Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համակարգային ստվերներ

Հունվար 21,2006 00:00

Ինչպես երեւում է՝ «2» եւ «3»-ների գծով կառավարության
լիմիտն արդեն սպառվել է, վերջին երկու օրում հաշվետվություն ներկայացնող բոլոր համակարգերը
միայն «4» են ստանում, իսկ գերազանց աշխատած գերատեսչություն կամ «5» ստացող դեռ
չի եղել: «Լավ» գնահատականի արժանացած կառավարության առաջին ՕԵ-ական անդամը
քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանն է: Փոխարենը նրա ղեկավարած համակարգը
հայտնվել է հարկային ծառայության սեւ ցուցակում՝ վերջինս որոշել է այս տարի հատուկ
ուշադրության տակ պահել շինարարության ոլորտը, որպես առավել ստվերային համակարգ:
«Ես չգիտեմ, թե ինչու են այդպես որոշել, մենք աշխատում ենք հիմնականում մրցույթներով,
թափանցիկ, պետական միջոցներ չեն վատնվել»,- «Առավոտի» հետաքրքրությունը փորձեց բավարարել
Ա. Հարությունյանը: Չստացվեց: Այնուհետեւ նույն հարցին հարկային պետական ծառայության
պետ Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց այսպես. «Հանքարդյունաբերությունը եւ շինարարությունը
մենք միասին ենք դիտարկում, հանքերում ծավալներ են թաքցնում, շինարարությունում խնդիրը
շինփաստաթղթերի մեջ է»: «Ձեր կարծիքով, հարկային ծառայողն ինչպիսի՞ վարկանիշ ունի
հասարակության եւ միջին գործարար օղակներում» մեր հարցին էլ ստացանք հետեւյալ պատասխանը.
«Կարող եք գնահատել վատ, բայց գնահատելուց զգույշ եղեք»: Սա սպառնալիք չէր, այլ,
ինչպես պարզաբանվեց՝ «ամեն ինչ համեմատության մեջ է ճիշտ, եթե ասեմ, որ մյուս համակարգերից
վատն ենք՝ չէ»: Հարկայինի պետն իր կառույցը այլ հանրապետությունների հարկայինների
հետ համեմատելիս էլ վատը չի համարում, բայց ուզում է, որ իրենց մասին լավն ասեն.
«Վարկանիշ որոշելուն էլ ձեւ կա: Օրինակ՝ վերջերս սոցհարցում են արել բուհերում, թե
ո՞ր համակարգն է ամենակոռումպացվածը, ու թվերով պարզվել է, թե՝ մերը: Էդ ինչ է՝ բոլոր
ուսանողներն ու դասախոսները բիզնեսմեննե՞ր են, կամ հարկայինի հետ գո՞րծ են ունեցել»:
Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունն իր ստուգումների արդյունքում «մանր-մունր»
ֆինանսական խախտումներից ստացել է շուրջ 3,5 մլրդ դրամ արդյունք, որից գլխավորը՝
մոտ 1 մլրդը, հայտնաբերվել է սեփականաշնորհման համակարգում: «Կարծում եմ, որ դա փաստաթղթային
սխալ ձեւակերպման հետեւանք է, ոչ թե զեղծարարություն, այժմ ուսումնասիրում ենք»,-
մեկնաբանեց նախարար Վարդան Խաչատրյանը: Իսկ մյուս Վարդանը, արդեն՝ Այվազյան, իր ղեկավարած
բնապահպանական համակարգում, մասնավորապես՝ հանքարդյունաբերության ոլորտում նախագահի
վերահսկողական ծառայության հայտնաբերած ստվերային ծավալները, ինչի համար Ամանորի
շեմին «թուքումուր կերավ» նախագահից, պայմանավորեց ստուգման մեխանիզմների թերիությամբ,
ինչից ճարպկորեն օգտվում են արդյունաբերողները: Գլխավոր «ճարպիկը», ինչպես պարզվեց,
«Արարատ» ոսկու արդյունահանման ձեռնարկությունն է, որն անցյալ տարի թաքցրել է շուրջ
կես տոննա ոսկի: Հիշեցնենք, որ դրանից մեկ տարի առաջ էլ բնապահպանները «Արարատին»
հասցեագրեցին ոսկու արդյունահանված ծավալների «պարտակում», հարուցեցին քրգործ, հետո
էլ հնդիկների հետ «եղբայրաբար» հաշտվեցին: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել