Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գերմանացիները հետաքրքրված են Կոմիտասի «Պատարագով»

Հունվար 20,2006 00:00

Գերմանացիները հետաքրքրված են Կոմիտասի «Պատարագով» Թողարկվում է «Հովեր» երգչախմբի 5-րդ CD-ն «Ֆլորա ֆեմիլի ֆոնդեյշն» հիմնադրամը Սթեյնֆորդի համալսարանի պրոֆեսոր Հրանտ Խաչատրյանի նախաձեռնությամբ պատվիրել է Կոմիտասի «Պատարագի» ամբողջական ձայնագրությունը՝ «Հովեր» կամերային երգչախմբի արական կազմի կատարմամբ: «Վեմ» ձայնագրման ստուդիայում մոտ կես տարի տեւած աշխատանքները օրերս ավարտվեցին: Այդ առիթով խնդրեցինք մանրամասներ հաղորդել երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանին: «Ամեն բան շատ պատահական ստացվեց: Գեղարդի վանքում մեր երգչախմբի կատարմամբ լսելով հատվածներ Կոմիտասի «Պատարագից», Հրանտ Խաչատրյանը առաջարկեց համագործակցել՝ ձայնագրել «Պատարագն» ամբողջությամբ: Դա շատ մեծ ու պատասխանատու աշխատանք է, քանի որ միշտ էլ Կոմիտասի «Պատարագի» այս կամ այն մասի հավելումը կամ կրճատումը բազմաթիվ վեճերի եւ սկզբունքային տարաձայնությունների առիթ է հանդիսացել: «Հովեր» երգչախմբի արական կազմի երգիչները տարիներ շարունակ առնչվել են հոգեւոր երաժշտությանը, նրանցից ոմանք ունեն ճեմարանական կրթություն եւ սա օգնեց, որ լուծվեն մեզ հուզող բարդ ու պատասխանատու խնդիրներից շատերը: Առհասարակ՝ հոգեւոր երաժշտությունը լուրջ մոտեցում է պահանջում եւ աշխատելու ընթացքում միայն հասկացանք, որ կոմիտասագիտությունը բավականաչափ չլուծված խնդիրներ ունի»,- ասաց տիկին Հովհաննիսյանը: Ըստ երգչախմբի ղեկավարի՝ առաջացած հարցերը մինչ այսօր լուծումներ չեն գտել: Մի կողմից Կոմիտասի «Պատարագի» 1933թ. հրատարակությունն է, որը չէր կարող հիմք չհանդիսանալ, քանի որ կազմված էր Կոմիտասի աշակերտ Վարդան Սարգսյանի հիշողությունների հիման վրա, մյուս կողմից՝ ակադեմիայի 1997թ. հրատարակությունն էր, ստեղծված Ռոբերտ Աթայանի մանրակրկիտ աշխատանքի արդյունքում: «Մենք երկար մտածելուց հետո կանգ առանք Ռ. Աթայանի տարբերակի վրա, ուր նաեւ նշված էր, որ «Պատարագը» նախատեսված է արական փոքր երգչախմբի եւ համերգային կատարման համար»,- պատմեց Ս. Հովհաննիսյանը: «Խորհրդակցե՞լ եք Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականների հետ» հարցին երգչախմբի երգիչներից Վահե Բեգոյանը պարզաբանեց. «Մենք չցանկացանք, որ հոգեւորական միջամտի, քանի որ մեր ձայնագրած տարբերակը ծիսակատարություն չէ: Սակայն այն ամբողջական է եւ ապահովված է նաեւ եկեղեցու բաժինը՝ սարկավագի, քահանայի, ավետարանից հատվածների ընթերցումներ: Դրանցից յուրաքանչյուրը լուրջ ֆունկցիա ունի»: Աշխատանքները ընդլայնվել են եւ ծրագրված մեկ CD-ի փոխարեն կազմել երկուսը՝ յուրաքանչյուրը 54 րոպե տեւողությամբ: «Ֆունդամենտալ գործ է ստացվել: Թեպետ Կոմիտասի պատարագին միայն մենք չենք անդրադարձել, մերը ուղղակի տարբերակ է եւ հավակնություն չունենք լինելու ամենահետաքրքիրը: Սակայն երաժշտական պրոֆեսիոնալ մոտեցման արդյունքում, կարծում եմ, լուրջ գործ ենք արել, որում մեծ ու կարեւոր աշխատանք է կատարել խմբավար Էլեոնորա Ասատրյանը: Ասեմ, որ գումարները կանոնավոր փոխանցվել են եւ պատվիրատուների հետ աշխատել ենք փոխադարձ վստահության մթնոլորտում: Միակ պահանջը, որ դրվեց՝ Գերմանիայում արտադրվելուց հետո CD-ները պետք է առաքենք աշխարհի կարեւորագույն մշակութային օջախներ, համալսարաններ, ձայնադարաններ եւ դրա համար նախատեսված է որոշակի գումար: Ես երախտապարտ եմ այն բոլոր մարդկանց, ովքեր մեր կողքին էին եւ օգնեցին այս կարեւորագույն գործում»,- ասաց Ս. Հովհաննիսյանը: Թեպետ Կոմիտասի «Պատարագը» երգչախմբի 5-րդ CD-ն է (առաջինը ձայնագրվել է Վենետիկում, հաջորդ երկուսը՝ Կանադայում, չորրորդը՝ «Վեմ»-ում, հոգեւոր երգեր են), բայց միակն է, որի հետ կապված բոլոր իրավունքները պատկանում են երգչախմբին: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել