Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օ՜, ՍՊՈՐՏ, ԴՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԵՍ

Հունվար 21,2006 00:00

«Փյունիկ» ֆուտբոլային թիմի փախուստը «Համագործակցության գավաթից» քիչ թե շատ ընկալելի կլիներ «անվտանգության» հետ կապված արդարացումներով, եթե մեկ տարի առաջ նույն թիմը «Նեւթչիին» չպարտվեր, եւ դա Հայաստանում «ազգային խայտառակություն» չհռչակվեր: Գուցե այս անգամ էլ «ազգային» թուքումուր ուտելուց վախենալով մեր ֆուտբոլային չինովնիկները որոշեցին խուսափել մրցամարտից:

Մինչդեռ «Նեւթչիին» պարտվելը ազգային խայտառակություն չէ, իսկ հաղթելը ազգային ցնծության առիթ չէ: Խաղում պարտվելն ու հաղթելը ընդամենը նշանակում են, որ դու այս մրցամարտում այդ պահի քո մրցակցից ավելի թույլ ես կամ ավելի ուժեղ: Մեկ ֆուտբոլային խաղը ազգային հարց դարձնելը, ինչպես դա մեկ տարի առաջ անում էին թե մերոնք, թե ադրբեջանցիները, քաղաքակրթության ցածր մակարդակի դրսեւորում է: Ուրիշ խնդիր է, որ մեր ֆուտբոլային ակումբներն ու հավաքականներն ընդհանրապես հաջողություններ չեն ունենում, կամ Աթենքի օլիմպիադայում մենք ոչ մի մարզաձեւից մեդալ չստացանք: Դա նույնպես ազգային խայտառակություն չէ, պարզապես ապացույցն է այն բանի, որ վերջին 15 տարում այդ բնագավառը մեզ մոտ լավ չէ կազմակերպված: Բայց այստեղ թուրքերին կամ ադրբեջանցիներին խառնելը եւ մեր ժողովուրդների միջեւ դարերի ընթացքում ծագած խնդիրները մեջտեղ բերելը եւ այդ պատճառով չխաղալը, կարծում եմ, հակասում է սպորտի ոգուն. նույնիսկ թշնամի երկրների թիմերը կամ մարզիկները պետք է մրցեն ազնիվ, ջենթլմենական պայքարում եւ խաղից հետո իրար ձեռք սեղմեն:

Մյուս կողմից էլ՝ սպորտը ենթադրում է երկրպագուներ: Մեկ տարի առաջ կայացած խաղի ժամանակ «Նեւթչիի» երկրպագուները մի քանի հազար էին, «Փյունիկինը»՝ մի քանի տասնյակ: Ադրբեջանցիներն այդ հարցը լուծել էին պետական մակարդակով, մեծ գումարներ ծախսելով, ինչպես նաեւ դեսպանատունը եւ նախարարությունները ներգրավելով: Գուցե դա չափազանց է: Բայց Մոսկվայի մեր համայնքը թե թվաքանակով, թե հարստությամբ չի զիջում ադրբեջանցիներին: Հիշեցնենք, որ Մոսկվայում է ապրում «համայն հայության առաջնորդ» Արա Աբրահամյանը: «Սփյուռքի ներուժի» մասին հո մեծ-մեծ խոսելով չի՞:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել