Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այս հին կառույցը կքանդենք մենք…

Հունվար 21,2006 00:00

Խորհրդանշական
է, որ ՄԱԿ-ը հանրաքվեին «այո» ասելու կոչով իր հսկայական պաստառը փակցրել էր հենց
քանդվող շենքի վրա: Խոսքը Երիտասարդական պալատի մասին է, որից այժմ արդեն
մնացել են «կուկուռուզի» մի քանի շերտեր: «Գիտեինք, որ այդ շենքը քանդվում է,- ասաց
Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը, եւ մեր կեսլուրջ
հարցին, թե նույն ձեւով արդյոք «չքանդվե՞ց» այն հույսը, թե Հայաստանում երբեւէ կարող
է անցկացվել նորմալ քվեարկություն՝ հակադարձեց.- Շատ խորհրդանշական է, որ հին կառույցը
քանդվեց, եւ տեղը լինելու է նոր կառույց: Սակայն երբե՛ք հարազատ երկրի ճակատագրի,
տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ մի արեք ֆատալիստական հետեւություններ: Սրանք
գործընթացներ են, որի մասնակիցն ու պատասխանատուն ենք մենք»: Պատասխանատվության
խնդիրն է կարեւորված նաեւ հանրաքվեն դիտարկած ԵԽԽՎ առաքելության զեկույցում, որը
քննարկվելու է երկուշաբթի՝ վեհաժողովի նստաշրջանում: Զեկույցում նշված է, թե կեղծիքների
անհատական պատասխանատուներից բացի՝ «ընդհանուր առմամբ, Հայաստանի քաղաքական հասարակարգի
քաղաքական պատասխանատվության հարցը կա», որ ԵԽ անդամակցությունից ի վեր՝ մեր երկրում
դեռեւս որեւէ ընտրություն չի համարվել ազատ եւ արդար: Հարցին, թե ընդունո՞ւմ են սեփական
պատասխանատվության բաժինը կատարվածում՝ ՄԱԿ-ի ղեկավարը պատասխանեց. «Լինելով սահմանադրական
փոփոխությունների կողմնակից քաղաքական ուժ՝ մենք բազմիցս հայտարարել էինք, թե այդ
փոփոխությունները պիտի իրականացվեն այնպես, որ ստանանք ամենակարեւոր արդյունքը՝ հասարակության,
ընտրողի կողմից վստահության վերականգնումն իշխանության նկատմամբ»: Եվ հարցին էլ,
թե բարեփոխումներ անելու նպատակն իրենց համար չի՞ արդարացնում գործադրված միջոցները՝
պրն Արսենյանը պատասխանեց. «Բացարձակապե՛ս: Սոցիալիստական մրցության այդ ռեժիմը մեզ
համար տարօրինակ էր ու զարմանալի: Խոսքը մասնակցության արդյունքների մասին է»: ՄԱԿ-ի
ղեկավարը մի առիթով հայտնեց, թե ամբողջ օրն ահազանգեր էին ստանում, որ ընտրողը եկել
է քվեարկելու՝ իր տեղը ստորագրված է, ու նաեւ, որ հանձնաժողովի անդամ ՄԱԿ ներկայացուցիչները
գրել են հատուկ կարծիքներ: Այժմ պրն Արսենյանն առավել մանրամասնեց. «Ինքս նոյեմբերի
27-ին ստացել եմ տասնյակ ահազանգեր, որ մարդիկ եկել են «այո» ասելու եւ իրենց տեղը
քվեարկած է: Մեզ էին դիմում, քանի որ լսել էին ՄԱԿ-ի քարոզչությունը, ընդունել մեր
փաստարկները եւ գնացել իրենց քաղաքացիական պարտքը կատարելու, բայց… Այդպիսի մի
քանի դեպք արձանագրվել է Ավանի 1-ին ընտրատարածքում, նաեւ Նոր Նորքում: Մարզերից
էին բազմաթիվ ահազանգերը մեր տարածքային կառույցների ղեկավարներին: Ու ողջ օրը հատկապես
մեր տարածքային կառույցների ղեկավարները զբաղված էին նման խնդիրների լուծմամբ»: Մենք
զրուցեցինք նաեւ ՄԱԿ-ի Երեւանի տարածքային կազմակերպության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր
Հարություն Խաչատրյանի հետ, որը վկայեց. «Հնարավորինս փորձում էինք կանխել նման երեւույթները,
որ շատ դժվար էր: Քանի որ պայմանավորված էր այն հանգամանքով, թե վիճակահանությամբ
ի՞նչ գործառույթ էր իրականացնում տվյալ հանձնաժողովում մեր ներկայացուցիչը: Բայց
1-2-3 փորձեր կանխելուց հետո դադարում էր այդ գործընթացը տվյալ տեղամասում»: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Կարծում ենք, այս վկայությունները պիտի հետաքրքրեն
գլխավոր դատախազությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել