին Դուբայում պատմեց Արմինեն:
Գայանե Միրզոյանի՝ կավատ դառնալու պատմությունը բնութագրական է այսօր Դուբայում
եւ Թուրքիայում հայ կանանց աշխատեցնող բոսերի համար: Նրանք գրեթե բոլորն էլ ժամանակին
եղել են մարմնավաճառներ ու հետո դարձել «բոսեր»: 2001-ին Գայանեն մարմնավաճառությամբ
փող աշխատելու նպատակով մեկնել է Դուբայ: Նա աշխատում էր Անահիտ Մալխասյանի հսկողության
ներքո: Մի քանի ամիս աշխատելուց հետո Դուբայի ոստիկանությունը Գայանեին ձերբակալել
է եւ արտաքսել Հայաստան: Անահիտ Մալխասյանը արդեն Երեւանում գտնվող Գայանեին առաջարկել
է հավաքագրել կանանց եւ ուղարկել իր մոտ աշխատելու: Գայանեն իր հայրենի քաղաքում՝
Հրազդանում, սկսում է փնտրել-գտնել դժվարին պայմաններում ապրող կանանց եւ նրանց աշխատանք
առաջարկում Դուբայում: Առաջարկվող աշխատանքները հիմնականում «երեխա պահելն էր կամ
որեւէ օբյեկտում մատուցող աշխատելը»: Կանանց անձնագրերը Դըբռ Անոյի հանձնարարությամբ
Գայանեն տվել է Ավետիս Կիզիրյանին: 2004թ. մարտի 17-ին երկու կանանց Ավետիսը տեղափոխել
է Երեւանի Դավիթ-Բեկի փողոցում գտնվող «Վարդանանց օջախ» կիսակառույց հյուրանոց (այս
հյուրանոցը հիշատակված է մարդկանց վաճառքի հոդվածներով հարուցված երկու տարբեր քրեական
գործերում): Իսկ հաջորդ օրը Ավետիս Կիզիրյանը նրանց ճանապարհել է Մոսկվա: Մոսկվայում
կանանց դիմավորել եւ Արաբական Միացյալ Էմիրություններ է ճանապարհել Վազրիկ Սիմոնյանը:
Վ. Սիմոնյանը նույն՝ 2004 թվականին Հայաստանում դատապարտվել է ԱՄԷ-ում «պոռնկությամբ
զբաղվելը կազմակերպող հայ կանանց օժանդակելու համար»: «Դուբայի օդակայանում
մեզ դիմավորեց Անահիտը: Տեղում մեզնից վերցրեց անձնագրերը՝ ասելով, որ իր մոտ պետք
է մնան, ու տարավ մի բնակարան, որտեղ կային ուրիշ հայ կանայք: Այստեղ էլ մենք իմացանք,
թե ինչի համար են մեզ բերել: Անահիտն ասաց, որ մեզ այստեղ բերելու համար ծախսել է
20 հազար դոլար, եւ կամ իրեն պետք է այդքան վերադարձնենք, կամ էլ պիտի զբաղվենք մարմնավաճառությամբ:
Ինձ ծեծեց մազերը ետեւին պոչ կապած արաբը: Անունը Ալի է, նրան հայերս «Պոչիկ Ալի»
ենք ասում: Էդ Ալիի ու նրա ընկերների ձեռքը որ ընկար՝ վերջ: Ինչ ասես՝ հետդ չեն անում:
Ու դու ոչ մի բան չես կարող անել»,- պատմում էր Արմինեն: Ահա այս պայմաններում Արմինեն
մեկ տարի Դուբայում ենթարկվել է սեռական շահագործման: Արմինեին եւ Ռուզանին
ուղարկելուց որոշ ժամանակ անց Ավետիս Կիզիրյանը նույնպես մեկնում է Դուբայ: Նրան
Դուբայի հայ կանայք Ավո էին ասում: Ավոն Անահիտ Մալխասյանի հետ ապրում էր նույն բնակարանում:
Նա Անահիտի սիրեկանն էր եւ ապահովում էր նրա անվտանգությունը: Առանց նրա՝ Անահիտը
դուրս չէր գալիս տնից: 2005-ի օգոստոսին Դուբայի ոստիկանությունը Արմինեին կալանավորել
է եւ արտաքսել Հայաստան: 2005թ. սեպտեմբերի 9-ին Ավետիս Կիզիրյանին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քրօրի 132 հոդվածով (մարդկանց վաճառք): Հայաստան վերադառնալուց հետո նա կալանավորվել
է: Ա. Կիզիրյանը նախկինում տարբեր հանցագործությունների համար երեք անգամ դատապարտվել
է: Վերջին անգամ նա դատապարտվել է 2004թ. հոկտեմբերին Քրօրի 38 եւ 262 հոդվածներով,
սակայն անհասկանալի պայմաններում շուտով ազատ է արձակվել: Գայանե Միրզոյանին
նույնպես ներկայացվել էր մեղադրանք 132 հոդվածով եւ հայտարարվել հետախուզում: 2005թ.
հոկտեմբերի 12-ին Գայանե Միրզոյանը հայտնաբերվել է եւ կալանավորվել: 2006թ. հունվարի
12-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Նելլի Գալստյան) Գայանե Միրզոյանին
եւ Ավետիս Կիզիրյանին ՀՀ քրօրի 132 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով դատապարտեց ազատազրկման՝
4 տարի 6 ամիս ժամկետով: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆwww.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել