Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ԱՆՑՅԱ՞Լ, ԹԵ՞ ԹՌԻՉՔ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ

Հունվար 21,2006 00:00

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի
ելույթը «Հետհամայնատիրական երկրներում ժողովրդավարության աջակցության ռազմավարություններ»
թեմայով, միջազգային խորհրդաժողովի շրջանակներում Ավստրիայի վարչապետ Վոլֆգանգ Շուսելի
կողմից տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ: Սառը պատերազմում ազատ աշխարհի
հաղթանակը պատուհան բացեց շատ ժողովուրդների համար՝ ընտրելու ազատական, ժողովրդավարական
քաղաքական համակարգեր: Ժողովրդավարության եւ ազատության հաղթարշավը միեւնույն ժամանակ
ուժեղացնում է ոչ ժողովրդավարական ուժերի հակազդեցությունը: Ակնհայտ է, որ ազատ եւ
ժողովրդավարական հասարակության միակ այլընտրանքը վախի հասարակությունն է, եւ մենք
պետք է անենք հնարավորը, որպեսզի վերջինս չունենա ապագա: Այն իշխանությունը, որը
վախենում է իր ժողովրդից, փորձում է հսկել նրան: Դժբախտաբար, 21-րդ դարում դեռեւս
որոշ ոչ ժողովրդավար առաջնորդներ եւ քաղաքական գործիչներ շարունակում են փակ պահել
դեպի զարգացում տանող դռները՝ մերժելով փնտրել դրանց բանալին, այն դեպքում, երբ բանալին
իրենց ձեռքում է: Շատերը կողմ են բարեփոխումներին, քանի դեռ այդ բարեփոխումները
իրենց չեն վերաբերում: Դրա համար մենք պետք է կարողանանք ստեղծել այնպիսի իրավիճակ,
որտեղ ոչ թե իշխանությունն է ծնում իշխանություն, այլ ժողովուրդն է ընտրում իր իշխանություններին
ազատ եւ արդար ընտրությունների միջոցով: Այս համատեքստում կարեւոր է երկակի ստանդարտների
բացառումը ժողովրդավարությունը կամ ընտրական գործընթացները գնահատելիս: Այդ իսկ պատճառով
չափազանց կարեւոր է միջազգային հանրության աջակցությունը յուրաքանչյուր երկրի ժողովրդավարական
զարգացումներին եւ ժողովրդավարական ուժերի իրական ձգտումներին՝ կերտելու բաց հասարակություններ:
Քաղաքագետները վկայում են, որ աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող
ժողովրդի՝ սեփական իրավունքների համար մղվող պայքարը բնական պատասխան էր քաղաքական
անարդյունավետ կառավարմանը, լեգիտիմության բացակայությանը եւ ազգային հարստության
անարդար բաշխմանը: Շատ հետաքրքիր էին ինչպես Բալկանների, այնպես էլ Ուկրաինայի եւ
Վրաստանի օրինակները: Համոզված եմ, որ կուտակված լուրջ հասարակական դժգոհությունը,
կոռուպցիան, կլանային դրսեւորումները եւ կեղծված ընտրություններն էին, որ տարբեր
ժողովուրդների մղեցին հեղափոխությունների: Միեւնույն ժամանակ գտնում եմ, որ հեղափոխությունները
բարեփոխումների ձախողման արդյունք են, եւ էվոլյուցիոն զարգացումը գերադասելի է հեղափոխություններից,
քանզի վերջիններս հանգեցնում են անխուսափելի ցնցումների: Իմ համոզմամբ, բոլոր նրանք,
ովքեր խոչընդոտում են խաղաղ ժողովրդավարական բարեփոխումները, դրանով իսկ հասունացնում
են հեղափոխություններ: Ակնհայտ է, որ Հարավային Կովկասը քաղաքական, տնտեսական
եւ մշակութային կամուրջ է Հյուսիսի եւ Հարավի, Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Համոզված
եմ, որ տեսանելի ապագայում տարածաշրջանի դերը կարող է զգալիորեն մեծանալ, բայց որպեսզի
դա տեղի ունենա եւ Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական ավելի մեծ դերակատարում ստանձնի,
պետք է լինի ժողովրդավար: Եվ մենք պետք է վերագնահատենք մեր տարածաշրջանի նշված,
սակայն դեռեւս ոչ ամբողջությամբ իրացված հնարավորությունները: Այս ճշմարտությունը
բխում է ժողովուրդների եվրոպական ընտանիքի պատմական հարուստ փորձից: Հարավային
Կովկասում դեռեւս բազմաթիվ հակամարտություններ կան, եւ անցյալում դրված շատ ականներ
նոր խնդիրներ են առաջացնում մեր ժողովուրդների համար: Բայց, ինչպես ասում են, հարեւաններին
չեն ընտրում, եւ տարածաշրջանի երկրների ընդհանուր նպատակները մեզ դարձնում են բնական
դաշնակիցներ: Անկախ այն բանից, թե ինչքան տարբեր ենք մենք, մեր նպատակները նույնն
են, քանզի նույնն են մարտահրավերները: Ճապոնական ասացվածքի համաձայն. «Եթե դու խնդիրներ
ունես հարեւանի հետ, դրանց լուծման երկու ճանապարհներ կան. առաջին՝ սպանել հարեւանին»:
Պատմության ընթացքում բազմաթիվ ժողովուրդներ նման դաժան ընտրության զոհ են դարձել,
սակայն ժամանակակից քաղաքակրթությունը մերժում է նման մոտեցումը, եւ մենք համոզված
ենք, որ այդ ճանապարհը մնացել է անցյալում: «Երկրորդ՝ փորձել գտնել նոր հարեւաններ
եւ ընդլայնել հարեւանների շրջանակը»: Վերջին մոտեցումը մեր օրերում այլընտրանք չունի:
Ակնհայտ է, որ ժողովրդավարացումը եւ եվրոպական ինտեգրումը հենց այն ճանապարհներն
են, որոնք բերում են հարեւանության ընդլայնմանը, հետեւաբար այս ճանապարհին ձեռք բերված
ցանկալի հաջողություններն ինչպես անցյալից եկող, այնպես էլ նոր խնդիրների լուծման
ամենակարճ եղանակն են: Մենք խնդիրներ ունենք Թուրքիայի հետ, բայց մենք չենք
կարող լուծել այդ խնդիրները դրանց հետ կռվելով: Ակներեւ է, որ մենք չենք կարող ծրագրավորել
ապագան՝ հենվելով սոսկ անցյալի վրա: Հայաստանը բաց եւ անկեղծ երկխոսության կարիք
ունի Թուրքիայի հետ: Թուրքիան Հայաստանի հետ համարձակ երկխոսության կարիք ունի: Կարծում
եմ, որ Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները Թուրքիային ընձեռում են լավագույն
հնարավորությունը վերագնահատելու տարածաշրջանում իր դերակատարությունը եւ դադարեցնելու
Հայաստանի շրջափակումը: Փակ սահմանները ընդլայնվող Եվրոպային խորթ երեւույթներ են,
եւ հուսով եմ, որ նշված գործընթացները կհանգեցնեն այս հարցի շուրջ ավելի իմաստալից
երկխոսության: Առավել ժողովրդավարական Թուրքիան մեզ համար ավելի լավ զրուցակից է
եւ գործընկեր: Մենք ջերմ, բարեկամական հարաբերություններ ունենք Ռուսաստանի
հետ, ինչը խորը պատմական արմատներ ունի: Լինելով հայ-ռուսական երկկողմանի համագործակցության
եւ բարեկամության հետագա զարգացման կողմնակիցը՝ ես մեր երկրի ապագան տեսնում եմ ոչ
թե Ռուսաստան-Բելառուս միության, այլ՝ Եվրոպական միության մեջ: Համոզված եմ, որ Հայաստանը
պետք է ընդլայնի իր հարաբերությունները ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրոատլանտյան կառույցների
հետ: Սա է դեպի ապագա տանող մեր ճանապարհը: Դժբախտաբար, հայ եւ ադրբեջանական
հասարակությունները դեռեւս մնում են ոչ պատերազմի եւ ոչ խաղաղության հասարակություններ:
Պատմությունը անցյալ քաղաքականությունն է, քաղաքականությունը ներկա պատմությունն
է: Մենք պետք է զգուշությամբ կերտենք մեր սեփական պատմությունը եւ հասկանանք, որ
անցումային նման ինքնությունը ծնում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին թշնամիների
երեւակայական կերպարներ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի կառուցողական
երկխոսության եւ ոչ թե ագրեսիվ հայտարարությունների ճանապարհով: 21-րդ դարն
անվտանգության եւ պաշտպանության համակարգերի վերագնահատման ժամանակաշրջան է: Ժողովրդավարությունը
առաջարկում է անվտանգության լավագույն լուծումները: Հարավային Կովկասը բարդ եւ կոնֆլիկտներով
լի տարածաշրջան է, ժողովրդավարական բարեփոխումների խորացումը կնպաստի նաեւ կոնֆլիկտների
կարգավորմանը, որովհետեւ ժողովրդավարությունը հավասար է խաղաղության եւ համագործակցության:
Տարածաշրջանի երկրներից որեւէ մեկի մեկուսացմանն ուղղված քաղաքականությունն
անընդունելի է եւ սպառնում է ողջ տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը:
Տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը պետք է պայմանավորի գործնական
մոտեցումներ, բայց ոչ երբեք’ հակադրություն: Եվ մրցակցության հիմնական շարժառիթը
պետք է լինի տարածաշրջանում առաջատար ժողովրդավար երկիր դառնալու ցանկությունը: Եվրոպական
ինտեգրացիան օրըստօրե պետք է ավելի գերակա դառնա Հայաստանի արտաքին քաղաքականության
եւ մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգում: Մեր ժողովուրդը դեպի Եվրոպա ընտրությունը
կատարեց, քանի որ Եվրոպայի հիմնական ուժը իր ժողովրդավարական հաստատությունների մեջ
է: Սակայն այդ բնական ընտրությունը ամենեւին չի երաշխավորում բոլոր խնդիրների վայրկենական
լուծում, եւ ակնհայտորեն Եվրոպան հանգստի վայր չէ, այլ՝ ուժեղ մրցակցության թատերաբեմ:
Հայաստանը առաջընթաց է արձանագրել ԵԽ-ում ստանձնած պարտավորությունների իրականացման
ուղղությամբ: Դա մասնավորապես վերաբերում է օրենսդրական բարեփոխումներին: Սակայն
մենք օրենսդրական բարեփոխումները պետք է հետեւողականորեն կենսագործենք մեր իրականության
մեջ: Հենց այստեղ է, որ մենք լուրջ դժվարություններ ունենք: Այս առումով Եվրոպական
հարեւանության քաղաքականությունը եւ գործողությունների ծրագիրը հուսադրումի եւ ոգեշնչման
նոր աղբյուր են՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, եվրաինտեգրման գործընթացներում
եւ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ առաջ ընթանալու համար: Հայաստանը
պետք է իր գործողությունների ծրագիրն օգտագործի ժողովրդավարացման եւ շուկայական ազատականացման
ավելի հավակնոտ ծրագրեր իրագործելու համար: Հարավային Կովկասում այս գործընթացների
հաջողությունը նոր որակներ կհաղորդի գոյություն ունեցող քաղաքական մշակույթին եւ
նոր տեսլական կտա անվտանգության մեր պատկերացումներին: Վստահաբար, այն նաեւ խաղաղության
երկարաժամկետ լուծումներ կառաջարկի տարածաշրջանում: Չնայած վերջին տարիներին
արձանագրված տնտեսական աճի երկնիշ թվերին, աղքատությունը, հատկապես գյուղական բնակավայրերում,
շարունակում է լարվածության մեջ պահել սոցիալական իրավիճակը Հայաստանում: Տնտեսական
զարգացումները ոչինչ են, եթե դրա պտուղները շրջանցում են հասարակության ամենախոցելի
խմբերին: Սա մեզ ստիպում է մտածել ազգային հարստության առավել արդար վերաբաշխման
ռազմավարություններ մշակելու մասին: Այս համատեքստում չափազանց կարեւոր է փոքր եւ
միջին ձեռնարկատիրության զարգացումը, որն իմ պատկերացմամբ պետք է կազմի Հայաստանի
տնտեսության ողնաշարը: Հայաստանը մեծածավալ օտարերկրյա արտաքին օժանդակություն
է ստանում տարբեր երկրների եւ միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից: Մենք
խորապես երախտապարտ ենք այդ օգնությունը ցուցաբերած բոլոր ժողովուրդներին: Միաժամանակ,
օտարերկրյա օժանդակությունը կարող է երկարաժամկետ ներդրում լինել որեւէ երկրում,
եթե նպաստում է ժողովրդավարական կառույցների հզորացմանը եւ ամրացնում բազմակարծությունը:
Ժողովրդավարությունն առաջին հերթին ինստիտուտներ են: Աշխարհի ցանկացած անկյունում
ժողովրդավարության հաջողության համար պարտադիր է, որ հասարակ քաղաքացիների ձայնը
լսելի դառնա խորհրդարանների միջոցով: Օրենսդիրը ժողովրդավարության խթանման գործում
առանցքային առաքելություն ունի: Օրենսդրական աշխատանքը չի կարող ցանկալի որակ ունենալ,
երբ բացակայում է ընդդիմությունը: Ուժեղ ընդդիմություն նշանակում է ուժեղ խորհրդարան,
իսկ ուժեղ խորհրդարան նշանակում է կենսունակ ժողովրդավարություն: Ընդամենը երկու
ամիս առաջ մենք նշեցինք մեր խորհրդարանի 15-ամյակը. դա եւս մեկ առիթ էր՝ գնահատելու,
թե ինչքան խորն է պառլամենտարիզմը արմատներ ձգել մեր երկրում, քննարկելու ձեռքբերումներն
ու ձախողումներն այս ուղղությամբ: Խորհրդարանը ժողովրդին ամենամոտ կանգնած հաստատությունն
է, եւ որպես Ազգային ժողովի նախագահ՝ տարբեր միջոցառումներ եմ ձեռնարկել «բաց խորհրդարանի»
գաղափարախոսությունը առաջ մղելու եւ ժողովրդին ավելի մոտեցնելու եւ նրա խնդիրները
լուծելու համար: Մարդու իրավունքները եւ ազատությունները պետք է շարունակական
պաշտպանություն գտնեն Հայաստանում եւ տարածաշրջանի մյուս երկրներում: Այս ուղղությամբ
մեր երկրում օրենսդրական զգալի աշխատանք է կատարվել, բայց մարդու իրավունքները միայն
օրենքները չեն, միայն հաստատուն քաղաքական կամքը կարող է ապահովել երկրում մարդու
իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությունը: Ժողովրդավարական
Հայաստան նշանակում է ավելի ուժեղ Հայաստան: Հայաստանի քաղաքական ներկապնակը բավականին
խայտաբղետ է, եւ ակնհայտ է բախումը անցյալի եւ ապագայի, հնի եւ նորի միջեւ: Դժբախտաբար,
Հայաստանի քաղաքական կյանքի որոշ դերակատարներ ժողովրդավարությունը ընկալում են որպես
ական: Համոզված եմ, որ նրանք կամ սխալվում են, կամ պարզապես երկակի են մտածում: Ընտրությունները
ժողովրդավարության հասունության իրական փորձաքար են: Առաջիկա համապետական ընտրություններն
առանցքային են լինելու մեր ապագայի համար: Կամ Հայաստանը կարձանագրի ժողովրդավարական
առաջընթաց իր նոր եվրոպական քաղաքական ինքնությամբ, կամ կդառնա խորհրդային ժառանգության
պատանդը: Պատանդը միշտ տուժում է, եւ հազիվ թե ապագայում լինեն «շահած տուժածներ»:
2007-2008 թթ. ազատ եւ արդար ընտրությունները պայման են, առանց որի ոչինչ հնարավոր
չէ: Միայն ազատ եւ թափանցիկ ընտրություններն են, որ կարող են հիմք ծառայել երկրի
նկատմամբ վստահության աճի եւ ներդրումների մեծացման համար: Եվ մենք պետք է քաղաքական
կամք դրսեւորենք՝ անցկացնելու միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ:
Մենք սպառել ենք այդ չափանիշներին չհամապատասխանող ընտրությունների բոլոր ռեսուրսները
եւ հազիվ թե Հայաստանը կարողանա «մարսել» նմանատիպ ընտրությունների մի նոր շրջափուլ:
Ազատ եւ արդար ընտրություններից որեւէ շեղում երկիրն անխուսափելիորեն կտանի անկայունության
եւ լուրջ ցնցումների, եւ մենք տեսնում ենք, որ այս տեսակետը գերակա է դարձել նաեւ
եվրոպական եւ ամերիկյան քաղաքական շրջանակներում: Քաղաքական եւ քաղաքացիական
այլ շահագրգիռ ուժերի հետ միասին մեր կուսակցությունը պայքարելու է ժողովրդավարական
եւ ավելի ուժեղ Հայաստան ստեղծելու համար: Մենք պայքարել ենք եւ շարունակելու ենք
պայքարել այնպիսի մի պետության կերտման համար, որտեղ գործում է օրենքի իշխանությունը,
այլ ոչ թե՝ իշխանության օրենքը: Իրավական պետության կայացումը, ժողովրդավարական
կառույցների եւ բազմակարծության խթանումը մեր քաղաքական օրակարգի առաջնային խնդիրներն
են: Մենք այժմ ազատ եւ անկախ պետություն ենք: Մենք պետք է մեր ազատությունը եւ անկախությունը
ծառայեցնենք արդար եւ ժողովրդավարական հասարակության ստեղծմանը: Միայն ժողովրդավարական
երկիրը կարող է նվիրված լինել արդարության, ազատության եւ հավասարության սկզբունքներին:
Անհնար է նոր հասարակություն կառուցել հին մտածելակերպով: Նոր սերնդի լայն աշխարհայացք
ունեցող, մրցունակ բարեփոխիչների եւ առաջնորդների ներգրավումը բարեփոխումներում՝
երկարաժամկետ հաջողության երաշխիք են: Վստահ եմ՝ Հայաստանը բավարար ներուժ
ունի միջազգային ասպարեզում վերածվելու ճշմարիտ ժողովրդավարության ամրոցի, եւ մեր
քաղաքացիները արժանի են վայելելու ժողովրդավարության պտուղները: Ազատությունը եւ
անկախությունը մեր ժողովրդին ավելի մարդկային ապագա խոստացան, եւ ես վստահ եմ, որ
նրանք արժանի են, որ այս խոստումն իրականություն դառնա: Երկիրը շարժելու համար
անհրաժեշտ է հենարան ունենալ: Վստահ եմ, որ ազատությունը եւ ժողովրդավարությունը
մեզ ապահովում են հենց այն հենարանը եւ ելակետը, որտեղից մենք կարող ենք զարգացնել
մեր կարողությունները՝ ստեղծելու ավելի լավ Հայաստան, ավելի լավ Կովկաս եւ ավելի
լավ Եվրոպա: ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունՎիեննա,
20 հունվարի, 2006 թ. R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել