Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՏԱԼԻՍ Է, ՄԱՐԶՊԵՏԸ՝ ՎՐԵՑՆՈՒՄ

Հունվար 21,2006 00:00

Շիրակի մարզպետարանը շարունակում է «վռնդել» «ապօրինի» բնակարաններ զբաղեցրածներին

Բնակբաշխման պատիվը սկզբում ընձեռվել էր Գյումրիի քաղաքապետարանին, այնուհետեւ կառավարության որոշմամբ անցավ մարզպետարանին ու այդ պահից էլ սկսվեց «ծեծկռտոց» Գյումրիի քաղաքապետի ու Շիրակի մարզպետի միջեւ: Մարզի բարձրաստիճան պաշտոնյաների անհաշտության արդյունքը եղավ այն, որ նոր բնակարաններ «քաշված» ու ժամանակից շուտ ուրախացած որոշ անօթեւաններ հայտնվեցին փողոցներում: Օրերս «Առավոտը» ստացավ հերթական բողոքը 68- ամյա Հայկանուշ Ղազարյանից, որի 7 հոգանոց ընտանիքին, կորցրած 4 սենյականոցի փոխարեն, քաղաքապետարանը հատկացրել էր առանձին- առանձին բնակարաններ՝ 1 եւ 3 սենյականոցներ: Գյումրիի քաղաքապետի տեղակալ Կարլեն Համբարձումյանն էլ ժամանակին Շիրակի մարզպետարանի բնակբաշխման հանձնաժողովի նախագահ Բորիս Ալեքսանովին գրություն էր ուղարկել, որտեղ իրենց քայլը արդարացրել էր շահագործման հանձնվող շենքերում 4 սենյականոց բնակարաններ չլինելու եւ ամենակարեւորը՝ Հայկանուշ Ղազարյանի ամուսնու՝ տուբերկուլյոզով տառապելու պատճառներով: Վերջինիս տղայի 5 անձից բաղկացած ընտանիքին քաղաքապետարանը, հատկացնելով առանձին 3 սենյականոց բնակարան՝ փրկել էր վարակից: Սակայն որոշ ժամանակ անց բնակբաշխումը ստանձնած մարզպետարանը 1 սենյականոց նոր բնակարանից սկսել էր «վռնդել» Հայկանուշ Ղազարյանին ու նրա հիվանդ ամուսնուն, որն էլ, Հայկանուշ Ղազարյանի պնդմամբ՝ դարձել էր ամուսնու մահվան պատճառը: Վերջերս մահացել է նաեւ Հայկանուշ Ղազարյանի որդին, ինչն է՛լ ավելի է մոլորեցրել միայնակ կնոջը: Մարզպետարանը, դատի տալով այրիացած Հայկանուշ Ղազարյանին՝ նրան վերջնականապես վտարել է Գյումրիի Անտառավան 4-րդ թաղամասի 22 ա շենքի թիվ 38 մեկ սենյականոց բնակարանից եւ նրան ժամանակավորապես հրամցրել Սամարիթեր հիվանդանոցի հաշվեկշռում գտնվող հանրակացարանը: Շենքը զուրկ է կոմունալ բոլոր հարմարություններից եւ, ինչպես մեզ դժգոհեցին ծեր բնակիչներից մի քանիսը, մարզպետարանի չինովնիկները, հրամցնելով «քրջոտ խուցը»՝ իրենց իրավունք են վերապահում ավելորդ մեկնաբանություններ անել. «Նոր տները ջահելների համար են, մի քանի տարի պտի ապրեք՝ յոլա գնացեք, ձեր տեղը վերջ-առաջ գերեզմանոցն է»: Դժգոհողները վստահեցնում են, որ տեղի «ստրկամիտ» չինովնիկներին «թեւ տվողը» հենց կառավարության կոնֆլիկտահարույց 432 որոշումն է: Զարմանալին այն է, որ ամեն վայրկյան այս որոշմամբ խախտվում են գյումրեցի անօթեւանների իրավունքները, այս մասին բարձրաձայնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կողմից, այդուհանդերձ փաստաթուղթը մնում է անձեռնմխելի:

Հիշեցնենք, որ կառավարության այս որոշման պատճառով շատերը զրկվեցին իրենց «հազար տարվա» բնակարաններից: Քիչ չէին դեպքերը, երբ շենքերի վերանորոգման ընթացքում շինարարը «սխալվել» ու «աննշան» փոփոխությունների էր ենթարկել տան հատակագիծը: Գործող օրենսդրությամբ տուբերկուլյոզով տառապողներին առանձին բնակարաններ չի նախատեսվում, ավելին՝ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ Վ. Պողոսյանը Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Ռուբեն Խաչատրյանի գրավոր հարցմանը ի պատասխան՝ հայտնել էր, որ «հիվանդության պատճառով լրացուցիչ բնակտարածություն տրամադրելու վերաբերյալ գործող իրավական ակտ չկա, խորհրդային տարիներին գործող իրավական ակտերը արդարադատության նախարարությունում չեն գրանցվել եւ իրավական ուժ չունեն»: Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գ. Մալխասյանն էլ իր հերթին Շիրակի մարզպետ Ֆ. Փիրումյանին գրել էր. «ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 432 որոշմամբ նախատեսված քրոնիկ հիվանդությունների ցանկը ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ»: Ստացվում է, որ վարակի տարածումը մեր իշխանավորների համար ավելի գերադասելի է, քան բնակտարածք հատկացնելը: «Ըբը ի՞նչ գուզեք, կաբինետներում կնստին ու իրանց-իրանց որոշումներ կկայացնեն»,- քննադատում են գյումրեցիները:

Ըստ Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանի, «դատական գործընթացի մեջ ներկա պահին մոտ 10 բնակարանային խնդիր կա: Բնական է, ես էլ եմ դժգոհ դատարանի շատ վճիռներից, բերեմ մի օրինակ. դատական նիստ է կայացվել եւ բնակարաններից մեկը, որը նախկինում ներկայացվել է որպես ազատ բնակարան, իմ որոշմամբ տրվել էր մի անօթեւանի, որտեղ նա ապրում էր երկու տարի: Այժմ դատական վճիռ է եկել՝ տալ մեկ այլ անօթեւանի, որի ոչ անձնական գործն եմ տեսել, ոչ էլ ստացել եմ քաղաքապետարանից: Ես կողմ չեմ դատարանի վճռին, հիմա էլ պարտադրում են վճիռը կայացնել, բնական է, որ սա բողոքի առարկա կդառնա թե մեկի, թե մյուսի կողմից: Նման մի դեպք էլ կա. դատարանը վճիռ է կայացրել երկու սեփականաշնորհված բնակարաններ տալ մեկ ուրիշի: Բայց չեմ կարծում, բողոքողները շատ են, մեզ մոտ մնացել է բողոքողների մի խավ, որը դժգոհ է նույնիսկ իրենց ծնվելուց»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել