Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՓՅՈՒՆԻԿԸ»

Հունվար 20,2006 00:00

«ՓՅՈՒՆԻԿԸ» ԼՔԵՑ ՄՐՑԱՇԱՐԸ Չցանկանալով խաղալ «Նեւթչիի» հետ Ֆուտբոլի Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Մոսկվայում «Համագործակցության գավաթի» խաղարկության քառորդ եզրափակիչում Ուկրաինայի «Շախտյորի» նկատմամբ 3:1 հաշվով համոզիչ հաղթանակ տանելով՝ առաջին անգամ մտավ ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը չափելու էր Ադրբեջանի չեմպիոն Բաքվի «Նեւթչիի» հետ: Սակայն «Շախտյորի» հետ հանդիպումից անմիջապես հետո «Փյունիկի» ղեկավարությունը հայտարարեց, թե չի ցանկանում հանդիպել հարեւան երկրի թիմի հետ եւ հրաժարվում է հետագա պայքարին մասնակցելուց: Երեկ ցերեկը մեր թիմը վերադարձավ Երեւան, իսկ ակումբի փոխնախագահ Կարեն Հարությունյանը երեկոյան հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Լրագրողների հարցերին պատասխանելուց առաջ բաժանվեց ակումբի ղեկավարության պաշտոնական հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է. ««Փյունիկ» ակումբի ղեկավարության ընդունած որոշումը՝ Մոսկվայում ընթացող «Համագործակցության գավաթի» կիսաեզրափակիչում չմասնակցել Բաքվի «Նեւթչիի» հետ հունվարի 20-ին կայանալիք հանդիպմանը, բնականաբար, հարուցել է մարզասերների, զանգվածային լրատվամիջոցների, ամենատարբեր շրջանակների հետաքրքրությունը: Այս առթիվ «Փյունիկ» ակումբը ներկայացնում է պաշտոնական հայտարարություն՝ զերծ մնալու համար ամեն տեսակի, այդ թվում եւ քաղաքական շահարկումներից: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ դեռեւս անցյալ տարի՝ չնայած «Համագործակցության գավաթի» կազմկոմիտեի տված անվտանգության բանավոր երաշխիքներին, նույն մրցաշարում տեղի ունեցած «Փյունիկ»-«Նեւթչի» հանդիպումն անցավ անցանկալի միջադեպերով, որոնք կարող էին անկանխատեսելի հետեւանքներ ունենալ ինչպես ֆուտբոլիստների, այնպես էլ մարզադաշտ եկած մարզասերների համար: «Փյունիկ»-«Շախտյոր» հանդիպումից հետո, երբ պարզ դարձավ, որ կիսաեզրափակիչում կրկին հանդիպելու են «Փյունիկն» եւ «Նեւթչին», ակումբի ղեկավարությունն անմիջապես դիմեց «Համագործակցության գավաթի» կազմակերպիչներին՝ կամ փոխելու կիսաեզրափակիչի ձեւաչափը, կամ տալու անվտանգության գրավոր երաշխիքներ: Պատճառը շատ ակնհայտ էր. քանի որ դեռեւս «Փյունիկ»-«Շախտյոր» հանդիպմանը, որը կայացավ «Նեւթչի»-«Պախտակոր» հանդիպումից հետո, եւ որին ներկա էին մեծ թվով ադրբեջանցի երկրպագուներ, արդեն իսկ հնչում էին հայտարարություններ կյանքի եւ մահվան պայքարի, հաշվեհարդար տեսնելու մասին։ Բացի այդ, բոլոր ռուսալեզու ադրբեջանական կայքերում անմիջապես տարածվեցին նույն բովանդակության հայտարարություններ։ Մեզ հայտնի դարձան նաեւ տեղեկություններ, որ թե ադրբեջանական, թե հայ համայնքների մեծ թվով ներկայացուցիչներ պատրաստվում են «Օլիմպիական» մարզահամալիրում «վերացնել» նախորդ տարվա միջադեպերի հետեւանքները։ Չստանալով համապատասխան գրավոր երաշխիքներ, «Փյունիկ» ակումբի ղեկավարությունը՝ չնայած մարզական հետաքրքրությանը, գիտակցելով նաեւ հնարավոր արձագանքները, միանշանակ որոշեց չմասնակցել հանդիպմանը՝ այն չքաղաքականացնելու, որեւէ սադրանքի հրահրման պատճառ չդառնալու, հանդիպումը մարզասերների, ֆուտբոլիստների եւ հայկական համայնքի համար վտանգավոր եւ անկանխատեսելի հետեւանքներից զերծ պահելու համար։ Կարծում ենք, որ ակումբի ղեկավարության որոշումը ըմբռնումով կընկալեն թե՛ մարզասերները, թե՛ «Համագործակցության գավաթի» կազմակերպիչները, թե՛ կազմակերպիչ ու մասնակից երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարները եւ թե՛ ՀՖՖ ղեկավարները»,- ասված է «Փյունիկի» ղեկավարության պաշտոնական հայտարարության մեջ։ Քանի որ «Համագործակցության գավաթն» այս տարի անց է կացվում ՖԻՖԱ-ի հովանու ներքո, շատ հավանական է, որ առաջիկայում քննարկվի (նաեւ ՖԻՖԱ-ի մակարդակով)՝ այս քայլից հետո իրավունք ունի՞ «Փյունիկը» մասնակցելու միջազգային մրցաշարերին։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել