Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱՆԵՎՐԵ՞Լ, ԹԵ՞ ԱՏԱՄՆԵՐ ՑՈՒՅՑ ՏԱԼ

Հունվար 21,2006 00:00

Այդ խնդրի շուրջ էին երեկ բանավիճում Տիգրան Կարապետյանը եւ Հրանտ Խաչատրյանը

Երեկ «Հայելի» ակումբում հայ ժամանակակից քաղաքական մտքի վառ ներկայացուցիչ, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը բանավիճում էր ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի հետ՝ հայ-ռուսական հարաբերությունների շուրջ: Նրանց խոսակցությունը ծավալվում էր հիմնականում ՌԴ-ի՝ գազի սակագները բարձրացնելու մտադրության շուրջ: «Ռուսաստանը ընտրել է հզորանալու երկու ձեւ՝ քաղաքական եւ տնտեսական: Եթե առաջ տնտեսականը զիջում էր հանուն քաղաքականի, այսօր չի ուզում զիջել, ուրեմն պետք է հետեւություն անենք, որ ադեկվատ պատասխանենք: ՌԴ-ն զիջում է այնտեղ, որտեղ տեսնում է վտանգի աղբյուր, օրինակ՝ իսլամական հանրապետություններին՝ հասկանալով, որ իր բնակչության 40-50%-ը մահմեդական է: Այսօր խնդիրը հետեւյալն է. լինել այդ քաղաքականության զո՞հը՝ որպես դաշնակից, թե՞ փնտրենք այլընտրանք»՝ իրավիճակը վերլուծեց Տիգրան Կարապետիչը: Նա վստահ էր, որ, չնայած ստեղծված ծանր վիճակին, չի կարելի համաձայնել Հրանտ Խաչատրյանի այն մտքին, որ Հայաստանն այսօր հայերի համար չէ՝ «չէ, այդպես չէ, ուղղակի հայերս սովորություն ունենք, որ մեր կարողությունները, ունակությունները օգտագործում ենք սեփական շահերի, սեփական նպատակների համար՝ դա շատ վատ է, անընդունելի է»:

Իսկ Հրանտ Խաչատրյանը համառում էր, որ ամենակարեւորը մանեւրելու հնարավորությունն է, որի համար «պետք է հզորություն ունենալ, բայց ակնառու է, որ մեր ղեկավարները չեն կարող հենվել ժողովրդի վրա՝ ճկուն քաղաքականություն վարելու համար, եւ երկրորդ՝ նրանք իշխանություն պահելու խնդիր ունեն»: Տիգրան Կարապետյանն էլ, իր հերթին, շարունակում էր պնդել, որ անկախ ամեն ինչից՝ հզոր են-հզոր չեն, մեր իշխանությունները կարող են եւ պետք է «ատամներ ցույց տան». «Եվ դա պետք է ասի քաղաքական առաջին դեմքը, ինչո՞ւ չի ասում: Պետք է ասի՝ մենք հետ կվերցնենք ատոմակայանը, ուրիշ բան կանենք: Կարող ենք բարձրաձայնել, որ այստեղ կան ռուսական բազաներ, կա իրանական գործոնը, իսկ Իրանում այնպիսի գործոններ կան, որ շուտով ի հայտ կգան, Իրանը ունի նոր նախագահ, նոր քաղաքականություն, վերջապես կա մեր Սփյուռքի գործոնը…»:

Հրանտ Խաչատրյանը առնվազն հինգ անգամ կրկնեց՝ «մանեւրելու համար պետք է հզոր լինել» միտքը: Իսկ Կարապետիչը պարբերաբար առաջարկում էր «ատամներ ցույց տալ»: Այս առաջարկը ՍԻՄ նախագահի մոտ կասկած առաջ բերեց՝ «բայց մենք ո՞վ ենք, է»: ԺԿ նախագահը վիրավորվեց հարցից՝ «մենք ազատ, անկախ հանրապետություն ենք, եւ եթե դուք դա չեք նկատում, ուրեմն այլ մոլորակից եք եկել»:

Տիգրան Կարապետյանը առաջ քաշեց «ատամները ցույց տալու» իր «սեփական վարկածը»՝ «պետք է ռուսներին զրկենք ատոմակայանի կառավարումից, դա ամուսնություն չի, կարելի է եւ ետ վերցնել»: Ներկա լրագրողներից մեկը կասկած հայտնեց այդ մտադրության օրինականության վերաբերյալ, Կարապետիչը հակադարձեց՝ «բա օրինակա՞ն է, որ փոխում են սակագները, երբ պայմանագրին դեռ երկու տարի ժամկետ կա»: Իսկ Հրանտ Խաչատրյանի դիտարկմանը, թե տեսակետ կա, ըստ որի Հայաստանը չի կարող լինել անկախ եւ չեզոք, այլ պետք է գտնվի որեւէ հզոր ուժի, օրինակ՝ Ռուսաստանի տիրապետության տակ, քաղաքագիտության թեկնածուն հակադարձեց այսպես. «Չեմ համարում, որ Հայաստանը պետք է անպայման տեր ունենա: Մեր տերը Հիսուսն է, Աստվածն է, մեր հայությունն է: Հայաստան աշխարհը միշտ ճկուն քաղաքականություն է վարել, ոչ մեկի հանդեպ հստակ կողմնորոշված չի եղել, դարերով թուրքերի եւ պարսիկների մեջ այդ քաղաքականությունն է վարել: Եվ այսօր Հայաստանը պետք է նույն քաղաքականությունը վարի: Ի վերջո, եթե կան այդպիսի մարդիկ, թող գնան Ռուսաստանում ապրեն, թող դառնան նահանգ, իսկ Հայաստանը ազատ, անկախ հանրապետություն է»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել