Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուանդայի օրինակով

Հունվար 20,2006 00:00

Ռուանդայի օրինակով Ռուբեն Թորոսյանը պատրաստվում է կեղծարարներին կանչել միջազգային տրիբունալ Երեկ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողովը հերթական անգամ ասուլիս էր հրավիրել՝ հանրաքվեի քվեարկության օրը, դրանից առաջ ու հետո տեղի ունեցած գործընթացներին համապարփակ գնահատական տալու համար: Այդ գնահատականներն, ըստ էության, ամփոփված էին հանձնաժողովի վերջնական զեկույցում, որը հրապարակվել է արդեն գրքույկի տեսքով՝ «Հանրաքվե 2005. հանցագործություն ընդդեմ ժողովրդի եւ ժողովրդավարության», եւ ներառում է հանրաքվեի ընթացքում արձանագրված բոլոր օրինախախտումների ու կեղծիքների փաստերը: Այս անգամ հանձնաժողովի համակարգող Ռուբեն Թորոսյանի կողմից հանրաքվեն կեղծելու կամ դրան նպաստելու մեջ մեղադրվող չինովնիկների շրջանակներն անհամեմատ ավելի մեծ էին, քան նախկինում, ու ընդգրկում էին արդեն միջազգային կառույցների պաշտոնյաներին: Այսպես, հանձնաժողովի կարծիքով, Եվրախորհրդի դիտորդական պատվիրակության զեկույցն ապակողմնորոշել է միջազգային հանրությանը եւ նպաստել հանրաքվեի արդյունքների կեղծմանը: Ռ. Թորոսյանը հավելեց, թե ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կեղծելու համար պատասխանատվության պետք է կանչվեն նաեւ ԵԽԽՎ նախագահը, տեղակալը, Նախարարների կոմիտեի նախագահը, Մոնիտորինգի խմբի ղեկավարը, Վենետիկի հանձնաժողովի փորձագետը, ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավարը եւ այն 14 դիտորդները, որոնք եղել են դիտորդական խմբի կազմում: Ինչ վերաբերում է հանրաքվեի արդյունքները կեղծած հայաստանյան չինովնիկներին, ապա բանախոսը պնդեց նախկինում արած իր հայտարարությունները եւ պահանջեց, որ առաջինը, իր ասելով, միջազգային այդ հանցագործության համար պատասխանատվության ենթարկվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 9 անդամներից 7-ը, որոնք «վճռական» դերակատարում են ունեցել հանրաքվեի բախտը որոշելու հարցում: Իհարկե, տեղական մակարդակի մեղավորների այս ցանկը միայն ԿԸՀ անդամներով չսահմանափակվեց: Ռ. Թորոսյանի համոզմամբ, պատասխանատվության պետք է ենթարկվեն նաեւ ՀՀ նախագահը, ԱԺ մեծամասնություն կազմող կոալիցիոն կուսակցությունները, դատական համակարգը՝ ի դեմս արդարադատության նախարարի, ընտրական բոլոր հանձնաժողովները, ՀՀ գլխավոր դատախազը եւ նրա տեղակալը: Հանձնաժողովը շարունակում է պնդել, որ 2005 թ. նոյեմբերի 27-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները հավաստի չեն եւ պետք է անվավեր ճանաչվեն նաեւ այն պատճառով, որ այդ արդյունքներն ամփոփվել են առանց դատարաններում քվեարկության հետ կապված բողոքները եւ հանրաքվեի նախապատրաստման ընթացքում տեղ գտած խախտումները հաշվի առնելու, եւ մտադիր է հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ռ. Թորոսյանը միաժամանակ հայտարարեց, որ հանրաքվեն ուղեկցվել է միջազգային իրավական նորմերի կոպիտ խախտումներով, եւ հանձնաժողովը մտադիր է նախաձեռնել «Հանցագործություն ընդդեմ ժողովրդի եւ ժողովրդավարության» խորագրով միջազգային տրիբունալի անցկացումը, ինչպիսիք եղել են, օրինակ՝ նախկին Հարավսլավիայի, Ռուանդայի, Իրաքի հետ կապված: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել