Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք կարող արդարադատությունը տեղափոխել փողոց»

Հունվար 20,2006 00:00

«Չենք կարող արդարադատությունը տեղափոխել փողոց» Ասում են նախկին հացադուլավորի պաշտպանները Երեկ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպեցին «Զինվորի պաշտպանության կոմիտե» նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Գոհար Արմենակյանը, «Հույս» կազմակերպությունից՝ Կարեն Հակոբյանը, փաստաբաններ Զարուհի Փոստանջյանն ու Ստեփան Ոսկանյանը: «Ի՞նչ եղավ 130 օր հացադուլ հայտարարած Ռազմիկ Սարգսյանի հետ, ի՞նչ է լինելու հետո, ի՞նչ ենք պատրաստվում անել բոլորս»,- երեկ ասաց Կ. Հակոբյանը, որը ներկայացրեց իրենց քայլերից մեկը. հացադուլից Ռազմիկը դուրս է բերվել եւ գտնվում է ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ բուժմասում: Մերժվել է հասարակական դիտորդական խմբի եւ Մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությունները՝ Ռ. Սարգսյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց: Գ. Արմենակյանը նշեց, որ «արդարադատության նախարարն ու նրա մամուլի քարտուղարը միացել են իրենց պայքարին» եւ շնորհիվ դրա նախկին հացադուլավորի վիճակը տանելի է: Փաստաբան Զ. Փոստանջյանն ասաց, որ քրեական գործերով վերաքննիչ դատարանը 2005 թ. օգոստոսի 3-ից դատական նիստերն անորոշ ժամանակով հետաձգել է, ինչն իրենց կանգնեցրել է փակուղու առաջ: «Ո՞ր դատարանին հղենք մեր պահանջները, եթե վերաքննիչը չի գործում եւ չի իրականացնում արդարադատություն»,- հայտարարեց պաշտպանը: Փաստորեն, Ռազմիկ Սարգսյանի հետ վեց ամիս «վերաքննիչի կալանքի» տակ են հայտնվել մյուս ամբաստանյալները՝ Արայիկ Զալյանն ու Մուսա Սերոբյանը: Վերջիններիս քաջալերիչ հայտարարությամբ սատարել էին տասնյակ անհատներ, հասարակական կազմակերպություններ (անգամ բնապահպանական «Հայկական բուսաբանական ընկերությունը»): Փաստաբանները դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցել ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի նկատմամբ՝ դատական նիստը «անժամկետ հետաձգելու» որոշման հետ կապված: Նրանք նաեւ պահանջում են քրեական գործ հարուցել ամբաստանյալների նկատմամբ խոշտանգումներ իրականացրածների հարցով: Վերջին դեպքում գլխավոր դատախազությունը տվել է իր բացասական պատասխանը, որն այսօր հավանաբար վիճարկվի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարաններում: Հիշեցնենք, որ 2004 թվականի հունվարի 8-ին Մարտակերտի զինվորական դատախազությունը քրեական գործ էր հարուցել Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության առթիվ: Ըստ փաստաբան Ս. Ոսկանյանի, ԶԴ քննիչներն իրենց պաշտպանյալներին պահել են անազատության մեջ, խոշտանգումներով կորզել ցուցմունքներ, իսկ ապա նույն քննիչները Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում անցել են որպես վկա: Զ. Փոստանջյանը վերաքննիչ դատարանից մինչ օրս չի կարողանում ստանալ այն տեսաերիզը, ուր իրենց պաշտպանյալները, ըստ էության, հարցաքննվում են: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել