Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մանկատան երեխաների մեծ մասը ծնողներ ունի

Հունվար 21,2006 00:00

Մայրը Ամանորին էլ երեխային չի ուզում տանել տուն

Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ Վալենտինայի ավագ դուստրը՝ տասնամյա Ռուզաննան, արդեն 1 տարի Վանաձորի մանկատանն է ապրում։ Վալենտինան ապրում է իր երկրորդ ամուսնու հետ, որը Ռուզաննայի հայրը չէ։ Դա անառողջ մթնոլորտ է ստեղծել ընտանիքում, եւ մայրը նախընտրել է Ռուզաննային հանձնել մանկատան խնամքին։ Ամանորից առաջ Վալենտինան այցելել էր աղջկան։ Չնայած նա երեխային համոզում էր, թե մանկատանն ավելի լավ կանցնի Ամանորը՝ նվերներով եւ ուրախ միջոցառումներով, բայց Ռուզաննան նախընտրեց իրենց տանը դիմավորել Նոր տարին։ «Ես չեմ ուզում նրան տուն տանել, որովհետեւ այստեղ կարգուկանոն կա, երեխայիս դաստիարակությունը լավ է տարվում։ Երբ մեծանա, հույս ունեմ, որ այստեղից նրա համար ուսումը շարունակելու որեւէ հնարավորություն կգտնվի»,- ասում է Վալենտինան։

Արցունքների գնով Ռուզաննան ի վերջո տասն օրով գնաց Տաշիր։ Օրերս նա կրկին վերադարձել է մանկատուն։

Վանաձորի մանկատան տնօրեն Աշիկ Հարությունյանն ասում է, որ տարեկան մանկատուն է ընդունվում 10-15 երեխա։ Երեխաների ընդհանուր թիվն այստեղ տատանվում է 115-120-ի միջեւ` նախատեսված 109-ի փոխարեն։ Այսօր մանկատան 113 բնակիչների 70 տոկոսն է Լոռու մարզից։ «Նախկինում հոսքն ավելի շատ Սպիտակի տարածաշրջանից էր։ Վերջերս հիմնականում Թումանյանի տարածաշրջանից են երեխաներ ուղարկում»,- ասում է Ա. Հարությունյանը։ Ըստ տնօրենի՝ նվազել է մանկատուն ընդունվող նորածինների թիվը։ Եթե նախկինում երեխաների 7-8 տոկոսն էր նորածին, ապա այսօր այդ թիվը կազմում է ընդամենը 1-2 տոկոս։

Վանաձորի մանկատան 113 բնակիչների մոտ 80 տոկոսը ծնողներ ունի։ Լոռու մարզպետարանում ստեղծված հատուկ աշխատանքային խմբի կարծիքով՝ այս թիվը չափազանց մեծ է։ Աշխատանքային խումբը փորձում է մարզպետարանում ձեւավորել ստորաբաժանում, որը կզբաղվի մանկական տարիքի խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությամբ, այդ թվում կփորձի վերահսկելի դարձնել համայնքից մինչեւ մանկատուն տանող ճանապարհը։ «Այսօր եթե ծնողները սոցիալական դժվարություններ են ունենում, այդ ճանապարհը դեպի մանկատուն շատ հեշտ են անցնում։ Բայց մինչեւ երեխային մանկատուն ուղարկելը՝ կարելի է շատ միջոցներ ձեռնարկել»,- ասում է մարզպետարանի աշխատանքային խմբի անդամ Անահիտ Բարոյանը։

Պետությունը մանկատան մեկ երեխայի սննդի ու կենսական կարիքների համար ամսական հատկացնում է 63 հազար դրամ։ Վանաձորի մանկատունը տարեկան ընդունում է 10-15 երեխա։ Ալավերդու քաղաքապետը 2005թ. իր որոշմամբ մանկատուն է ուղարկել հինգ երեխա՝ երեք ընտանիքից։ Անահիտ Բարոյանը նշում է, որ համայնքապետարանների կողմից հաշվետվողականության կամ հասարակության համար բողոքարկման մեխանիզմ չկա։ Նա համոզված չէ, որ համայնքային հանձնաժողովների կողմից բոլոր որոշումները ճիշտ են կայացվում։ «Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ փոքր համայնքներում նույնիսկ խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովներ չկան, ապա ստացվում է, որ երեխայի ճակատագիրը որոշվում է համայնքապետի սուբյեկտիվ կարծիքի հիման վրա»,- ասում է Ա. Բարոյանը։

Ալավերդու քաղաքապետարանում նշում են, որ անչափահասներին մանկատուն ուղարկելու մասին որոշումները կայացրել են՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության սահմանած չափորոշիչները։ «Մենք կարող ենք ընդամենը 15-20 հազարական դրամով տարվա մեջ երկու անգամ օգնություն ցույց տալ նման ընտանիքներին, որտեղ երեխաներին լքել են ծնողները։ Բայց դա երեխայի դաստիարակություն չէ։ Դրանով չես կարող երեխայի ապագան ապահովագրել»,- ասում է Ալավերդու քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Սասուն Խեչումյանը։

Լոռու մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը շուտով կսկսի իր աշխատանքը։ Անահիտ Բարոյանը նշում է, որ իրենց հիմնական խնդիրը կլինի երեխաներին սեփական ընտանիքներ վերադարձնելը։ Իսկ մինչ այդ՝ մանկատան 113 բնակիչներն ապրում են, դաստիարակվում, խնամախոսներ ընդունում ու ամուսնանում մանկատանը։

ԿԱՐԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել