Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«10 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻՑ ՄԻ ԿՈՊԵԿ ՉԵՄ ԻՋՆԻ»

Հունվար 20,2006 00:00

«10 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻՑ ՄԻ ԿՈՊԵԿ ՉԵՄ ԻՋՆԻ» Ագաթանգեղոսի փողոցում էժանագին մարմնավաճառների շուկան գնալով ընդլայնվում է Եթե նախկինում փողոցային մարմնավաճառները տեղաբաշխվում էին կրկեսի հարեւանությամբ, Արշակունյաց, Գրիգոր Լուսավորիչ փողոցների եւ Ծերեթելիի խաչմերուկներում, Բաղրամյան պողոտայում, հիմա շուկան կենտրոնացել է Կենտրոն համայնքի Ագաթանգեղոս փողոցում՝ նախկին «ֆայլաբազարի» տարածքում եւ գնալով «ծաղկում» է: Սա նշանակում է, որ իրավապահ մարմինները մեր երկրում ոչ միայն չեն պայքարում մարմնավաճառության դեմ, այլեւ, մեր տեղեկություններով, սերտորեն համագործակցում են նրանց հետ, ավելին՝ իրենց փայաբաժինն ունենալով՝ հանդիսանում են այս բիզնեսի տանիքը: Ուստի պատահական չէ, որ Միացյալ Էմիրությունների իշխանությունները մեր երկիրը դասել են մարմնավաճառ արտահանող երկրների շարքին եւ Հայաստանից 10-35 տարեկան կանանց ու աղջիկների մուտքն այնտեղ արգելում են: Ագաթանգեղոսի փողոցում տեղակայված մարմնավաճառների շուկան գործում է բացեիբաց՝ Կենտրոնի ոստիկանության «քթի տակ» եւ տարօրինակ է, որ մինչեւ հիմա նրանց կողմից շուկան վերացնելու ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվում: Այս մասին է խոսում նաեւ այն, որ մարմնավաճառներն իրենց շատ վստահ ու ապահով են զգում եւ նույնիսկ չեն փորձում իրենց գործունեությունը թաքցնել: Երեկոյան ժամը 6-ից հետո նրանք փողոցն ասես սեփականաշնորհած լինեն. անցորդները ստիպված են լինում կամ շեղել իրենց ճանապարհը, կամ ականատես լինել հաճախորդ-մարմնավաճառ սակարկումներին. «10 հազարից մի կոպեկ չեմ իջնի». օրերս, երբ անցնում էինք այդ տարածքով, այսպես իր վերջնական խոսքն ասաց մարմնավաճառներից մեկը՝ «չամռված» հաճախորդի՝ գինը «գցելու» փորձերին: Ագաթանգեղոսի «շուկայի» հաճախորդները հիմնականում անչափահասներ են: Այս հանգամանքը պայմանավորված է նաեւ նրանով, որ այստեղ մարմնավաճառների գները մատչելի են՝ առավելագույնը 15 հազար դրամ, այն էլ սակարկելու դեպքում մինչեւ 8-10 հազարի կարող է հասնել: Ընդ որում, մարմնավաճառներից օգտվելու կարգը փոխվել է. եթե նախկինում նրանք համաձայնում էին նստել այցելուների մեքենաները ու ժամանակն անցկացնելու վայրը հաճախորդն էր որոշում, ապա հիմա մարմնավաճառներն ունեն իրենց հստակ պահանջները: Նախ նրանք անհարկի «օգտագործվելուց» զգուշանալու համար այլեւս հաճախորդի մեքենան չեն նստում, համագործակցում են «փափախ» տաքսիների հետ, որոնք երեկոյան ժամերին սպասարկում են շուկան: Բացի այդ, ժամանցի վայրը նույնպես պետք է լինի մարմնավաճառի սրտով: Մեր տեղեկություններով, շուկան սերտ կապեր ունի մի քանի մոթելների, սաունաների ու էժանագին հյուրանոցների հետ եւ մարմնավաճառը պնդում է, որպեսզի ժամանակն իր իմացած օբյեկտում անցկացնեն: Մատուցված ծառայության դիմաց վճարից բացի, հաճախորդը պետք է փակի նաեւ տաքսու եւ հյուրանոցի հաշիվը: Այս ամենը համակարգում է շուկայի «կոորդինատորը», որը հենց փողոցում հրահանգներ է տալիս, մասնակցում է բանակցություններին եւ մարմնավաճառներին, այսպես ասած, տիրություն է անում: Շուկայում նույնիսկ առեւտրի շարժական կետ է տեղակայվել, որը մաստակ, արեւածաղկի սերմ, ծխախոտ, խմիչք ու չարազեղեն է վաճառում: Եվ մինչ «գործը կկպնի»՝ մարմնավաճառները ուտել-խմելով ու հայհոյանքներով միմյանց հետ բարձրաձայն զրուցում են ու քննարկում օրվա անցուդարձը: Քանի որ մարմնավաճառների համար սեռական հարաբերություններ ունենալն արդեն ոչ թե զգայական հաճույք է, այլ օրվա հացի փող վաստակելու միջոց, հաճախորդներից ոմանք պատմում են, որ աղջիկները սեռական գործողությունից առաջ «ուռում» կամ ալկոհոլ են օգտագործում: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել