Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵՍ ԱՄԵՆԱՄԵԾ ԵՎ ԱՄԵՆԱՀԶՈՐ՝ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՄ»

Հունվար 21,2006 00:00

Ասում է Հմայակ Հովհաննիսյանը

Մենք խնդրեցինք Հմայակ Հովհաննիսյանին՝ մեկնաբանել Ազգային միաբանության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանի կողմից մեր օրաթերթում արված հայտարարությունն առ այն, որ Հ. Հովհաննիսյանի տեսակետները քաղաքական վերադասավորումների անհրաժեշտության եւ Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության հեռանկարների մասին՝ ձեռնտու են Սերժ Սարգսյանին:

Այսօր նույնիսկ քաղաքականությունից հեռու մարդիկ գիտեն, որ քաղաքական վերադասավորումներից ամենաշատը վախենում են Սերժ Սարգսյանը եւ իրենց ձախողումները «Բորոդինո» ներկայացնող ընդդիմության առաջնորդները: Ստատուս-քվոն ամեն գնով պահպանելու հարցում իրենց շահերը համընկնում են, քանզի ընդդիմության առաջնորդներն այսօր մտահոգված են ոչ թե իշխանափոխության անհրաժեշտությամբ, այլ ընդդիմադիր դաշտում իրենց ղեկավար դիրքերը հավերժացնելու ձգտումով: Վերջերս «Հայկական ժամանակ» օրաթերթի վերլուծաբան Արման Կարապետյանը քաղաքական դաշտի արհեստական լճացման այս իրավիճակը ճշմարտացիորեն բնութագրել էր որպես հայաստանյան ե՛ւ իշխանամետ, ե՛ւ ընդդիմադիր կուսակցություններում պատասխանատվության ինստիտուտի բացակայության հետեւանք: Այսինքն, ցանկացած՝ նույնիսկ ամենաջախջախիչ պարտությունը մեզանում հնարավոր է ներկայացնել որպես բարոյական հաղթանակ կամ էլ, վատթարագույն դեպքում՝ «Բորոդինո»: Դրանից հետո էլ ո՞վ կհամարձակվի խոսել քաղաքական վերադասավորումների անհրաժեշտության մասին: Իսկ եթե նույնիսկ նման խոսողներ ի հայտ գան, Սերժ Սարգսյանը միշտ էլ կկանգնի սահմանադրական ճանապարհով բարոյական հաղթանակներ տանող «ընդդիմադիր» առաջնորդների թիկունքին:

Ես բարեկամաբար հասկանում եմ Ալեքսան Կարապետյանի հոգեվիճակը: Երբ շատերը ԱՄ ղեկավարությանը վերագրում են ինչ-ինչ կապեր Սերժ Սարգսյանի հետ, մեծ է գայթակղությունը՝ գտնելու մեկին եւ նրան վերահասցեագրելու այն մեղադրանքները, որոնք աջ ազատական ուժերի ներկայացուցիչներն առաջ են քաշում իրենց դեմ: Սակայն, որքան էլ ես բարյացակամ եմ տրամադրված Արտաշես Գեղամյանի եւ նրա գործընկերների հանդեպ, չեմ պատրաստվում այդ թեժացող բանավեճում ստանձնել շանթարգելի դերակատարություն: Այնպես որ, Դավիթ Շահնազարյանի եւ մյուսների մեղադրանքները վերահասցեագրելով ինձ, նրանք ոչնչի չեն հասնի: Որովհետեւ ոչ թե ես, այլ իրենք պետք է բացատրեն, թե ինչու Սերժ Սարգսյանի հետ իրենց փոխհարաբերություններում փոխադարձ սիրո եւ ատելության դրսեւորումները, ինչպես հնդկական ֆիլմերում, հաջորդում են միմյանց (հիշենք թեկուզ Իրաք զորք ուղարկելու հարցում պարոնայք Ս. Սարգսյանի եւ Ա. Գեղամյանի փոխադարձ սիրալիր ռեւերանսները եւ դրանց հետեւած «դհոլային ատելության» հերթական բռնկումները): Այստեղ է, որ պետք է ասեմ. ուզում եք՝ ամուսնացեք միմյանց հետ, ուզում եք՝ բաժանվեք միմյանցից, ուզում եք՝ միմյանց խեղդեք. Սեւանը մոտիկ է: Սակայն տարաբնույթ ձեր հաշիվներին Հմայակ Հովհաննիսյանին մի խառնեք:

Հա, չմոռանամ հուշել Ալեքսան Կարապետյանին, որ ինքը Արտաշես Գեղամյանից հետաքրքրվի, թե ո՞վ է 1997թ. օգոստոսին նրան ծանոթացրել Սամվել Բաբայանի հետ: Հուսով եմ, որ մեծարգո պարոն Գեղամյանը այս անգամ կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, որպեսզի պարոն Կարապետյանը գոնե այս դեպքում ձեռնպահ մնա էքսցենտրիկ հայտարարություններից: Զորօրինակ, հանկարծ չհայտարարի, որ Հմայակ Հովհաննիսյանը, 1997-ին հրավիրելով պարոն Գեղամյանին Հայաստանի քաղաքագետների միության նախաձեռնությամբ կազմակերպված ստեփանակերտյան խորհրդաժողովին եւ այնտեղ նրան ծանոթացնելով Ս. Բաբայանի հետ, դրանով իսկ նպաստում էր Սերժ Սարգսյանին: Թե չէ էքսցենտրիկ մտքի թելը նրան կարող է այս անգամ էլ հանգեցնել հետեւյալ եզրակացության. Հմայակ Հովհաննիսյանը, ծանոթացնելով Արտաշես Գեղամյանին Սամվել Բաբայանի հետ, նպատակ էր հետապնդում վերջինիս դարձնել բոլոր նրանց թիրախը, ովքեր հակակրանքով էին վերաբերվում պարոն Գեղամյանին, մասնավորապես՝ ստեղծել հակասությունների դաշտ Սամվել Բաբայանի եւ Վազգեն Սարգսյանի միջեւ՝ դրանով նպաստելով Սերժ Սարգսյանի հեռու գնացող ամբիցիաներին: Այստեղ են ասել, որ չկա ավելի հրեշավոր սուտ, քան ճշմարտանման սուտն է եւ չկան ավելի վտանգավոր մարդիկ, քան նրանք, ովքեր զբաղվում են դատարկ մտավարժանքներով: Ուրեմն, դետեկտիվներ հորինելու փոխարեն, խորհուրդ եմ տալիս մտածել սեփական քաղաքական ապագայի մասին: Չէ՞ որ ես ձեռնպահ եմ մնում պնդելուց, որ պարոն Ալեքսան Կարապետյանը հենց Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ է ձգտում Սամվել Բաբայանի եւ իմ փոխհարաբերություններում «ցեց գցել»: Սակայն ոչ միայն Ալեքսան Կարապետյանին, այլեւ բոլոր մյուսներին էլ, ովքեր պատերազմի տարիներին զբաղված էին մասնավոր բիզնեսով եւ այն ժամանակ իրենց հեռու էին պահում քաղաքականությունից, տեղեկացնում եմ, որ Սամվել Բաբայանի հետ ես մտերիմ եմ 1992-ից, որ մեր հոգեհարազատության եւ փոխադարձ հարգանքի հիմքում ընկած է անմնացորդ նվիրվածությունը մեր միասնական Հայրենիքին, որ այդ նվիրվածությունը մենք ապացուցել ենք պատերազմի բախտորոշ տարիներին՝ Ս. Բաբայանը ռազմաճակատում, իսկ ես՝ գաղափարական ճակատում: Պարզապես ծիծաղելի է, երբ անդավաճան այս ընկերությունը փորձում են գնահատել «կենտկոմ-ռայկոմական» բանսարկությունների չափանիշներով: Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի կողմից հիմնադրված «Դաշինք» կուսակցությանը, ապա ես որեւէ հատուկ առնչություններ այդ կուսակցության հետ, ինչպես եւ ցանկացած այլ կուսակցությունների հետ չունեմ, քանզի եղել եմ եւ մնում եմ ամենամեծ եւ ամենահզոր՝ անկուսակցականների կուսակցության անդամ:

ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել